Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը չի կատարում դատարանի վճիռը

Հունիս 17,2010 00:00

«Որտեղի՞ց այսքան թշնամանք իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ», հարցնում է աշխատանքից ազատված տնօրենը

\"\"
Կովալենկո Շահգալդյանը Աբգար Գյուլումյանին աշխատանքից զրկելուց հետո, փորձում է զրկել նաեւ փոխհատուցումից:

«Առավոտը» 2009 թվականի հոկտեմբերի 9-ին եւ 2010 թվականի փետրվարի 2-ին անդրադարձել է Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցի տնօրեն Աբգար Գյուլումյանի եւ ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի դատական վեճին: Մարզպետը 2009 թվականի օգոստոսի 7-ի երկու դպրոցների միավորման արդյունքում Աբգար Գյուլումյանին ազատել էր աշխատանքից, տնօրենն էլ դիմել էր դատարան եւ պահաջել իրեն վերականգնել աշխատանքում: Վարչական դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ Աբգար Գյուլումյանը չի վերականգնվի տնօրենի պաշտոնում, բայց դատարանը որոշել է պարտավորեցնել Կոտայքի մարզպետարանին՝ տնօրենին փոխհատուցում վճարել հարկադիր պարապուրդի դիմաց՝ աշխատանքից ազատման պահից մինչեւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Աբգար Գյուլումյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան, արդյունքում վարչական դատարանի վճիռը մնացել է անփոփոխ եւ օրինական ուժի մեջ է մտել 2010 թվականի ապրիլի 7-ին: Սրանից հետո մասնագիտական աշխատանքով ապահովելու եւ աշխատանքային գրքույկում սխալ լրացվածը ուղղելու ակնկալիքով Աբգար Գյուլումյանը դիմել է ՀՀ Կոտայքի մարզպետին, սակայն պատասխան դեռեւս չի ստացել: «Ես մասնագիտական աշխատանք ունենալու իրավունքն ունեմ, աշխատատեղ կա, վերադասը պարտավոր է ինձ աշխատանքից ազատել օրենքի սահմաններում, ապշելու բան է, ի՞նչ է կատարվում: Իմ աշխատանքային գրքույկում նշված է մի կարգադրություն, որը վերացված է ՀՀ վարչական դատարանի կողմից: ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ինձ զրկել է աշխատանք ունենալու իրավունքից, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը: Հարկադիր պարապուրդի դիմաց վճարելու համար ստիպված դիմել եմ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ Ռ. Ղազարյանին: Մինչեւ 2010թ. ապրիլի 7-ը՝ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրը, ինձ պարտավոր են վճարելու, սակայն այդ օրվանից ի՞նչ հիմնավորմամբ են ինձ զրկում աշխատելու իրավունքից, անհասկանալի է: Որտեղի՞ց այսքան թշնամանք իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ: Այլ ելք չունեմ, քան մասնագիտական աշխատանք ունենալու համար պայքարը, ես պարտավոր եմ իմ երեք դպրոցահասակ տղաներին կերակրել, որպեսզի վաղը համալրեն հայոց բանակի շարքերը: Կյանքի գնով կպաշտպանեմ մասնագիտական աշխատանք ունենալու իմ իրավունքը»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Աբգար Գյուլումյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել