Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեստագիրների վիզը չե՛նք կտրի»

Հունիս 17,2010 00:00

\"\"Հայտարարում է ԳԹԿ խորհրդի նախագահ
Մանուկ Մկրտչյանը

ԿԳ փոխնախարար, բողոքարկման հանձնաժողովի նախագահ Մանուկ Մկրտչյանը երեկվա ասուլիսում հերքեց, որ նախօրեին մաթեմատիկայի միասնական քննակենտրոնում 15 րոպե շուտ դիմորդների ձեռքից խլել են առաջադրանքները, ինչը ծնողների ու ոստիկանների միջեւ ծեծկռտուքի պատճառ է դարձել. «Նման բան չի եղել, մի դիմորդ խնդրել է եւս մի քանի հավելյալ րոպե տրամադրել աշխատանքը ավարտելու համար, բայց, չարաշահելով հսկիչների բարությունը, սկսել է այլ դիմորդներից հարցնել պատասխանները: Եվ երբ նրանից վերցրել են աշխատանքը, դուրս է եկել ու ծնողին իրավիճակն այլ կերպ ներկայացրել, ծնողն էլ գնացել է պարզաբանում ստանալու, մի քանի ծնողներ էլ, մտածելով, թե ինչ-որ լուրջ բան է պատահել, միացել են նրան»: Պարոն Մկրտչյանի խոսքով, չափազանցություն է, թե այս տարի քննական շրջանն ավելի լարված է ընթանում. «Նախորդ տարի ավելի լարված էր, բողոքների քանակը՝ ավելի շատ»:
Փոխնախարարը, անդրադառնալով հայոց լեզու եւ գրականություն առարկաների քննության գնահատականների հնարավոր բարձրացմանը, ասաց, որ վերջնական արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 23-ից հետո՝ միասնական քննությունների ավարտին. «Հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության գնահատականների բարձրացումը վերաբերում է թեստերում ընդգրկված 3-4 առաջադրանքներին: Ավելորդ հույսեր մի՛ փայփայեք»:
Պարոն Մկրտչյանին զայրացրեց լրագրողների այն հարցը, թե թեստագիրները կպատժվե՞ն իրենց թույլ տված սխալների ու խուճապ ստեղծող երկձեւությունների համար: «Մեր նպատակը պատժե՞լն է այդ մարդկանց: Դե ուրեմն ասեմ, որ պատժելու ձեւերից մեկն այն է, որ մարդը հասարակության առաջ ընդունում է իր սխալը, 2-րդ ձեւն էլ այն է, որ այդ հարցերում այլեւս երբեք չես դիմում նրան, չենք տանում-նստեցնում, վիզը կտրում, պարզապես էլ չենք դիմում»: Պարոն Մկրտչյանը ասաց, թե ընդառաջելով հասարակության արդարացի պահանջին, նախորդ տարվա թեստագիրներ Յուրա Ավետիսյանին եւ Սեյրան Գրիգորյանին այս տարի չդիմեցին. «Տիկին Աշխենն ու Փառանձեմը երկար տարիներ գործ են ունեցել թեստ գրելու հետ, հասարակության պահանջով նրանց դիմեցինք, հիմա ինչ՝ պատասխանատվությա՞ն ենթարկենք, հանցագործությո՞ւն են արել»: Փոխնախարարին հարցրին՝ տեղյա՞կ է, որ Փ. Մեյթիխանյանը ամենակաշառակեր դասախոսների ցուցակի առաջատարներից էր: «Այո՛, լսել եմ, դրանից իմ կարծիքը նրա մասին չի փոխվել»,- հնչեց պատասխանը: Լրագրողները պարոն փոխնախարարից հետաքրքրվեցին՝ ովքե՞ր են հայոց լեզու եւ գրականություն առարկայից 20 միավոր ստացած երկու երջանիկները, գուցե նրանք մյուս դիմորդների համար վարպետության դաս կամ փորձի փոխանակո՞ւմ կազմակերպեն: «Ցուցակը կախված է, գնացեք ու ինքներդ տեսեք: Ինչ վերաբերում է վարպետության դասերին, քննություններից հետո կարելի է դրանով զբաղվել»,-կես կատակ-կես լուրջ ասաց Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել