Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային Կորեան սպառնացել է ՄԱԿ-ին

Հունիս 17,2010 00:00

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները զգուշացրել են, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտին հարավկորեական նավի խորտակման առնչությամբ Փխենյանի դեմ միջոցներ ձեռնարկելու որոշում ընդունի, երկրի զինված ուժերը գործի կդրվեն: Թե ինչպես կարող է արտահայտվել զինուժի գործադրումը՝ ԿԺԴՀ-ն չի մանրամասնել:
ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչ  Սին Սոն-Խոն, որը շատ հազվադեպ է ասուլիսներ հրավիրում, BBC-ի մատուցմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պահանջել է Փխենյանին հնարավորություն տալ մասնագետների մակարդակով մասնակցել հարավկորեական «Չխոնան» պարեկային նավի խորտակման պատճառների հետաքննությանը: Նախօրեին երկու Կորեաները ՄԱԿ-ում արդեն ներկայացրել են նավի խորտակման իրենց վարկածները: ԱՄՆ-ն Փխենյանի՝ ռազմական ուժերը գործի դնելու մասին հայտարարությունը որակել է որպես «մարտահրավեր նետող վարքագիծ»: «Մենք հույս ունենք, որ Հյուսիսային Կորեան կհասկանա, որ անթույլատրելի է իրեն այդպես պահել եւ կդադարեցնի իր ռազմական հռետորաբանությամբ արվող հարձակումները: Մենք չէինք ցանկանա, որ Կորեական թերակղզում առկա լարվածությունն ահագնանա»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ֆիլիպ Քրոուլին:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին հարավկորեական պարեկային նավի խորտակման արդյունքում 46 նավաստի է զոհվել, եւ Սեուլը որպես դրա պատասխանատու մատնացույց է անում Փխենյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել