Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱ՛Տ ԲԱՆ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ»

Հունիս 17,2010 00:00

«Էքստեռնիկներ» «թողարկած» դպրոցի տնօրենները «չորով» հրաժարվում են

Կրթության եւ գիտության նախարարությունը օրերս «սյուրպրիզ» մատուցեց որոշ դպրոցների եւ դիմորդների՝ հայտարարելով, որ ԿԳՆ կրթության պետական տեսչությունը բացահայտել է անօրինական «թռիչքների» դեպքեր: Այնինչ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով, 2009-2010 ուստարում էքստեռն կարգով փոխադրումներն արգելված են: Բայց արի ու տես, որ մի շարք դպրոցների տնօրեններ, «թքած ունենալով» նախարարի հրամանի վրա, գործարքի մեջ են մտել ծնողների հետ: Հենց այդ պատճառով էլ միասնական քննությունների ընթացքում 39 անօրինական «էքստեռնիկներ» հրապարակավ դուրս հրավիրվեցին քննակենտրոններից: Սա մեկնաբանվեց նաեւ որպես ԳԹԿ-ԿԳՆ անհամաձայնության արդյունք, պատճառաբանվելով, թե քանի որ ԳԹԿ-ն այլեւս նախարարության կազմում չի գործում, ուստի 2 կառույցներն անցել են միմյանց վրա գործ սարքելու եւ կեղտ բռնելու քաղաքականությանը: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ էքստեռն կարգով «թռիչքներ» էին անում հիմնականում Հայաստանում «հայտնի» մարդկանց՝ պատգամավորների, գործարարների զավակներ, եւ այդ թռիչքներն «արժենում» էին կլորիկ գումարներ, որոնցից անմասն չէին մնում նաեւ ԿԳՆ-ն ու մարզային իշխանությունները:
Այժմ նախարարությունն «ընկել» է դպրոցների հետեւից, նախարար Ա. Աշոտյանը հայտարարեց, որ օրինախախտ տնօրեններն ազատվելու են աշխատանքից, Կրթության պետական տեսչության պետի փոխանցմամբ էլ այս տարվա «մասով» 53 դեպք ուղարկվել է դատախազություն: Բայց Կրթության պետական տեսչությունը մինչ այժմ համառորեն չի հրապարակում այն դպրոցների ցանկը, որտեղ հայտնաբերվել են «էքստեռնիկներ», այնինչ, «Առավոտի» տեղեկություններով՝ այդ ցանկում են Երեւանի թիվ 195, 97 դպրոցները, Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5, Երասխավան, Սարդարապատ գյուղերի դպրոցները, Պտղունք գյուղի Տիգրան Մեծի անվան, Քարակերտ գյուղի թիվ 2 եւ այլ դպրոցներ: Մեր տեղեկություններով, կախված դպրոցից, անօրինական էքստեռն փոխադրումը կատարվել է $2000-3000-ով:
«Սեւ ցուցակում» հայտնված Երեւանի մի քանի դպրոցների տնօրեններ «չորով» հրաժարվեցին ընդունել, թե իրենց դպրոցներում անօրինականություն է կատարվել ու «էքստեռնիկներ» են «թողարկվել»: Թիվ 97 դպրոցի տնօրեն Հակոբ Խրիմյանը մեզ սիրալիր, սակայն բավականին հուզված դիմավորեց: Այնքան հուզված, որ գործավարուհու՝ տեղում չլինելու պատճառով չկարողացավ ցույց տալ այն ծնողների դիմումները, որոնք ցանկացել են իրենց երեխաներին 2009-ի նոյեմբերին դպրոցից տեղափոխել: Պարոն Խրիմյանն ասաց. «Թիվ 97 միջնակարգ դպրոցում «էքստեռնիկ» աշակերտ չկա: Միայն յոթ 11-րդ դասարանի երեխա նոյեմբերին, ծնողների դիմումների համաձայն՝ տեղափոխվել է դպրոցից, որոնց ծնողների դիմումներն այժմ Կրթության պետական տեսչությունում եւ Երեւանի քաղաքապետարանում են: Բացառվում է. իմ մոտից ոչ մի աշակերտ ատեստատ չի ստանա, կստանան միայն այն աշակերտները, որոնք ավարտել են 11-րդ դասարանը, մասնակցել բոլոր միասնական քննություններին»: Կրթության պետական տեսչության հայտարարությունների մասին նշեց. «Շատ բան են հայտարարում: Եթե դատախազությունը զբաղվի, այն ժամանակ կխոսենք»: Իսկ ծնողների հետ գործարքի մեջ մտնելու մասին էլ տնօրենն ասաց, թե դա աբսուրդ է:
Թիվ 195 դպրոցի տնօրեն Ալիկ Վահրամյանը եւս պնդում էր, որ նման բան չկա. «Մտահոգված եմ, թե ինչու են նման խոսակցություններ պտտվում մեր դպրոցի շուրջ, չկա այդպիսի բան: Փետրվարից կրթության տեսչությունը մեր դպրոցում ստուգումներ է իրականացնում. գուցե փաստաթղթային թերություններ հայտնաբերված լինեն, բայց ոչ թռիչքներ: 1000, 3000, թե 5000 դոլարն ի՞նչ կապ ունի, երեխան պիտի դպրոցն ավարտի, որ ատեստատ տան»:

Հ. Գ. ՀՀ ոստիկանությունից երեկ պաշտոնապես տեղեկացրին, որ Շենգավիթ համայնքի թիվ 79 դպրոցի տնօրեն Արամ Սարգսյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ավարտական քննական արձանագրություններում եւ 9-րդ դասարանների դասամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ գրառումներ է մտցրել, առանց կրթություն ստանալու եւ ավարտական քննություններ հանձնելու՝ դպրոցում ապօրինի հաշվառված 53 աշակերտների անվամբ կազմել եւ հանձնել է հիմնական կրթության կեղծ վկայականներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել