2010 թվականին Հայաստանում ծիրանի ռեկորդային ցածր բերք է սպասվում՝ ընդամենը 30-40 հազար տոննա, ինչը երկու անգամ պակաս է անցած տարվա ցուցանիշից: Այդ մասին «ԱրմԻնֆո»-ի թղթակցին հաղորդել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը: Նրա խոսքով, բերքը ոչնչացել է վաղ գարնանային ցրտահարությունների, հորդառատ անձրեւների, որոնք հանգեցրել են հիվանդությունների տարածման, եւ կարկուտի հետեւանքով: Ցածր բերքատվությունն այդ պտուղների բարձր գների պատճառ է դարձել եւ, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ծիրանի մթերումների կրճատման, գտնում է վարչության պետը: Նա ավելացրել է, որ վերջին տարիներին սա ամենացածր բերքն է: Գ. Մանուչարյանի տվյալներով, 2009 թվականին ծիրանի բերքը կազմել է շուրջ 80 հազար տոննա, 2008 թվականին՝ շուրջ 70 հազար տոննա, 2007 թվականին՝ շուրջ 45 հազար տոննա: Ծիրանն ամենաշատ արտահանվող միրգն է: Հիմնականում այն մատակարարվում է Ռուսաստան:
Վարչության պետն ավելացրել է, որ անբարենպաստ եղանակային պայմաններն անդրադարձել են նաեւ հանրապետության բոլոր պտուղ-հատապտղային կուլտուրաների բերքատվության վրա՝ բացառությամբ խաղողի, որն ավելի ուշ է հասունանում: Չնայած խաղողի դեպքում դեռ կան ռիսկեր՝ կապված կարկուտի հետ, այդ պատճառով Գ. Մանուչարյանը կանխատեսումներից հրաժարվել է: