Լրահոս
Օրվա լրահոսը

Լայնացնում են՝ կանաչ գոտու հաշվին

Հունիս 17,2010 00:00

\"\"Լենինգրադյան փողոցից դեպի Բրազիլիայի հրապարակ գնացող ճանապարհին՝ Ծիծեռնակաբերդի հարեւանությամբ շինարարություն է մեկնարկել՝ կանաչ տարածքներ են վերացվում եւ ծառեր են հատվում: Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը այս փողոցը որոշել է լայնացնել 4 մետրով՝ ի հաշիվ Ծեծեռնակաբերդի կանաչ տարածքների: Այժմ այս փողոցով երթեւեկում են միայն միակողմանի, շուտով փողոցն ամբողջությամբ կփակվի: Ըստ Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանի, այս փողոցը լայնացնելու ծրագիր վաղուց կար, ուղղակի ֆինանսական առումով այժմ հնարավոր դարձավ շինարարությունը սկսել. «Ծիծեռնակաբերդի խճուղու կառուցումը արդեն 2-3 տարի քննարկման փուլում էր, պատրաստվել էին նախագծային եւ նախահաշիվային փաստաթղթեր: Փողոցի մեջտեղով նախատեսված է կառուցել հեղեղատար ցանց: Աշխատանքները կազմակերպվելու են երկհերթ, անհրաժեշտության դեպքում՝ եռահերթ, որ կարճ ժամանակում ավարտվի»: Նա հավաստիացրեց, որ մինչեւ սեպտեմբեր այս փողոցի շինաշխատանքները կավարտվեն: Նա ասաց, որ նախատեսել են կառուցել նաեւ մայթեր՝ հետիոտնի համար, ինչպես նաեւ կնորոգեն արտաքին լուսավորությունը: Այս աշխատանքների համար կծախսվի մոտ 800 միլիոն դրամ: Ինչ վերաբերում է կանաչ տարածքների վերացմանը, ապա, Ֆ. Բասենցյանի խոսքերով, այս տարածքում կա նորատունկ 80 ծառ ու դրանք կտեղափոխվեն ավելի վերեւ, ճանապարհին չխանգարող գոտի. «Պայմանավորվածություն կա եւ մասնագետների հետ, եւ Ծիծեռնակաբերդի սպասարկող կազմակերպությունների հետ, որ նրանք կապահովեն դրա ջրումը եւ կփորձեն 100 տոկոս կպչողականություն ապահովել: Բացի դրանից, ճամփի եզրով կան անկանոն աճած ծառեր ու թփեր, որոնք պետք է հատվեն, հանվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել