Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահն արտաքին ճակատում լավ քաղաքականություն է վարում»

Հունիս 17,2010 00:00

Կարծում է ՍԴՀԿ Հալեպի վարիչ մարմնի անդամը

Քաղաքականությունը, որը վարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման օրից ի վեր՝ նպաստե՞ց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանը, թե՞ ավելի պառակտեց՝ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ՍԴՀԿ Հալեպի շրջանի վարիչ մարմնի անդամ, արտաքին հարաբերությունների պատասխանատու Վազգեն Մեսրոպյանը նկատեց. «Ավելի ամրապնդվում են»: Ըստ մեր զրուցակցի, սկզբնական շրջանում Սփյուռքը չընկալեց Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը. «Այն չգիտեմ ինչ նպատակներով, բայց երեւի մի քիչ շեղվեց, մանավանդ հայ-թուրքական հարաբերությունների սկզբնական շրջանում»: Պարոն Մեսրոպյանն այն սփյուռքահայերից է, ովքեր կտրականապես չեն մերժում Թուրքիայի հետ հարաբերությունները, բայց գտնում են, որ Թուրքիան պարտավոր է ճանաչել Ցեղասպանությունը եւ փոխհատուցել: Այս համատեքստում նրան էլ շատ վրդովեցրել են հարաբերությունների կարգավորման հարցում ԼՂՀ-ի մասով թուրքական կողմի նախապայմանները, բայց Սերժ Սարգսյանի՝ Հալեպ կատարած այցը եւ հատկապես Դեր-Զորում ապրիլի 24-ից ուղիղ մեկ ամիս առաջ ունեցած ելույթը, ի թիվս շատ սփյուռքահայերի, փարատել է նաեւ մեր զրուցակցի մտավախությունները. «180 աստիճանով փոխվեց նրա մոտեցումը: Շատ լավ, հակաթուրքական ելույթ էր, որ պաշտպանեց Հայոց ցեղասպանության հարցը: Սփյուռքը շատ լավ ընդունեց այդ ելույթը: Դրանից հետո մենք զգացինք, որ պարոն նախագահն արտաքին ճակատում լավ քաղաքականություն է վարում: Բայց ներքինում կան, իհարկե, հակասություններ, այն էլ, կարծում եմ, հետագայում փոփոխության կենթարկվի»: Պարոն Մեսրոպյանը փոխանցեց նաեւ ոչ միայն համասփյուռ հնչակյանների, այլեւ սփյուռքյան բոլոր կուսակցությունների ու կազմակերպությունների ցանկությունը. «Մեր ուզածն է, որ Հայաստանն արտաքին ճակատում միշտ լավ երեւա»: Նրա կարծիքով՝ ՀՀ-ում երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումը նպաստեց, որ վերջին շրջանում Սփյուռքի հայությունն էլ ավելի ներգրավվի Հայաստանի տնտեսական կյանքում:
Մեր զրուցակիցն առաջիններից է, ով երկքաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել. «Բոլոր հայությունն էլ հայ են, ինչի՞ համար չլինեն Հայաստանի քաղաքացի: Այո, կան պայմաններ. ես էլ եմ կողմ դրան, որ եթե այստեղ չապրես՝ ընտրելու եւ ընտրվելու իրավունք չպիտի ունենաս: Եթե ընտրել-ընտրվել ես ուզում՝ արի, էստեղ ապրի, գործեր բաց, թող զարգանա Հայաստանը»: Վերջերս իրանահայ մի գործարար պատմեց, թե երբ սփյուռքահայ ազդեցիկ շրջանակներից փորձել է պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ տարեցտարի նվազում է սփյուռքահայերի նվիրատվությունները «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ իրեն հակադարձել են՝ «Թող Սերժն ու Ռոբերտը տան, մեզանից շատ փող ունեն»: Վազգեն Մեսրոպյանը չկիսեց այդ կարծիքը: Նրա կարծիքով, վերջին տարիների նվիրատվությունների պակասելու պատճառը թերեւս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է, եւ հույս հայտնեց, որ առաջիկայում «ամենը կկարգավորվի»:
Անդրադառնալով էլ օտարալեզու դպրոցների հարցին՝ մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ շատ էլ լավ կլինի, որ հայ երեխաները շատ օտար լեզուներ սովորեն, բայց որեւէ պարագայում դա չպետք է լինի հայոց լեզվի հաշվին. «Հիմնական լեզուն հայերենը պետք է լինի, դրանից հետո ինչ լեզու ուզում են, թող սովորեն: Ես բարձրագույն կրթությունս Հայաստանում եմ ստացել, եւ ինչքան հիշում եմ իմ ուսանողական տարիներից՝ ռուսական կրթություն ստացածներն ավելի հեշտ եւ ավելի լավ աշխատանքի էին անցնում: Այդպես չպետք է լինի այլեւս»: Իսկ ներհնչակյան խնդիրների մասին էլ ասաց. «Ընկեր Լյուդմիլա Սարգսյանը պարտավոր է հարգել ՍԴՀԿ հայաստանյան մարմնի համագումարի որոշումները, իսկ այդ որոշմամբ ինքը հեռացված է կուսակցությունից: Իսկ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը եւ Սփյուռքի բոլոր կառույցներն ընդունում են այս համագումարը: Ինքն էլ է պարտավոր ընդունել դա եւ հանձնել կնիքը: Դատավարությունն էլ ընդհանրապես չպետք է լինի: Ես ընկեր Սարգսյանի դեմ բան չունեմ, լավ գործ է արել կուսակցության համար, հաջողել է, այն տարիներին նրա գործը գնահատելի է, բայց Հայաստանի շրջանի որոշումը նա պիտի հարգի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել