Հորդորում է Եվրահանձնաժողովի ՊՆՖՀ դեպարտամենտի տնօրենը
«Եթե ցանկանում եք իրականացնել կայուն բյուջետային բարեփոխումներ, այն հնարավոր չի լինի առանց կառավարչական հաշվետվողականության, եթե ցանկանում եք շեշտադրել կառավարչական հաշվետվողականությունը, ապա անհրաժեշտ է փոխել նաեւ վարչարարության մշակույթը, կառավարիչը պետք է շահագրգռված լինի գումարները ոչ թե պարզապես ծախսել, այլ կարեւոր է նպատակային ու արդյունավետ ծախսելը, սա է պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի անկյունաքարը»,- երեկ Հայաստանում պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2-րդ փուլի շրջանակում կազմակերպված աշխատաժողովի ժամանակ ասաց Եվրահանձնաժողովի պետական ներքին ֆինանսական հսկողության (ՊՆՖՀ) դեպարտամենտի տնօրեն Ռոբերտ Ջիլեիսեն: Նրա խոսքով, ֆինանսական հսկողության համակարգը ենթադրում է նաեւ որոշակի երաշխիքներ, թե, արդյոք «նախարարությունը, մարմինը իրականացրե՞լ է իր առջեւ դրված նպատակները՝ կանոնավոր, օրինական, բայց նաեւ տնտեսապես արդյունավետ ու օգտակար եղանակով»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով էլ, բարեփոխումների ծրագիրը կիրականացվի առաջիկա 10 տարիների ընթացքում, բայց նախ եւ առաջ պետք է հստակեցնել ռազմավարությունը. «Պետք է ձգտենք ապահովել ֆիսկալ կարգապահություն, որը կնպաստի մակրոտնտեսական կայունությանը եւ բյուջետային համակարգի կանխատեսելիությանը, ինչպես նաեւ ապահովել փողի դիմաց արժեք՝ երաշխավորելով միջոցների օգտավետ ու խնայողաբար օգտագործումը, եւ ի վերջո երաշխավորել հաշվետվողականություն՝ հանրային միջոցների օգտագործման հարցում»: Վարչապետը նաեւ ընդգծեց, որ բացի բիզնես գործընթացների ճշգրիտ նկարագրությունից, կարեւոր է համապատասխան կադրային ներուժ ապահովել. «Չափազանց կարեւոր են մոտիվացիոն մեխանիզմները, որոնք կապահովեն, որ աշխատատեղերում լինեն խելացի ու պատրաստված անձինք, որոնք կնպաստեն ֆինանսների արդյունավետ կառավարման գործում բարենպաստ միջավայրի ստեղծմանը»: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը համոզված է, որ պետական ֆինանսների կառավարումը եւ խելամիտ օգտագործումը նախ եւ առաջ կերաշխավորի հրապարակայնությունը՝ կրճատելով կոռուպցիան պետական կառավարման համակարգում. «Եվ կարեւոր է նշել, որ կնպաստի կառավարման արդյունավետությանը՝ ապահովելով արդիական ենթակառուցվածքներ ֆինանսների բաշխման եւ ծախսերի վերահսկման համար»: Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը տպավորված էր ֆինանսական կառավարման համակարգում Հայաստանի ձեռքբերումներով. «2009-ին համաշխարհային ճգնաժամի պայմաններում պետությունը կարողացավ ֆիսկալ հսկողություն իրականացնել պետական բյուջեի նկատմամբ: Ինձ գոհացնում է, որ ՀՀ կառավարությունը, բացի նոր ռազմավարություն առաջարկելուց, նաեւ ստանձնել է ծրագրի ղեկավարումը»: Աշխատաժողովի ընթացքում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց բարեփոխումների ոլորտային թիրախները՝ հիմնական մակրոտնտեսական ու բյուջետային ցուցանիշների կանխատեսում, պետական եկամուտների քաղաքականության մշակում, ռազմավարական պլանավորում, պետական միջնաժամկետ ծախսերի եւ պետական բյուջեի կազմում, պետական պարտքի կառավարում: