Երեկ Երեւանում կայացել է ջրային ոլորտի քաղաքականությանը վերաբերող գիտահետազոտական սեմինար, որի նպատակն էր ներկայացնել կառավարության նախաձեռնած ոլորտային բարեփոխումների միջանկյալ արդյունքները եւ քննարկել ջրային ոլորտի քաղաքականությանը վերաբերող մարտահրավերները: Ինչպես տեղեկանում ենք կառավարության հաղորդագրությունից՝ ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկին խնդրել էր մշակել «Ջրային ոլորտի քաղաքականության մասին» փաստաթուղթ՝ վերլուծելով ոլորտի իրավիճակը, պետական-մասնավոր գործունեության գծով Հայաստանում մինչ օրս ձեռք բերված փորձը եւ միջազգային պրակտիկայից քաղած դասերը։ Սեմինարին մասնակցել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ որի՝ ջրային ոլորտի քաղաքականության մեջ տարվող բարեփոխումները տվել են դրական արդյունքներ. «Երեւանում արդեն խմելու ջրի մատակարարման արդյունքները բավական տպավորիչ են։ Մենք հասել ենք շուրջ 22 ժամ խմելու ջրի մատակարարման, եւ կարծում եմ՝ դա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք ունենք միջազգային օպերատորներ»: Անդրադառնալով համայնքներում կապիտալ ներդրումների իրականացմանն ու տարածքային համաչափ զարգացման խնդրին՝ վարչապետն ասել է. «Անցյալ դարի 60-70-ական թվականներից հետո խմելու ջրի ոլորտում կապիտալ ներդրումներ գրեթե չէին իրականացվել՝ այն դեպքում, երբ կա մասնագիտական գնահատական, որ $1 մլրդ 700 միլիոնի ներդրումներ են անհրաժեշտ այս ոլորտում։ Միայն վերջին տարիներին ենք մենք բավական լուրջ ուշադրություն դարձրել այս ոլորտին՝ ներդրումներ ենք կատարել, որոնք պետք է շարունակենք, որպեսզի արդիականացնենք ենթակառուցվածքները, որոնք այսօր առկա են ՀՀ-ում»: