Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԸ, Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԸ

Հունիս 17,2010 00:00

«Լեզուի մասին» եւ «Հանրակրթութեան մասին» օրէնքներում փոփոխութիւններ կատարելու առաջարկը այն փորձաքարն է, որով պիտի որոշուի հանրապետութեան նախագահի խոստումներին հաւատարիմ հետեւելու պատրաստակամութիւնն ու դրանց իրականացման վճռականութիւնը: Իսկ նախագահը խոստացել էր (նախընտրական ծրագրում) պետական քաղաքականութիւն հռչակել հայապահպանութիւնը, ինչը նախ եւ առաջ նշանակում է լեզուապահպանում, ապա նաեւ մշակոյթի, հաւատի եւ ընտանիքի պահպանութիւն, կոչելով դա որպէս վերադարձ դէպի արմատները, իսկ սփիւռքի համար՝ որպէս ոգեկան հայրենադարձութիւն: Մինչդեռ, ռուսական կրթութեամբ բժիշկ, կրթութեան ու գիտութեան նախարար Աշոտեանի եւ ռուսական կրթութեամբ վարչապետի կարծիքներով, ազգը պէտք է իր սեփական համազգային խնդիրները լուծի օտար լեզուով կրթութիւն ստացածների միջոցով, որոնք, ի խախտումն սահմանադրութեան (ըստ որի Հայաստանում կրթութիւնն իրականացվում է միայն հայերէնով), «կը կրթուեն» նախարարի առաջարկած օտարալեզու դպրոցներում. հետեւաբար, ենթադրելի է, որ այդուհետեւ, վարչապետի կամ նախարարի պաշտօնի յաւակնող «ազգային փրկիչներ» կարող են լինել միայն էլիտար օտարալեզու մասնաւոր դպրոցների շրջանաւարտները, օրինակ՝ իրենց պէս ռուսական կրթութիւն ունեցող «բազմակողմանի զարգացածները»: Կարելի է պատկերացնել, թէ որքանով ՀԱՅ կարող են լինել հայերէնով կրթութիւն չունեցողները:
Յարգելի ղեկավարներ, փոխանակ օտարալեզու դպրոցներ բացելու, հասէք այն բանին, որ հայկական միջնակարգ դպրոցն աւարտողը հայկական դպրոցի ծրագրով նախատեսուած «օտար լեզու» առարկան տիրապետի այնքան, որ կարողանայ ընդունուել օտար լեզուի որեւէ բարձրագոյն ուսումնական հաստատութիւն (բուհ)՝ Բրիւսովի անուան կամ Սլաւոնական համալսարանները (ռուսերէնի համար), Ֆրանսիական, Եվրոպական, Ամերիկեան համալսարանները, ճիշտ այնպէս, ինչպէս դպրոցի ստացած գիտելիքներով բուհ են ընդունւում՝ քիմիայի ու ֆիզիկայի կամ մաթեմատիկայի ու կենսաբանութեան գծով մասնագէտներ դառնալու համար, առանց պահանջելու յատուկ քիմիական կամ կենսաբանական դպրոցների ստեղծում: Հայերէն կրթութեամբ շատ սերունդներ դարձել եւ դեռ դառնալու են զարգացած եւ ազգին պիտանի մասնագէտներ: Դրա համար մտածէք բարձրացնել դպրոցի մակարդակը այնպիսի աստիճանի, որ հայերէնի իմացութեան մակարդակը 10 միաւորանոց սանդղակում չլինի 3,5 միաւոր, ինչն այսօրուայ մակարդակն է: Եւ փոխանակ կրթական համակարգում արմատական բարելաւում նախաձեռնելու, դպրոցը որակաւորուած մանկավարժական հիմնակազմով (կադրերով) ապահովելու, համակարգից կոռուպցիա կոչուած փտախտը վերացնելուն ուղղուած միջոցներ մշակելու, որոշել էք «ապացուցել», թէ միայն օտարախօս կադրերը կարող են լուծել նախագահի առաջադրած՝ հայապահպանութեան պետական-համազգային քաղաքականութեան իրականացումը, չանդրադառնալով, որ հայկական օտարասիրութիւնից (կոմունիստների ասած՝ ինտերնացիոնալիզմից) մինչեւ օտարամոլութիւն՝ մէկ քայլ է միայն, իսկ մեր դէպքում՝ թերեւս կէս քայլ:
Որքանո՞վ է գիտակցուած այս առաջարկութեան բերելիք յետագայ ճակատագրական աղէտը, մանաւանդ որ՝
Ա-Առանց այն էլ երկփեղկուած եւ հակադրուած հասարակութիւնում վտանգաւոր է աւելացնել նոր բեւեռացում՝ արտօնեալ էլիտար օտարալեզու ուսում ստացողների ծնողների եւ «շարքային» դպրոց գնացողների՝ հազիւ ապրուստ հայթայթող ծնողների միջեւ, իսկ յետագայում՝ նաեւ շրջանաւարտ երիտասարդների միջեւ:
Բ-Հաւանաբար օտար գերիշխող լեզուն լինելու է ռուսերէնը եւ անկախ այն բանից, ռուսական դպրոցների բացումը ո՞ր կողմի նախաձեռնութիւնն է, հասարակ խաւի մէջ առաջ է բերելու ճեղքուածք եւ թշնամութիւն՝ հայ-ռուս աւանդական համարուող յարաբերութիւնների մտապատկերում:
Գ-Կասկած չկայ, որ այդ օտարալեզու դպրոցները գնալով գերակշռելու են հայկականներին (իրաւունք ունենք ասելու՝ տառապանքս փորձ ունի): Եւ անկասկած է նաեւ, որ այդ դպրոցների ծրագրերն ու դասագրքերը կը մատակարարուեն եւ կը ֆինանսաւորուեն այդ լեզուի երկրի կողմից, ինչի թաքուն յոյսն ունեն, երեւի թէ, վարչապետն ու նախարարը, իսկ շրջանաւարտները, անտարակոյս, չեն ունենայ հայեցի դաստիարակութիւն, անտեղեակ լինելով ազգային արժէքներին: Դրա փոխարէն «զարգացած» եւ քաջատեղեակ կը լինեն տուեալ օտարի պատմութեանն ու մշակոյթին: Այդպիսով ազգը կը կորցնի իր մշակութային շարունակականութիւնը կրողներին:
Դ-Հարուածի տակ է դրուելու նախագահի հռչակած «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» գաղափարախօսութեան դոկտրինան, նաեւ հայրենիք-սփիւռք մերձեցումներով, համազգային արժէքներով հզօր պետութիւն կերտելու տեսլականը: Արդարեւ, սփիւռքին կոչ ենք անում միանալով եւ մերձենալով հայրենիքին՝ չձուլուել օտարի հետ, բայց ինքներս ենք որոշում նետուել օտարի գիրկը: Այդ դէպքում հայութեան 2/3 մասը կազմող սփիւռքը իր գոյութեան, հայապահպանման համար որպէս յենարան եւ օրինակ համարելո՞ւ է ռուսացած կամ անգլիական ցուցափեղկերով եւ տեղի-անտեղի օտար բառերով ու ժարգոնային խօսակցութեամբ յեղեղուած հայրենիքը, ուր գրական լեզուով չեն խօսում նոյնիսկ ղեկավարները: Հետեւաբար, յուսացեալ, բայց յուսախաբ սփիւռքահայը կը համաձայնի՞ նիւթապէս օգնել Համահայկական հիմնադրամին՝ հայապահպանութեան միջնաբերդ հայրենիքում յանուն ուրիշի շահերի լեզուն օտարելու ծրագրին եւ մայրենիի կանխատեսուող ուծացմանը ի տես, ինչպէս որ արդէն կառուցուող գազային տնտեսութեան ցանցերը, ռազմավարական օբյեկտները կամ փոխադրամիջոցները յանձնւում են ուրիշներին: Եւ ինչո՞ւ երկու չափ ու կշեռք՝ մի կողմից սփիւռքի դպրոցներում հայերէնի ուսուցումը բարելաւելու նպատակով համահայկական գիտաժողովի կազմակերպում՝ սփիւռքի նախարարութեան գովելի նախաձեռնութեամբ, եւ միաժամանակ միւս կողմից օտարալեզու ուսուցման առաջարկ՝ կրթութեան ու գիտութեան նախարարութեան նախաձեռնութեամբ:
Լեզուն պետութեան խորհրդանիշներից եւ պետականութեան կայացման որոշիչ յատկանիշներից (ատրիբուտներից) ամենակարեւորն է: Դա է պատճառը, որ 20 դար անհայրենիք հրեաների նորաստեղծ Իսրայէլի կառավարութիւնը որոշեց իր ժողովրդին ուսուցել մոռացուած ու գործածութիւնից դուրս մնացած հին եբրայական լեզուն, փոխարինելու համար ամենուրեք օգտագործուող Իդիշ (հին գերմաներէն) լեզուին: Ֆրանսիացիները հետամուտ են իրենց լեզուն պահպանել ու տարածել այլ երկրներում (ֆրանկոֆոնիա): Նոյնն են արել ռուսները ԽՍՀՄ-ում եւ ընկերվարական (սոցիալիստական) ճամբարի երկրներում: ԱՄՆ-ում իսպանախօս եւ աֆրո-ասիական ժողովուրդների թուաքանակի աճի սպառնալիքի տակ, մօտ անցեալում կառավարութիւնը որոշեց սրբագրել նախորդների բացթողումը, իրենց Սահմանադրութեան մէջ աւելացնելով պաշտօնական լեզուն անգլերէնը հռչակելու մասին լրացումը:
Հայերէնը հազարամեակներով իր ծառայութիւնն է մատուցել քաղաքակիրթ աշխարհին, ինչը խոստովանում են նոյնիսկ օտարները. նրանց ասոյթները կը ներկայացուին յաջորդիւ. հիմա մեր «նորարարներին» յիշեցնենք միայն, որ 5-րդ դարում Խորենացուն՝ նրա «Հայոց Պատմութեան» գրքի համար հայ Հերոդոտոս, Տիեզերահռչակ պատմահայր կոչելու առթիւ Գուտշմիտն ասել է. «Հայերը, եթէ փոքր-ինչ սնափառութիւն ունեն, իրաւունք ունեն այսպէս կոչելու նրան. նա արեւելեան ազգերի պատմական գրականութեան մէջ իր հնութեամբ առաջիններից մէկն է՝ Սուրբ Գրքից յետոյ»: Կամ՝ 18-րդ դարում Մխիթարեան հայագէտների կազմած «Հայկազեան բառարանը» ճանաչուել է լեզուագիտական աշխարհում իր բնոյթով ու համաշխարհային մակարդակով եզակի յուշարձան: Հնդեւրոպական լեզուների գիտակ Անթուան Մէյէն ասել է.
«…Հայերէնը ոչ միայն կը հաւասարի եվրոպական լեզուներու, հապա կը գերազանցէ զանոնք: Ոճի տեսակէտով հնդեւրոպական ոչ մէկ լեզու չի գերազանցէր հայերէնը, նոյնիսկ չի հաւասարիր անոր» (հնդեվրոպական հիմքի լեզուներով այսօր խօսում են 81 երկրներում): Ֆրանսիացի լեզուաբան Ֆրէդէրիկ Ֆէյդին վկայում է. «…Իմ գիտցած լեզուների մէջ հայերէնը բացառիկ է… նախ որպէս զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաեւ՝ իր ճկունութեամբ, նոր բառեր կազմելու դիւրութիւններով»: Եւ վերջապէս նոյն Ֆրէդէրիկ Ֆէյդին եւ ամերիկացի լեզուաբան Սոլթէքսը ՄԱԿ-ի համար որպէս միջազգային լեզու առաջարկելու առթիւ ներկայացրել են. «Մենք վստահ ենք, որ բառերու ճշգրիտ իմաստը տուող լեզու մը որ կայ՝ հայերէնն է եւ կ՛առաջարկենք որ անոր տրուի նախապատւութիւնը, փոխանակ Էսփերանթօ-ին»: Տարբեր ազգերի մեծեր՝ տարբեր ասոյթներով լեզուն նոյնացրել են հայրենիքի հետ: Վարպետը՝ իմաստուն եւ փիլիսոփայ բանաստեղծ Ավետիք Իսահակեանը նոյնպէս ասել է՝ հայոց լեզու՝ նշանակում է Հայաստան: Մի քանի տասնամեակ յետոյ, եթէ Հայաստանի բնակչութեան չափ հայերը, որոնք ապրում են Ռուսաստանում, դառնան լրիւ ռուսախօս, իսկ Հայաստանում կ՛իշխեն հայոց լեզուն միայն աւագ սերունդի յուշ եւ շուկայի լեզու դարձնող ռուսախօս էլիտարները, եւ սփիւռքահայն էլ զրկուելով հենարանից՝ հայալեզու հայրենիքից, ձուլման ենթարկուի, այն ժամանակ արդէն կ՛ասենք՝ մահացող հայոց լեզու՝ նշանակում է մահացող Հայաստան (Աստուած, մի՛ արասցէ): Ներկայումս արդէն ունենք մահացած–դա գրողների միութիւնն է:
Մեզ մնում է սպասել, թէ աւելի քան 2700 մայր լեզուների մէջ հինգից մէկը համարուող հայերէնի նկատմամբ լեզուական ինչ որոշում կ՛ընդունեն կրթութեան նախարար, բժիշկ Աշոտեանն ու վարչապետ, տնտեսագէտ Տ. Սարգսեանը: Ետ կը վերցնե՞ն ժողովրդականութիւն չվայելող ապազգային որոշումը, թէ՞ գործի կը դնեն Ազգային ժողովի քուէարկութեան մեքենան:

Նկատենք, որ հունիսի 9-ին տեղեկացանք, որ ՀՀ նախագահը, այդուհանդերձ, դրական է արտահայտվել այս նախաձեռնության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել