Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՒ ԱՊՈՒՇ ԵՍ ՈՒ ԱՆԳՐԱԳԵՏ»

Հունիս 17,2010 00:00

Երեկ «Դուպլեքս» ակումբում հյուրընկալված ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին «Առավոտը» հիշեցրեց, որ ե՛ւ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը, ե՛ւ «Human Rights Watch»-ը խստորեն քննադատեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում ԱԺ հունիսի 10-ին ընդունած փոփոխությունները: Իսկ «Human Rights Watch»-ը ՀՀ նախագահին նաեւ հորդորեց խուսափել այդ օրենքի ստորագրումից եւ այն վերադարձնել ԱԺ-ին: Մեր հարցին ի պատասխան, թե արդյոք կընդունվի՞ այդ հորդորը, եւ եթե ոչ՝ սա ինչպե՞ս կանդրադառնա հունիսի 22-ին ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցի սպասվելիք քննարկման ընթացքի վրա, Վահան Հովհաննիսյանը նախ հիշեցրեց, որ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկել այդ փոփոխություններին. «Հասկանալի է, որ միջազգային կազմակերպություններում անպայման նույնպես կան մտահոգություններ՝ կապված այս օրենքի հետ, որոնք եւ արտահայտվել են: Կընդունվի՞ հորդորը, թե՞ ոչ: Ո՛չ: Ես կարծում եմ, որ չի ընդունվի: Բայց նկատի կառնվի: Կունենա՞ն դրանք հետեւանքներ, մեզ համար դժվարություններ ԵԽԽՎ-ում։ Անշո՛ւշտ՝ կունենան, եւ մեր պատգամավորները հերոսաբար կմարտնչեն դրանք հաղթահարելու համար։ Իսկ հետո, մոտավորապես աշնանը, բոլորն այլեւս կհասկանան, որ սխալ են արել, բայց երբեք ու երբեք սխալի հեղինակը չի պատժվի, սխալի հեղինակին ապտակ չեն տա, չեն ասի, որ դու ապուշ ես ու անգրագետ՝ այս ի՞նչ ես բերել: Բայց կսկսվի դզելու, շտկելու գործընթացը։ Նորից կբերեն այս օրենքը, կսկսեն ավելորդությունները, հակաժողովրդավարական թեզերը մեջից հանել ու մաքրել: Այդ ամեն ինչը տեղի կունենա, բայց արդեն նրանից հետո, երբ մենք այս օրենքի հետ կապված բոլոր դժվարություններն արդեն կկրենք: Մեր իշխանությունները երբեք ու երբեք ճիշտ քայլը ժամանակին չեն անում: Նրանք այդ քայլն անում են միա՛յն ստիպված, միա՛յն ճնշումներից հետո, միա՛յն այն բանից հետո, երբ հասկանում ու տեսնում են, որ իրենց սխալը կամ թերացումն աննկատ չանցավ:  Այնպես որ՝ հիմա չեն ընդունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել