Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏԵՂՅԱ՞Կ ՉԵՆ ՕՐԵՆՔԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻՆ

Հունիս 17,2010 00:00

Թե գուցե նրանք են փորձում իրենց հայտարարություններով խառնաշփոթ ստեղծել օտարալեզու դպրոցներ հիմնելու նախաձեռնության շուրջ:

\"\"

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 6-ին «BarCamp»-ում օտարալեզու դպրոցներ հիմնելու կառավարության նախաձեռնությունը ներկայացրեց իբրեւ մի «բառակապակցություն, որ որո՛շ դեպքերում՝ կառավարության կողմից հաստատված ծրագրերով, թույլատրվում է, որ որոշ առարկաների դասավանդումը լինի օտար լեզուներով»: Նույն մեկնաբանությունն արել էր նաեւ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը. «Քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց Հայաստանում հիմնելու խնդիրը»: Նաեւ ցավ էր հայտնել, որ «օրենքը քննադատողները հաճախ ուղղակի տեղյակ չեն նախագծի մանրամասներին կամ հարցը միտումնավոր տեղափոխում են ամբողջությամբ այլ ոլորտ եւ իրենց հայտարարություններով խառնաշփոթ ստեղծում խնդրի հանրային ընկալման մեջ»:
Մինչդեռ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների եւ լրացումների անգամ լրամշակված տարբերակում բնավ չկան դրույթներ, թե այդ դպրոցներում միայն որոշ առարկաներ են դասավանդվելու օտար լեզուներով: Եվ երկու նախագծերում էլ խոսվում է հենց օտարալեզու դպրոցների մասին, այսինքն՝ հանրակրթությունը օտար լեզուներով կազմակերպող ուսումնական հաստատությունների մասին: Միայն մի օրինակ մեջբերենք. «Ուսումնական հաստատությանը՝ օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»:
Սա միակ օրինակը չէ, որ վկայում է, թե իշխանության ներկայացուցիչները կարծես միտումնավոր փորձում են թյուրիմացության մեջ գցել այս օրենքի առնչությամբ: Ասենք, վարչապետը վերոհիշյալ ելույթում բազմիցս հայտարարել էր. «Այսօրվա օրենքն արգելում է ընդհանրապես միջնակարգ հաստատություններում օտար լեզուներով դասավանդել առարկաներ»: Մինչդեռ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության անդամ, սոցիոլոգ Իզաբելլա Սարգսյանը (լուսանկարում) կատարել է յուրօրինակ հետաքննություն, որն ապացույց է՝ 1993-ին ընդունված «Լեզվի օրենքը» բացարձակապես խոչընդոտ չի եղել ո՛չ օտար լեզուներով որոշ առարկաների դասավանդման, ո՛չ էլ ՀՀ-ում միջազգային դպրոցներ հիմնելու համար: Մի օրինակը Երեւանում 1995-ի սեպտեմբերից գործող «Որակի միջազգային դպրոցն» է, որտեղ առարկաներն ուսուցանվում են գերազանցապես անգլերեն, բայց նաեւ ֆրանսերեն, հայերեն ու ռուսերեն: Եվ երկրորդ օրինակը՝ 1995-ի նոյեմբերին Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ կնքված մշակութային, գիտական եւ տեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրն է, որի մի կետով. «Կողմերն աջակցում են Հայաստանում ֆրանսերենի ուսուցմանն ու կիրառմանը դպրոցական կրթության հաստատություններում երկլեզու դասարանների ընդլայնման միջոցով, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ երկլեզու ճյուղերի ստեղծման ճանապարհով, որտեղ սոցիալ-տնտեսական պահանջները բավարարելու նպատակով մասնավոր ուշադրություն է հատկացվում մասնագիտական ֆրանսերենին»: Եվ 2007-ի սեպտեմբերից Երեւանում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հովանու ներքո գործում է «Ֆրանսիական դպրոց հիմնադրամը», որտեղ երեխաները կարող են սովորել ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական կրթական համակարգով: «Ես ճշտել եմ՝ այս պահին միայն նախակրթարան կա, մինչեւ 5-րդ դասարանի ուսուցում,- ասաց Իզաբելլա Սարգսյանը:- Եվ հայերենի հենքի վրա՝ նաեւ բոլոր առարկաներն անցնում են ֆրանսերենով»:
Նշենք նաեւ, որ վերոհիշյալ եւ հետագա բոլոր օրինակների վերաբերյալ նրա պնդումներն ունեն համապատասխան փաստաթղթային հիմնավորում՝ ստորագրված համաձայնագրեր, արձանագրություններ, դեսպանատան տարածած հաղորդագրություններ եւ այլն, որոնք փոխանցվել են նաեւ «Առավոտին»: Եվ պատրաստ ենք դրանք տրամադրել այն բոլոր անձանց, որոնք կվիճարկեն այս պնդումների իսկությունը:
Իզաբելլա Սարգսյանը հիշատակեց նաեւ 1997-ի օգոստոսի 29-ին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ ստորագրված բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրի հիման վրա՝ 1999 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության հաստատած՝ «Ռուuաց լեզուն Հայաuտանի Հանրապետության կրթության համակարգում եւ մշակութային-հաuարակական կյանքում» հայեցակարգը: Այստեղ ե՛ւ նշված է. «Ռուuաց լեզվով խորացված ուuուցման փորձ եւ պայմաններ ունեցող դպրոցներին հնարավորություն տալ կազմակերպել ռուuաց լեզվով խորացված (տարբերակված, հոuքային) ուuուցում», ե՛ւ ռուuաց լեզվի խորացված ուuուցմամբ դպրոցների ծրագրում ավելացվում են նոր առարկաներ՝ «Ռուuաuտանի երկրագիտություն» (ռուuերեն), իսկ ավագ դաuարաններում՝ «Ռուu գրականություն»: Մեր զրուցակիցը մեջբերեց 2003-ին ՌԴ ԱԳ նախարարության «Ռուսերենն աշխարհում» զեկույցից, որտեղ նշվում է, թե այդ հայեցակարգի ընդունումից հետո բարելավվել է ռուսերենի վիճակը Հայաստանում՝ 16 դպրոցներ անցել են ռուսաց լեզվի խորացված ուսուցման, իսկ 2003-ին դրանք արդեն 30-նն էին. «Ռուսերենի ուսուցումն այդ դպրոցներում սկսվում է առաջին դասարանից, եւ որոշ առարկաներ դասավանդվում են ռուսերեն»: ՌԴ ԱԳՆ-ն նաեւ հիշատակում է, որ հայեցակարգում սահմանվեց երկլեզու ուսուցման հասկացությունը. «Ներկայումս երկլեզու դասարաններ են գործում՝ հատուկ ստեղծված դասագրքերով, Երեւանի 4 եւ Գյումրիի 2 դպրոցներում»:
Եվ վերջապես՝ մի մեջբերում էլ արեց 2009-ին ընդունված «Հանրակրթության մասին» օրենքի 14 հոդվածից. «Ուսումնական հաստատությունը վճարովի հիմունքներով կարող է իրականացնել հանրակրթական եւ(կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաեւ այլ ծառայություններ»: Այս դրույթի առնչությամբ Իզաբելլա Սարգսյանի մեկնաբանությունն էր. «Այսինքն՝ եթե մենք խոսում ենք մասնավոր ծրագրերի մասին, ցանկացա՛ծ դպրոց, այդ թվում նաեւ վճարովի հիմունքներով գործող, կարող է դասավանդել ցանկացա՛ծ առարկա՝ ցանկացա՛ծ լեզվով: Եվ ես նաեւ ճշտել եմ, որ մեր հանրակրթական դպրոցներում, որոնցից մեկը թիվ 119 դպրոցն է՝ հաստատված ուսումնական պլանով մինչ այսօր մի քանի առարկաներ դասավանդվել են ֆրանսերեն»:
ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպումների ժամանակ Իզաբելլա Սարգսյանը մեջբերում էր նման փաստեր, եւ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ի վերջո ասաց, թե խորացված ուսուցմամբ այն դպրոցները, որոնք մինչ այժմ բարձր դասարաններում 4 առարկա դասավանդել են օտար լեզուներով՝ խախտել են օրենքը: Այս մասին մեր հիշեցմանը Իզաբելլա Սարգսյանն այսպես արձագանքեց. «Եթե այս ամենը «Լեզվի մասին» օրենքի խախտումներ են, ապա այն մարդիկ, որոնք կայացրել են այս որոշումները, կնքել պայմանագրերը ու թույլ են տվել, որ այդ դպրոցները գործեն՝ պետք է ենթարկվեն պատասխանատվության, ձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ եւ այլն: Ինքս չեմ կարծում, թե այս ամենը որեւէ կերպ հակասում է օրենքին, քանի որ «Լեզվի մասին» օրենքն ընդամենն ասում է, թե Հայաստանում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Բոլոր այս դպրոցներում, սահմանված չափանիշների համաձայն, հիմնական առարկաներն անցնում են հայերեն, իսկ լրացուցիչ՝ նաեւ առարկաներ ֆրանսերենով, անգլերենով ու ռուսերենով»:

Հ. Գ. Ի դեպ, մեր զրուցակցի մասին հայտնենք, որ ավարտելով Չարենցի անվան հայկական դպրոցը՝ Իզաբելլա Սարգսյանը բարձրագույն կրթությունը ստացել է Մեծ Բրիտանիայում եւ ավարտել Լոնդոնի Տնտեսագիտության եւ քաղաքագիտության համալսարանը, որն աշխարհի 10 լավագույն բուհերից է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել