Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑԱՏԱԽՏԱԿՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՆՊԱՏԱԿԻՆ ՉԵ՞Ն ԾԱՌԱՅՈՒՄ

Հունիս 17,2010 00:00

Կապանի ավագանու որոշմամբ՝ համայնքի տարբեր հատվածներում տեղադրված «Կապան համայնքային լրատու» տեղեկատվական ցուցանակներում փակցված տեղեկատվությունը կարծես թե բնակիչների մեծամասնությանը չի էլ հետաքրքրում: Այդ ցուցանակներում պետք է քաղաքի ավագանու որոշումները լինեին: Սակայն այսօր կապանցիները ցուցատախտակները օգտագործում են իրենց հայտարարությունները տեղադրելու համար: Բնակիչները համայնքի ավագանու որոշումները պոկել եւ դրա փոխարեն իրենց բնակարանների վաճառքի հայտարարություններն են փակցրել: Կապանում նման 26 համայնքային լրատուներ կան, որոշները՝ ապակեպատ, սակայն այդ ապակիներն էլ են ջարդել: Փորձեցինք Կապանի քաղաքապետարանից ճշտել, թե ի՞նչ հսկողություն է իրականացնում, պարբերաբար շրջայցեր կազմակերպվո՞ւմ են: Պարզվում է՝ քաղաքապետարանում նույնիսկ տեղյակ չէին, որ վերջերս տեղադրված տեղեկատվական ցուցանակները նման ճակատագրի ու դաժան վերաբերմունքի են արժանացել: Քաղաքապետարանի համար նորություն էր, որ ավագանու որոշումներն իրենց տեղը զիջել են վաճառքի եւ մասնավոր այլ հայտարարությունների: Այստեղ շնորհակալություն հայտնեցին «Առավոտին» ահազանգի համար եւ անմիջապես խմբեր ուղարկեցին շրջայցեր կատարելու եւ վիճակը շտկելու համար: Շրջայցը արդյունք տվեց, սակայն դրանից մի քանի օր հետո որոշ ցուցատախտակների վիճակը նույնն էր՝ տան վաճառքի եւ նմանատիպ այլ հայտարարություններ:
Ըստ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Արզումանյանի՝ մեր ահազանգից հետո քաղաքապետարանում որոշել են շաբաթը մեկ շրջայց կազմակերպել, անել հնարավորը, որ տեղեկատվական ցուցանակները ծառայեն իրենց նպատակին, սակայն կարեւոր է նաեւ բնակչության դերն ու վերաբերմունքը: «Մենք քայլեր ենք ձեռնարկում հանրությանը իրազեկելու, տեղեկացնելու համայնքի կյանքին առնչվող հարցերին, որպեսզի տեղյակ լինեն, կարդան ավագանու որոշումները, բայց այսօր շատերն անտարբեր մոտեցում են ցուցաբերում, ավելին՝ խոչընդոտում են իրենց արարքներով: Նրանք միայն սիրում են բողոքել, քննադատել, վատը տեսնել, բայց լավ կողմերն էլ պետք է նկատեն եւ ինչ-որ ձեւով օգտակար լինեն: Մենք փորձում ենք օրենքի պահանջը կատարել, այս տեղեկատվական անկյունները բնակիչների համար ենք տեղադրել եւ ոչ թե ձեւականորեն»,- մեզ հետ զրույցում ասաց Սվետլանա Արզումանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել