ՀՀ նոտարական պալատն անդրադառնում է Աղասի եւ Վարդան Համբարձումյանների ժառանգության
խնդրին, որին «Առավոտն» անդրադարձել է մայիսի 27-ին՝ «Նոտարի մեղքո՞վ» հրապարակմամբ:
Վիճելի բնակարանը, որը գտնվում է Երեւանի Նոր Արեշի 46 փող. 37 հասցեում, պատկանել է Սրբուհի Քոչումյանին, որն ունեցել է մեկ դուստր՝ Մարգարիտա Քոչումյանը:
Սրբուհի Քոչումյանը (մահացել է 1984 թ.) իր ամբողջ գույքը կտակել է աղջկան՝ Մարգարիտա Քոչումյանին, որն ապրել է նրա հետ համատեղ եւ որի ուժով էլ տիրապետել, տնօրինել է կտակված գույքը, սակայն չի ձեւակերպել ըստ կտակի իր ժառանգությունը:
Մարգարիտա Քոչումյանն ունեցել է երկու երեխա՝ Սոնյա եւ Հարություն Համբարձումյաններ: Հետագայում, Սոնյան վերցրել է ամուսնու ազգանունը եւ դարձել Թովմասյան եւ 1989թ. մշտական բնակության է մեկնել ԱՄՆ: 1991թ. ԱՄՆ է մեկնել նաեւ մայրը՝ Մարգարիտա Քոչումյանը: Հետագայում ԱՄՆ է մեկնել նաեւ եղբոր՝ Հարություն Համբարձումյանի ընտանիքը, սակայն ընտանեկան անախորժությունների պատճառով եղբոր կինն իր երեխաների՝ Վարդան եւ Աղասի Համբարձումյանների հետ վերադարձել է Հայաստան: Նրանց հայրը՝ Հարություն Համբարձումյանն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել եւ գտնվել է մոր եւ քրոջ խնամքի տակ:
2005թ. մայիսի 27-ին մահացել է Մարգարիտա Քոչումյանը, որը հուղարկավորվել է ԱՄՆ-ում: Աղջիկը՝ Սոնյա Թովմասյանը, տիրապետել եւ կառավարել է նրա գույքը ԱՄՆ-ում, հետեւաբար, ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225 հոդվածի 3-րդ կետի պահանջի՝ նաեւ ողջ գույքը, այսինքն՝ Հայաստանում գտնվող տունը, որը մայրը կտակել էր իրեն, եւ որը, ինչպես նշվեց վերեւում, ինքն ընդունել էր, բայց չէր ձեւակերպել: Գույքի տիրապետման եւ տնօրինման մասին ժառանգություն ձեւակերպող նոտար Է. Շաբոյանն ունի նաեւ տեղեկանք՝ տրված թաղային լիազորի կողմից:
Երեւանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանը, ներկայացված բոլոր փաստաթղթերի հիման վրա, օրինական կարգով 2006թ. սեպտեմբերի 14-ին ձեւակերպել է ժառանգության իրավունքի վկայագիրը հանգուցյալ Մարգարիտա Քոչումյանի գույքի նկատմամբ, այն տալով նրա աղջկան՝ Սոնյա Թովմասյանին, քանի որ նրա եղբայրը՝ Հարություն Համբարձումյանը, առողջական խնդիրներ ունենալով, 2005թ. օգոստոսի 16-ին վերադարձել է Հայաստան, որտեղ էլ մահացել է մոտ 20 օր անց՝ սեպտեմբերի 8-ին:
Մոր մահից հետո որդին չի ընդունել ժառանգությունը: Աղասի եւ Վարդան Համբարձումյանները չեն ունեցել իրենց հոր մահվան վկայականը (նրանք դատարանի միջոցով են այն ստացել), հետեւաբար, հոր մահից հետո չեն կարողացել դիմել նոտարին, որպեսզի իրենց տատի՝ Մարգարիտա Քոչումյանի մահից հետո իրենց հորն անցնող բաժինն ստանան: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226 հոդվածի 2-րդ կետի պահանջի համաձայն, նրանք կարող էին առանց մահվան վկայականի էլ հայտարարություն տալ իրենց հոր ժառանգական գույքն ընդունելու մասին եւ հետագայում ներկայացնել ժառանգությունը ձեւակերպող նոտարին: Նոտարին ներկայացված ոչ մի փաստաթղթում, սկսած թաղային լիազորի տված տեղեկանքից, տնային գրքից, ոչ մի տեղ չի երեւում հանգուցյալի որդու մասին որեւէ փաստ, որեւէ տվյալ, որպեսզի նոտարն այդ մասին իմանար: Իսկ եղբայրները մեղադրում են նրան էլ կեղծիքի, էլ չգիտեմ ինչ մեղքերի մեջ: Ա. եւ Վ. Համբարձումյանները, չափ ու սահման չճանաչելով, համապատասխան պաշտոնյաների հետ անձնական խոսակցությունները ձայնագրելով եւ ուրիշներին մեղադրելով, ուզում են արդարացնել իրենց՝ ոչ մի կերպ չընդունելով, որ նոտարը ժառանգությունը տվել է գործող օրենքի պահանջներին համապատասխան, որ նրան, ըստ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 4-րդ կետի պահանջի, կեղծ (իրենց կարծիքով) տեղեկանք կամ տեղեկատվություն տրամադրողները պետք է պատասխան տան եւ ոչ թե նոտարը: Նոտարի անմեղության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ գործն անցել է դատական բոլոր ատյաններով, սակայն ոչ մի դատարան նոտարի գործողություններում ապօրինի ոչինչ չի արձանագրել:
Բոլոր հրապարակումներում խղճահարություն առաջացնելու համար եղբայրները ողբում են, որ իրենց զրկել են իրենց բնակարանից, մինչդեռ այդ բնակարանում նրանք չեն ապրում, այլ այն տվել են վարձով:
Անբարոյականություն է առանց ապացույցների զրպարտել նոտարին, մանավանդ որ, նա իր գործն է կատարել, ընդ որում՝ լրիվ օրինական: