Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՍԿԱՅԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ՝ ՁԵԹԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ

Հունիս 17,2010 00:00

Այսօր այնտեղ ձեթ էլ չեն արտադրում

\"\"
Հսկայական գործարանի դռները տարիներով փակ են:

Տարիներ առաջ, երբ սկսվեց պետական գույքի մասնավորեցման գործընթացը, կառավարությունը մի շարք հսկայական գործարաններ կոպեկներով վաճառեց: Նման ճակատագիր ունեցավ նաեւ «Հիդրոէներգոշին» ՓԲԸ-ի մետաղական կոնստրուկցիաների գործարանը: Դեռեւս 2000 թվականին, երբ աճուրդի հանվեց գործարանի մի մասը, կոլեկտիվն արդեն կասկածներ ուներ, որ իրենք շուտով կմնան գործազուրկ, իսկ եղած սարքավորումներն էլ ջրի գնով կվաճառվեն: Այն ժամանակ «Առավոտն» (14.07.2001) անդրադարձել էր այս խնդրին, սակայն այժմ արդեն նախկին կոլեկտիվի անդամները կրկին դիմեցին մեզ՝ պնդելով, որ գործարանը սեփականաշնորհվել է բազմաթիվ անօրինականություններով եւ այսօր եղած-չեղած թանկարժեք սարքավորումներն էլ «քոռուփուչ են անում»:
«Ինչո՞ւ գործարանը 2 մասի բաժանեցին, հետո նոր վաճառեցին», հարց են բարձրացնում նախկին աշխատակիցներն ու իրենք էլ պատասխանում. «Նախ «ա» եւ «բ» մասերի բաժանեցին: Հետո «ա» մասից որոշ արտադրամասեր աճուրդի հանեցին»: Բանն այն է, որ ամբողջ գործարանի հաշվեկշռային արժեքը եղել է 198 միլիոն դրամ: Ներկայիս սեփականատեր «Կարզել» ՍՊԸ-ն գործարանի մի մասը՝ արտադրական հզորություններով, շենք-շինություններով ու սարքավորումներով, որի արժեքը 45 միլիոն էր, գնել է՝ վճարելով այդ թվի ընդամենը 25%-ը: Նախկին կոլեկտիվի անդամների պատմելով՝ հսկայական վարչական շենքը աճուրդից առաջ ձեւակերպել են որպես վարչապահեստային տարածք եւ մայր գործարանը տեղափոխել այն ժամանակ դեռ չվաճառվող «բ» մասի վրա, որպեսզի ամբողջ պարտքերն ու պարտավորությունները տեղափոխեն հենց այդ տարածքի վրա, բացի այդ, աճուրդի հանված մասն էլ զգալի էժան կնստեր գնորդի վրա: Ընդ որում, պարտքերի թիվն էլ կլորիկ գումար էր՝ մոտ 50 մլն դրամ, որի մեջ մտնում էին եկամտահարկը, սոցվճարներն ու մատակարարների պարտքերը:
Կոլեկտիվի բազմաթիվ բողոքներին՝ այն ժամանակվա սեփականաշնորհման նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են՝ սա պետական գույք է ու ոնց ուզում, ում ուզում՝ վաճառում ենք: Ընդ որում, թե ո՞վ էր լինելու բախտավոր գնորդը, աճուրդից առաջ արդեն հայտնի է եղել: Հետաքրքիրն այն է, որ գործարանը եղել է էներգետիկայի նախարարության հաշվեկշռում, եւ երբ այդ նախարարությունում դեմ են եղել սեփականաշնորհմանը, քանի որ գործարանը դասել էին ռազմավարական նշանակության օբյեկտների շարքին, շատ կարճ ժամանակում գործարանը էներգետիկայի նախարարության հաշվեկշռից տեղափոխվել է սեփականաշնորհման նախարարության հաշվեկշիռ: Որից հետո էլ, առանց խոչընդոտների, «Հիդրոէներգոշինը» սեփականաշնորհվել է «Կարզել» ՍՊԸ-ին: Ընդ որում, գործարանը ձեռք բերելով, ընկերությունը ոչ մի պարտավորություն չի ունեցել, ասենք, օրինակ՝ շարունակել մետաղական կոնստրուկցիաներ արտադրել եւ այլն: Ուստի հսկայական գործարանի մի մասում «Կարզելը» սկսել է ընդամենը «Արփի» ձեթի արտադրությամբ զբաղվել:
Տիրանալով գործարանի գլխավոր եւ կարեւորագույն հատվածին՝ «Կարզելը» ծրագրել է տիրանալ նաեւ գործարանի «բ» հատվածին: Սեփականաշնորհման նախարարությունը այն ձեռք բերելու համար կրկին ամենաէժան ու հարմար տարբերակն է կազմակերպել: Գործարանի «բ» մասը ճանաչվել է սնանկ, որից ընդամենը 2 օր հետո «Կարզելը» կրկին «ջրի գնով» այն ձեռք է բերել: Երբեմնի հզոր գործարանն այսօր պարզապես պարապուրդի է մատնված, իսկ մոտ 70 աշխատակից այսքան տարի գործազուրկ է, բավականին թանկարժեք շարժական կռունկն էլ, ինչպես նախկին աշխատակիցներն են վստահեցնում՝ մաս-մաս վաճառել են:
Երբ գործարանը վաճառելու խոսակցություններ էին պտտվում, որոշ աշխատակիցներ 4-5 տարածք են վարձակալել: Ու քանի որ, ըստ օրենքի, կոլեկտիվն իրավունք ունի ձեռք բերել բաժնետոմսերի 20%-ը, նրանք մի քանի անգամ փորձ են արել մասնակցել աճուրդներին, սակայն նրանց ոչ ոք բանի տեղ չի դրել: Աշխատակիցների պատմելով՝ «Մենք հայտ էինք ներկայացրել, որպեսզի վարձակալված տարածքները սեփականաշնորհենք, բայց պարզեցինք, որ դրանք արդեն վաճառված են: Իսկ սեփականաշնորհման նախարար Դավիթ Վարդանյանն ասաց՝ սա պետական գույք է, ես էլ ում ուզում եմ՝ վաճառում եմ»:
Կոլեկտիվի այն բողոքներին, որ դա աշխատող գործարան է, եւ այդ պահին մոտ 75 միլիոն դրամի պատվերներ ունեն, սեփականաշնորհման նախարարությունում պնդել են, որ գործարանն ընդամենը 10% հզորությամբ է աշխատում:
«Առավոտի» հետ զրույցում «Կարզել» ընկերությունից վստահեցրին, որ ամեն ինչ օրինական է եղել: Երբ կառավարությունը աճուրդ է հայտարարել, իրենք ծրագիր են ներկայացրել, որ ձեթի արտադրությամբ են զբաղվելու, ինչն էլ հաստատվել է. «Մինչ գործարանը ձեռք բերելը, կոլեկտիվն էլ փաստաթուղթ է ներկայացրել, որ սեփականատեր չեն հանդիսանում, որից հետո մենք գնեցինք այն: Ծրագրով ներկայացված բոլոր պահանջները կատարել ենք, չնայած 2007-ից այլեւս ձեթի արտադրությամբ չենք զբաղվում, քանի որ տարադրամի արժեզրկման պատճառով՝ այլեւս ձեռնտու չէր: Բայց ծրագրով նախատեսված է որոշ աշխատակիցների պահել, այդպես էլ վարվել ենք: Ինչ վերաբերում է սարքավորումներին, դրանք հին, մաշված ու անպետք էին: Շարժական կռունկն էլ պատկանում էր «Հիդրոէներգոշինին», որի նախկին տնօրենը մեզ խնդրեց գնել այն, որպեսզի աշխատավարձերը վճարի, մենք էլ գնեցինք, պարզապես լավություն անելու համար: Հետո այդ կռունկը, որն արդեն մեր սեփականությունն էր, լոմի տեղ վաճառեցինք, որպեսզի հարկերն ու աշխատավարձերը վճարենք: Գործարանի «ա» հատվածը մեզ լրիվ բավական էր, սակայն երբ «բ» մասն էլ աճուրդի հանեցին, սնանկացման գործով կառավարիչը եկավ, խնդրեց այն գնել: Նույնիսկ մի քանի անգամ աճուրդ է հայտարարվել, բայց գնորդ չի եղել, ու գինն անընդհատ իջել էր: Դե քանի որ մեր տարածքին մոտ էր՝ մենք էլ գնեցինք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել