Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐՈՊԱԿԱՆԻ ԵՎ ԱՍԻԱԿԱՆԻ ՄԻՋԵՎ»

Հունիս 17,2010 00:00

Այսպես բնորոշեց հայ թատրոնը լեհ հայտնի շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկին

\"\"
Յան Չոլ Կիմ

\"\"\"\"
Սավաս Բաչալիտիսը եւ Անջեյ Ժուրովսկին:

Հաճախ մեր մտավորականները գլուխ են գովում, որ երբ ուրիշները դեռ ծառերի վրա էին, հայերը թատրոն ունեին: Այո, հայկական թատրոնը ավելի քան 2000 տարվա պատմություն ունի: Հույն պատմիչ Պլուտարքոսն էլ վկայում է, որ մ.թ.ա. 53 թ. Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիները», եւ որ հայոց Արտավազդ թագավորը գրել է ողբերգություններ: Այսօր էլ Հայաստանում ծնվում են հաջողված ներկայացումներ, բայց հազվադեպ է պատահում, որ դրանց մասին օտարները խոսեն:
Հայաստանի թատերական գործիչների միությունը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ, նպատակներից մեկն էլ՝ հայ թատրոնը «դրսում» ճանաչելի դարձնելն է: Հունիսի 15-25-ը անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի հերթական համաժողովը: Աշխարհի 30 երկրից շուրջ 65 թատերագետներ ու թատերական լրագրողներ են ժամանել Հայաստան ոչ միայն քննարկելու ժամանակակից համաշխարհային թատրոնին վերաբերող խնդիրները, այլեւ դիտելու հայաստանյան հաջողված ներկայացումները: Հետագայում յուրաքանչյուն իր երկրում հանդես կգա հայ թատրոնին նվիրված որեւէ վերլուծական հոդվածով:
«Առավոտը» զրուցեց նրանցից մի քանիսի հետ:
Գդանսկի խոշորագույն Շեքսպիրյան փառատոնի նախագահ, լեհ շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկին մեզ հետ զրույցում կարեւորեց կոնգրեսի աշխատանքները ոչ միայն թատերագետների, այլեւ հենց Հայաստանի համար. «Ես գիտեմ հայկական թատրոնը, բազմիցս եղել եմ Հայաստանում: Մտածում եմ, որ այս հավաքը հրաշալի առիթ է, որպեսզի միջազգային թատերագետները իրականում ծանոթանան հայկական թատրոնին, մանավանդ՝ շատերը տեղեկություններ ունեն միայն գրքերից: Մի քանի րոպե առաջ ես խոսում էի նյույորքցի գործընկերոջս հետ ու ասում, որ հայկական թատրոնի մասին ամսագրի իդեալական համար կարելի է տպել: ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ էլ խոսում էինք, որ հայ թատրոնի մասին «դրսի» քննադատների հոդվածների ժողովածու տպագրվի»: «Առավոտի» հարցին՝ հայկական թատրոնն ի՞նչ տեղ է զբաղեցում համաշխարհային թատերական քարտեզի վրա, պարոն Ժուրովսկին այսպես պատասխանեց. «Ես ամենախոշոր շեքսպիրյան փառատոնի նախագահն եմ եւ արդեն քանի տարի է համագործակցում եմ ձեր նույնանուն փառատոնի հետ, դիտել եմ բազմաթիվ ներկայացումներ: Այսօրվա հյուրերից երեւի ավելի տեղեկացված եմ հայկական թատրոնի մասին: Չեմ կարծում, թե ձեր թատրոնը աշխարհի լավագույն թատրոններից է, այն եվրոպականի եւ ասիականի միջեւ ընկած մի բան է»:
Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի նախագահ Յան Չոլ Կիմից (Կորեա) էլ հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն են տպավորությունները կոնգրեսի աշխատանքի եւ Հայաստանի մասին: «Մենք բոլորս քննադատներ ենք, եւ մեր աշխատանքն է գրել թատրոնի մասին: Այստեղ կմնանք մեկ շաբաթ եւ շատ բան «կպեղենք» հայկական թատրոնից: Հայաստանում են մասնագետներ՝ 30 երկրից, ինչը նշանակում է, որ հայկական թատրոնի մասին կգրեն 30 երկրում: Սա եւս մի ձեւ է, որով հայկական թատրոնը կմիջազգայնացվի: Մեզ համար հաճելի է ձեր երկրում լինել, իմ առաջին այցելությունն է: Հակոբ Ղազանչյանի հետ տարիներ առաջ եմ հանդիպել տարբեր փառատոների ժամանակ, հետո անընդհատ նամակագրական կապի մեջ ենք եղել: Առայժմ տեսել եմ մեկ ներկայացում՝ Արմեն Էլբակյանի «Մուսա լեռան 40 օրը»՝ ըստ Վերֆելի: Չեմ կարծում, որ միայն այդ ներկայացումը եւ այս հյուրանոցը, որտեղ թատերագետներս հավաքված ենք, ներկայացնում են ողջ Հայաստանը: Եկեք հանդիպենք մեկ շաբաթից եւ ես ձեզ ավելին կասեմ»,- ասաց անվանի թատերագետը: Հարցրինք՝ Կորեայում նահանջ կա՞ լուրջ արժեքներից, թատրոն այցելողները չե՞ն պակասել: «Կորեան գլոբալիզացված երկիր է, միջազգային փորձի փոխանակումը նույնիսկ օրական է կատարվում: Մեզ մոտ կան եւ եվրոպական, եւ ասիական տիպի թատրոններ, փորձի փոխանակումն ու գլոբալիզացումը ազդել են թատերարվեստի վրա: Խաղալու ավանդական տեխնիկան անպայման համապատասխանեցնում ենք ժամանակակից թատրոնի պահանջներին»,- նշեց զրուցակիցս:
Սավաս Բաչալիտիսը Հունաստանից է, ժամանակակից թատրոն է դասավանդում Սալոնիկի Արիստոտելի համալսարանում: Նա «Առավոտին» հայտնեց, որ տպավորված է թատերագետների այս հանդիպմամբ: Մեր հարցին՝ իր երկրում երիտասարդնե՞րն են ավելի շատ թատրոն հաճախում, թե՞ միջին եւ ավագ սերունդը: Բաչալիտիսը նշեց, որ երիտասարդներին թատրոն բերելու խնդիր ունեն, ինքն էլ իր ուսանողներին միշտ խորհուրդ է տալիս. «Քի՛չ խմեք սուրճ, հաճա՛խ գնացեք թատրոն»: Նա նաեւ ասում է, որ գերադասում է թատերագիտական հոդվածները տեղադրել բլոգներում, քան տպագրել թերթերում, որովհետեւ հույն երիտասարդները գերադասում են ոչ թե տպագիր թերթեր ընթերցել, այլ կարդալ մոնիտորի վրա:
Երեւանի մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքով, Հայաստանին ոչինչ չեն տա սկսված քննարկումները, բայց հայկական թատերական աշխարհը «պետք է որոշի՝ արդյոք իրեն պե՞տք է թատրոն: Երբ ինչ-որ բան ուզում ես, որ լինի, լինում է… եթե մեր երկրին պետք լինի՝ նորմալ թատրոն ունենանք, կունենանք»: Նա նաեւ կարեւորեց այն, որ դրսի թատերագետների հոդվածների ժողովածու է հրատարակվելու Հայաստանում՝ հայ թատրոնի մասին. «Դա կդառնա այս ժամանակի թատրոնի տարեգրությունը, արխիվային նյութ՝ սերունդների համար: Որովհետեւ թատրոնը ժամանակային արվեստ է, ծնվում եւ մահանում է, չի կարող կինոյի պես հավերժ ապրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել