Դեռեւս մեկ տարի առաջ, երբ մեր երկրում փորձ էր արվում ՀԴՄ կտրոնների՝ իրեն չարդարացրած ակցիան քողարկել բոնուսային շղարշով, ես մամուլում մանրամասն անդրադարձել եմ այն բոլոր տառապանքներին, որոնց ենթարկվում էին կտրոնները ձեռքներին օրեր շարունակ հերթերում անցկացնող մեր քաղաքացիները: Իսկ տարեվերջին քանի՜ հուսախաբված մարդ չկարողացավ ստանալ իր խղճուկ գումարը եւ երդվեց այսուհետեւ չմասնակցել նման խաղերի: Բայց վարչապետ Տ. Սարգսյանի եւ հարկային տեսչության աշխատակից Ա. Ալավերդյանի ելույթները հույս ներշնչեցին, որ 2010-ին ժողովրդի դժգոհությունները իսպառ կվերանան, եւ մարդիկ բոնուսային գումարները կստանան անվրդով ու հանգիստ: Նկատենք, որ պաշտոնատար անձանց ներողություն խնդրելուց հետո անգամ դժգոհությունները ոչ միայն չվերացան, այլեւ տասնապատիկ խորացան: Սկզբում կառավարությունը հայտնեց, որ կտրոններ կընդունեն նաեւ բոլոր բանկերը եւ փոստային բաժանմունքները: Հետո պարզվեց, որ այդ բանկերը 2-ն են՝ «Արարատը» եւ «Ագբան»: Վերջինս ապրիլի 1-ից Աբովյան քաղաքում հրաժարվում էր կտրոններ ընդունելուց, իսկ «Արարատ» բանկը մի քանի օրում այնքան շատ մարդու հերթագրեց, որ այլեւս ազատ օրեր չկային մյուսների համար: Այդ ընթացքում «Ագբան» տվել էր իր համաձայնությունը պետության հետ համագործակցելու, եւ ստիպված ապրիլի կեսերին մարդիկ սկսեցին հույսեր կապել այդ բանկի հետ: Հերթագրվածները հույսով սպասում էին իրենց հերթին, կրկին գնում բանկ, հիշեցնում եւ սպասում հեռախոսազանգի, որը գուժեց մայիսի կեսերին՝ բանկի եւ պետության կնքված պայմանագրի չեղյալ հայտարարելու մասին: Ա՜յ քեզ բան, հիմա էլ խաբված մարդկանց խորհուրդ էին տալիս գնալ «Հայփոստ», որի տեղն անգամ անհայտ էր շատերի համար: Իսկական մկնապար: Ի վերջո, ավելորդ ժամանակ կորցնելուց հոգնած մարդիկ որոշեցին խնայել իրենց նյարդերը եւ իսպառ հրաժարվել բոնուս ստանալու մտքից: Ինչո՞ւ:
Նախ, մարդիկ վաղուց համոզվել էին, որ ՀԴՄ կտրոնների ամենամսյա խաղարկությունները ընդամենը զավեշտալի կատակերգություններ են: Որեւէ չնչին գումար շահելու հավանականությունը այդ խաղարկություններից ուղղակի զրոյական է, հետեւաբար չարժե դառնալ վաճառողների աչքի փուշը, ինչ-որ կտրոններ պահանջել, որոնք երբեւէ պետք չեն գալու:
Մի՞թե մեր պետությունը չհամոզվեց այս ընթացքում, որ բացի սուպերմարկետներից եւ որոշ բարեխիղճ առեւտրական օբյեկտներից, այլ վայրերում կտրոն ստանալը համարժեք է տառապանքի: Ի վերջո, բոլորն էլ վստահ գիտեն, որ ցանկացած խանութ հարկային տեսչությանը ամեն ամիս ներկայացրած իր հաշվետվությանը համապատասխան՝ կտրոններ է տրամադրում միայն իր մտերիմներին, որոնք էլ խրձերով զինված՝ գնում են ստանալու «հասանելիք» գումարը: Այստեղ ոչ ժողովուրդն է շահում եւ ոչ էլ պետությունը, այլ խորամանկ առեւտրականները:
Տառապանքների փորձությամբ անցած մարդիկ վաղուց հիասթափվել են սեփական երկրի կառավարությունից եւ արդեն չեն հավատում նրա ընդունած որոշումներին, իսկ այն կործանարար է պետության համար: Հիշենք Կոնֆուցիոսին, ըստ որի՝ լավ կառավարությունը երաշխավորում է առատ սնունդ, ապահովում երկրի անվտանգությունը եւ հոգ տանում, որ ժողովուրդը հավատա իրեն: Նա հավաստիացնում է նաեւ, որ առաջին տեղում հավատն է, քանզի, եթե ժողովուրդը չհավատա իր կառավարությանը, այն ժամանակ կմեռնի պետությունը: