Ամռան գալուն պես Ներքին Չարբախի՝ պտղատու այգիներ ունեցող բնակիչներն իրար են խառնվում: Բանն այն է, որ այս սեզոնին, երբ այգիները ջրելու կարիքը մեծ է, «Երեւան» ջրօգտագործողների ընկերությունը մայրաքաղաքի այդ հատվածի բնակիչներին ոռոգման ջրով լիարժեք չի կարողանում ապահովել: «Առավոտին» դիմած չարբախցիների խոսքերով՝ «Արդեն 2 ամիս մեր այգիները գրեթե չեն ոռոգվում: Ամեն մեկս մի քանի հազար քմ դեղձի, ծիրանի, բալի այգիներ ունենք, բանջարեղեն ենք մշակում: Մեկ-մեկ գիշերները կարող է ջուր տան, բայց, ասենք՝ մի կես ժամով: Էդպես ո՞նց կարող ենք հասցնել հսկայական տարածքներ ջրել. անգամ տնամերձ փոքր այգիները չենք կարողանում ջրել: 5-6 տարի է նույն պատմությունն է, այս տարի բանը բանից անցավ: Մեր չարչարանքն աչքներիս առաջ ջուրն է լցվում»:
Բնակիչների ներկայացմամբ՝ հենց իրենց տարածքով է անցնում Մասիսից եկող ոռոգման ջրի մագիստրալը, բայց իրենք չեն կարողանում օգտվել այդ «ճոխությունից». «Մենք լսել ենք, որ մեզ ջրից զրկում են, բայց փոխարենը, այդ ջուրը չգիտենք թե ում են «լեւի» վաճառում: Ախր մենք էլ ջրի վարձը կանոնավոր վճարում ենք ու դիմացը ոչինչ չենք ստանում»:
Նախօրեին «Երեւան» ջրօգտագործողներ ընկերության փոխտնօրեն Իսրայել Հովհաննիսյանն «Առավոտին» վստահեցրել էր, որ աշխատակիցների հետ միասին կգնան եւ տեղում կպարզեն խնդիրը: Երեկ մեզ հետ զրույցում պարոն Հովհաննիսյանը հաստատեց, որ իսկապես ջուր չի եղել, բայց ընդամենը մի քանի օր. «Խնդիրն այն էր, որ ջրի մակարդակը ցածր էր եւ Չարբախ գյուղի վերեւի հատվածին չէր հասնում: Այսօր արդեն ջրի մակարդակը բարձրացրել ենք, եւ այսուհետեւ ամեն օր կանոնավոր ջուր կունենան»: