Դատապարտյալի փաստաբանի խոսքը
Օրերս ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը դատապարտվեց ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով՝ քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարելու համար:
Մհեր Ենոքյանը իր փախուստը բացատրել է որպես յուրահատուկ ակցիա, բողոքի ձեւ՝ կապված իր հիմնական գործի հետ, որի համար ժամանակին դատապարտվել էր մահապատժի՝ սպանության համար: Նա գտնում է, որ դատավճիռը, որով նա դատապարտվել է մահապատժի՝ եղել է անարդար, գործը օբյեկտիվ չի քննվել, իսկ պատիժը եղել է չհիմնավորված:
Ըստ հիշյալ գործի մեղադրական եզրակացության, որով Մհերը դատապարտվել է մահապատժի, նրա մեղքը հաստատված էր համարվել նույն գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի ցուցմունքով, ըստ որի՝ ինքը եւ Մհերը հաճախ նայել են տեսաժապավեններ, վերլուծել են ֆիլմերի հերոսների գործողությունները, իսկ մի օր որոշել են սպանել Ի. Աղաջանովին՝ նրա ծնողներից գումար ստանալու ակնկալիքով: Ըստ Ա. Հարությունյանի, Մհերը տուժողին բերել էր իրենց տուն, հետո բացովի բանալիով հարվածել էր տուժողի գլխի եւ ողնաշարի հատման շրջանին, հետագայում տեսնելով, որ տուժողը չի ընկնում, Մհերը 4-5 անգամ բացովի բանալիով ուժգնությամբ եւ անկանոն ձեւով հարվածներ էր հասցրել տուժողի գլխին, այնուհետեւ սկսել էր խեղդամահ անել նրան, իսկ հետո դանակով մահացու հարվածներ էր հասցրել տուժողի պարանոցին եւ դեմքին: Այդքանից հետո, ըստ Ա. Հարությունյանի ցուցմունքի, տուժողին նույնիսկ հաջողվել է Մհերից խլել դանակը եւ դիմադրություն ցույց տալ:
Այս սարսափ ֆիլմ հիշեցնող սցենարը հավատ չի ներշնչում նույնիսկ ոչ մասնագետ անձանց. ինչպե՞ս կարող էր մի անձ, որը գլխին եւ պարանոցին ստացել էր նման ծանր հարվածներ, դիմադրություն ցույց տալ եւ նույնիսկ դանակը խլել հարվածողի ձեռքից: Այդ վարկածն ընդհանրապես զրոյանում է, երբ նշենք, որ հիշյալ գործով հարցաքննված դատաբժշկական փորձագետը դատարանում կտրականապես հայտարարել էր, որ գլխի վնասվածքները ստանալուց հետո, որոնցից երեքը կյանքին վտանգ սպառնացող են եղել, տուժողն անպայման կկորցներ գիտակցությունը, ուստի չէր կարող ոչ դիմադրություն ցույց տար եւ ոչ էլ, առավել եւս, դանակը խլեր Մհերի ձեռքից:
Հարց է առաջանում, իսկ որքանո՞վ է արժանահավատ եղել Ա. Հարությունյանի ցուցմունքը: Նշեմ որ Մ. Ենոքյանը սկզբից մինչեւ վերջ տվել է միատեսակ ցուցմունք, որտեղ նշել էր, որ սպանությունը կատարել էր Ա. Հարությունյանը, իսկ ինքը փորձել է միջամտել եւ կանխել այն: Ա. Հարությունյանը սպանության հաջորդ օրը տված իր առաջին ցուցմունքով հաստատել էր Մ. Ենոքյանի ասածները եւ նշել էր, որ ինքն է հարվածել տուժողին եւ հերքել էր Մհերի մասնակցությունը սպանությանը:
Երկու օր անց Ա. Հարությունյանն իր լրացուցիչ ցուցմունքում նշել էր, որ ինքը եւ տուժողը ընկել էին մահճակալի վրա եւ տուժողը ցանկանում էր դանակով հարվածել իրեն, այդ ժամանակ Մհերը մի քանի անգամ բանալիով հարվածել է տուժողին, իսկ իրեն հաջողվել է դանակը խլել տուժողից եւ զայրույթի մեջ մի քանի անգամ հարվածել նրան:
Ա. Հարությունյանը նույն ցուցմունքն է տվել նաեւ Մ. Ենոքյանի հետ առերես հարցաքննության ժամանակ եւ ավելացրել էր, թե համոզված է, որ Մ. Ենոքյանը տուժողին բանալիով հարվածել է, որպեսզի վերջինս չկարողանա իրեն դանակահարել:
Հետագայում Ա. Հարությունյանը նոր ցուցմունք էր տվել եւ հերքելով իր նախորդ ցուցմունքները, այս անգամ հայտնել էր, որ տուժողին սպանելու մտադրությունը իրենց մոտ ծագել էր սպանությունից շատ առաջ, որպեսզի տուժողի ծնողներից գումար պահանջեն դիակի համար: Ի տարբերություն նախորդների՝ այս ցուցմունքով Ա. Հարությունյանն ամբողջ մեղքը բարդել էր Մ. Ենոքյանի վրա:
Արդյունքում մեղադրական եզրակացությունը հիմնվել է միայն մեղադրյալներից մեկի տված իրարամերժ ցուցմունքներից մեկի վրա, որի հավաստիությունն էլ, ինչպես նշեցինք, հերքվում էր դատաբժշկի տված ցուցմունքներով:
Հիշյալ գործով շատ հարցերի պատասխաններ այդպես էլ չեն տրվել, օրինակ՝ չեն հայտնաբերվել այն տեսաժապավենները, որոնք դիտել են, բաց է մնացել այն հարցը, թե ինչպես են դիտել այդ տեսաժապավենները, երբ մեղադրյալներից ոչ մեկը տեսամագնիտոֆոն չի ունեցել: Եթե իրոք սպանությունը նախապես ծրագրված է եղել, ապա ո՞ւր է այն վայրը, որտեղ նախապես պետք է թաքցնեին դիակը, ինչպես պահանջում է տրամաբանությունը: Եթե սպանությունը եղել է շահադիտական նպատակներով, ինչո՞ւ տուժողի վրայից չեն հանել ոսկե խաչը եւ շղթան: Ինչո՞ւ որեւէ քայլ մեղադրյալները չեն ձեռնարկել գումար ստանալու համար, այլ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն: Այս եւ այլ հարցերի պատասխաններ մինչ օրս մնացել են անպատասխան:
Մհերը դատապարտվելուց մինչեւ օրս պարբերաբար դիմումներ եւ բողոքներ է ուղղում տարբեր պատկան մարմիններին՝ խնդրելով վերանայել իր գործը: Նա չի պահանջում արդարացնել իրեն, այլ՝ վերանայել իր գործը, քանզի համոզված է, որ գործը վերանայելով՝ կփոխվի իր նկատմամբ կայացրած դատավճիռը: Սակայն Մհերի դիմումներին տրվում է նույն ստանդարտ պատասխանը՝ Ձեր գործը կարող է վերանայվել միայն նոր երեւան եկած հանգամանքների արդյունքում: Իսկ ի՞նչ անել այն դեպքում, երբ չկա նոր երեւան եկած հանգամանք, իսկ դատավճռով հաստատված հանգամանքները արժանահավատություն չեն ներշնչում:
Վերջիվերջո, եթե Մհերն այդքան վտանգավոր է, որ դատապարտվել է մահապատժի, ինչո՞ւ երկու անգամ փախուստ կատարելուց հետո որեւէ մեկին չի վնասել, որեւէ հանցագործություն չի կատարել, չէ՞ որ արդեն կորցնելու բան չուներ, առավել ծանր պատիժ այլեւս տալ չէին կարող՝ ինչ էլ որ կատարեր: Այս փաստը եւս խոսում է նրա մարդկային չափանիշի մասին:
Ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում տուժողի ծնողների վշտին եւ սա այն դեպքն է, երբ նույնիսկ ժամանակը չի կարող բուժել վերքերը: Կարծում եմ, հենց նրանք պետք է առաջինը շահագրգռված լինեն իրական ճշմարտությունը բացահայտելու համար:
Ասում են, թե արդարադատությունը կույր է, բայց այսքա՞ն…