Լրահոս
Օրվա լրահոսը

Քծնանքի երկիր ենք դարձել

Հունիս 17,2010 00:00

Կարծում է Դավիթ Ամալյանը

Ամիսներ առաջ ամենուր երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի մենահամերգի մասին պաստառներ էին տեղադրված, սակայն համերգը չկայացավ: Դավիթ Ամալյանի խոսքով. «Հասկացա, որ պետք չէր համերգ այդ շրջանում»:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշտը խոսեց հասարակական-քաղաքական կյանքի մասին, քաղաքական աստառով արվեստի ու չկայացած հայկական շոու-բիզնեսի մասին:
«Մեր երգարվեստում ամեն ինչ ձեւական է: Ես այն մարդկանցից եմ, որ ձեւական բաներ չեն սիրում: Ինձ համար համերգները զուտ գումար աշխատելու միջոց չեն, այլ՝ պրոֆեսիոնալ աշխատանք: Այսօր ինձ համար մեկ է՝ այդ համերգների մասնակիցներն ովքեր են կամ ում կհանդիպեմ: Երբեմն շատ տհաճ հանդիպումներ էլ եմ ունենում: Որ հեռուստացույցով այսօրվա երգիչներին ցույց են տալիս, արագ շրջում եմ ալիքը: Մեզ մոտ ամեն ինչ կեղծ է՝ եթե կուլիսներում հանդիպում ես, ստիպված ես ասել՝ պրիվետ, ո՞նց ես: Ես դրանցից չեմ, ես չեմ ասում… Իսկ եթե խմած եմ լինում, ավելի կոպիտ եմ վարվում»,- ասում է Դ. Ամալյանը:
Նա նաեւ նշում է, որ իրեն հատուկենտ համերգների են հրավիրում՝ հայրենասիրական թեմատիկայով կամ, օրինակ, Բանակի օրվան նվիրված. «Ես, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Ռուբեն Հախվերդյանը առանձին ժանր ունենք՝ հայրենասիրական, որն այնքան էլ ընդունված չէ հանրության կողմից: Շատերը այդ բառն առանց հասկանալու արտաբերում են, ինչից ճնշումս բարձրանում է… Ի դեպ, երբ Բանակի օրվան նվիրված համերգի ժամանակ մի երգ կատարեցի ընկերներիս հետ, հաջորդ օրը, երբ ողջ համերգը պետք է եթերով ցուցադրեին, այդ համարը հանել էին: Հետաքրքրվեցի ռեժիսորից, պատասխանեց, որ տեղյակ չէ: Պատճառը ոչ ոքի հայտնի չէ: Երբ մի օր հանդիպեք համերգի կազմակերպիչներին՝ օսլայած մազերով եւ վերնաշապիկներով, հարցրեք, գուցե ձեզ ասեն պատճառները»:
Անդրադառնալով շոու-բիզնեսին, երգիչ, երգահանն ասաց. «Շոուն ձեւ է, բիզնեսը՝ գումար, միավորումը՝ շոու-բիզնեսի նպատակը չի երեւում: Ոմանք ոչինչ չարտահայտող դեմքով Սայաթ-Նովա են երգում… Շոու-բիզնեսի մարդկանց մեջ ես դիսկոմֆորտ եմ զգում: Նրանք ամեն ինչ անում են, որ սրա, նրա աչքը մտնեն… ես չեմ կարող, ես այդպիսին չեմ: Համերգներ դնելիս ասում են՝ ավելի աշխույժ երգեր… մեկն էլ ասում է՝ չե՛մ տեսնում ձեր ձեռքերը, հո քոռ չե՞ս…»:
Ըստ բանախոսի, մշակույթի ոլորտում հիմա այնպիսի իրավիճակ է, որ եթե վերնախավի աչքը չմտնես, չես կարող գործունեություն ծավալել՝ ճանապարհները փակ են. «Այսօր մեր երկիրը քծնանքով տառապում է։ Հերիք չէ՝ մենք իրար ենք քծնում, հիմա էլ գերտերություններին դուր գալու համար պարտավոր ենք արտաքին քաղաքականության մեջ քծնել: Բայց ի վերջո իշխանությունները կհասկանան, որ արվեստագետների մեջ կան ասելիք ունեցող մարդիկ, որոնց պետք է թույլ տալ համախմբվել ու նրանց առաջ ճանապարհը չփակել… Այսօր ես համոզված եմ, որ արտաքին քաղաքականության այդ «քոչվոր հզորներին» ուժեղ Հայաստան ձեռք չի տալիս, իսկ ուժեղ Հայաստանը սկսվում է մշակույթից»:
Արվեստագետի լռության սահմանի մասին էլ ասաց. «Կա մարդ, որ լռում է, քանի որ անտարբեր է, ասելիք չունի, մարդ էլ կա՝ լռում է, որովհետեւ դեռ չի հասունացել պահը, կամ էլ խոսելն այլեւս ոչինչ չի փոխի: Այսօր մտավորականության մոտ երկրորդ տարբերակն է: Երբ ընդվզումը ոչինչ չի փոխի, լռությունն ավելի լավ է: Բացի այդ, խնդիրների լուծման կոնկրետ եղանակներ չկան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել