Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՐԴՈՂԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԱՄՆ-ԻՆ

Հունիս 17,2010 00:00

ՄԱԿ-ը պատրաստ է Գազայի հատված հասցնել մայիսի 31-ին «Ազատության նավատորմից» Իսրայելի զինվորականների կողմից առգրավված մարդասիրական օգնությունը: News.am-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի հատուկ համակարգող Ռոբերտ Սերին: Նա տեղեկացրել է, որ Իսրայելը նույնպես համաձայնել է իրենց տրամադրել մարդասիրական օգնությունը: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Գազայի հատված ուղեւորվող «Ազատության նավատորմի» վրա իսրայելցի զինվորականների հարձակման հետեւանքով 9 մարդ զոհվեց: Նույն աղբյուրի մատուցմամբ, այդ իրադարձություններին անդրադառնալով՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունում երեքշաբթի երեկոյան ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Միացյալ Նահանգները երկակի չափորոշիչներ է կիրառում Մերձավոր Արեւելքում:
«Ֆրանսպրես» գործակալության հաղորդմամբ, դիմելով պաշտոնական Վաշինգտոնին՝ Էրդողանն ասել է. «Դուք խոսում եք ժողովրդավարությունից, հետո նույն ժողովրդավարությանը հակասող քայլեր ձեռնարկում: Երբ պետք է՝ աջակցում եք բռնապետական վարչախմբերին, իսկ երբ դա բխում է ձեր շահերից՝ խոսում եք ժողովրդավարությունից»: Էրդողանը միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ն, այդուամենայնիվ, շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական եւ վաղեմի դաշնակիցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները՝ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը եւ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, դժգոհություն էին հայտնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թուրքիայի որդեգրած քաղաքականության վերաբերյալ: Ավելին, Պենտագոնի ղեկավարը կարծիք էր հայտնել, թե Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխության համար որոշ չափով պատասխանատվություն է կրում նաեւ Եվրոպան. «Թուրքիան շրջվել է դեպի Արեւելք նաեւ այն պատճառով, որ Եվրամիության որոշ անդամներ դեմ են արտահայտվում այդ երկրի անդամակցությանը»: Թուրքիայի իշխանությունները, սակայն, հերքում են արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին հայտարարությունները: «Արեւմուտքից դեպի Արեւելք շրջվելը ո՛չ հնարավոր է եւ ո՛չ էլ ճիշտ Թուրքիայի համար: Թուրքիան չի փոխում իր արտաքին քաղաքականության կուրսը: Թուրքիան այն ընդլայնում է: Անկարան գործում է իր սեփական եւ ոչ թե ուրիշների շահերից ելնելով: Որեւէ երկիր չի կարող մեզ իր օրակարգը թելադրել»,- երեքշաբթի երեկոյան հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել