Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեքշաբթի օրը բավարարեց 58-ամյա Աշոտ Հարությունյանի գանգատը Հայաստանի դեմ: Բազմաթիվ հիվանդություններով տառապող Հարությունյանը պատժի ժամկետը լրանալուց 1 տարի առաջ մահացել է կալանավայրում՝ 2009-ի հունվարին: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ տնտեսական հանցագործության համար մեղադրվող եւ 2003-ից անազատության մեջ գտնվող Աշոտ Հարությունյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: ՄԻԵԴ-ը, բավարարելով Հարությունյանի գանգատը, որոշել է, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքները, ինչի դիմաց Հայաստանը 16 հազար եվրո փոխհատուցում պետք է վճարի Հարությունյանի դստերը: Աշոտ Հարությունյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը «Ազատությանն» ասել է, որ իրենց գանգատում ներկայացրել էին, որ դատական նիստերի ընթացքում իր պաշտպանյալին պահում էին ճաղավանդակում, ինչը նվաստացնում եւ վիրավորում էր Հարությունյանի արժանապատվությունը: Բացի այդ, չնայած բազմաթիվ բողոքներին, քրեակատարողական հիմնարկների վարչակազմը ուշադրություն չէր ցուցաբերում այն փաստին, որ Ա. Հարությունյանը տառապում է սրտի, շաքարային դիաբետի եւ աղիքային համակարգի ծանր հիվանդություններով: 2007-ին Աշոտ Հարությունյանը վաղաժամկետ ազատ է արձակվել, բայց Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ, եւ Հարությունյանը նորից կալանավորվել է: «Կալանավորվել է որոշակի մարդկանց ուղղակի ցուցումով՝ այդ վիճակում գտնվող Աշոտ Հարությունյանին վիրահատելու ու բուժօգնություն ցույց տալու փոխարեն: Ուղղակի նպատակ է եղել այդ մարդու տառապանքները սաստկացնել: Նրա դատավարական հակառակորդը այսօր բավականին հայտնի եւ հարուստ անձնավորություն է, որին հովանավորում էր ՀՀ գլխավոր դատախազը, եւ ՄԻԵԴ հասցեագրված գանգատի մեջ դա նշված է եղել»,- ասել է փաստաբանը:
Արդյունքում պետությունը հարկատուների հաշվին է փոխհատուցում վճարելու Աշոտ Հարությունյանի դստերը: Սովորականի պես՝ պատասխանատվության չեն ենթարկվելու կոնկրետ այն անձինք, ում մեղքով ոտնահարվել են դատապարտյալի իրավունքները: Ի դեպ, ներկայումս ՄԻԵԴ-ում են գտնվում նաեւ նմանատիպ գանգատներ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի կողմից: