Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ՝ ԼՂՀ-Ո՞ՒՄ

Հունիս 17,2010 00:00

Ռուսական «Նաշա վերսիա» պարբերականը, հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության իր աղբյուրին, գրում է, որ հնարավոր է՝  առաջիկա ամիսներին ռուսական խաղաղապահ զորքերը տեղակայվեն ղարաբաղյան հակամարտության գոտում: Հոդվածում ընդգծվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն այս տարի արդեն երկու անգամ եղել է Մոսկվայում՝ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի տեղակայման հարցը: «Bakililar.az»-ի մատուցմամբ էլ՝ սույն տեղեկությունն իբր հաստատել են ադրբեջանցի պատգամավորները՝ դրա հետ կապելով Ադրբեջանի խորհրդարանի կողմից ռազմական հայեցակարգի հապճեպ ընդունումը: Կայքը տեղեկացնում է նաեւ, որ Անկարան դիվանագիտական խողովակներով Բաքվին է փոխանցել, թե ԼՂ-ում ռուսական զորքերի հայտնվելու դեպքում թուրքական ստորաբաժանումներն անհապաղ կմտնեն Նախիջեւան: Դրա հավանականությունը հաստատել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Հասանովը. «Եթե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական-ռազմավարական համագործակցություն կա, ապա ինչո՞ւ այն չպետք է լինի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ»: Երեկ ի պատասխան ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝ ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական վարչության ղեկավար Սեյրան Շահսուվարյանն էլ հայտարարել է. «Պաշտոնական ոչ մի այդպիսի հայտարարություն չկա: Այդ հայտարարությունը դուրս է սփռվել «Վեստի.ռու»-ից: Եթե այդպիսի որոշում լինի, առնվազն Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է այն հայտարարի: Դա ՊՆ-ի որոշելու խնդիր չէ, դա քաղաքական խնդիր է: Խաղաղապահ զորքեր ուղարկելու համար պետք է իրենց Դուման համաձայնություն տա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել