Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Հունիս 17,2010 00:00

Փորձը ցույց է տալիս, որ ԵԽԽՎ-ն թքած ունի Հայաստանի վերաբերյալ իր ընդունած չորս բանաձեւերի կատարման ընթացքի վրա: Նրան ավելի շատ հետաքրքրում են «գլոբալ» հարցեր, ինչպիսին է ԼՂ հարցով ԽՎ ենթահանձնաժողով ստեղծելը:

\"\"

Հունիսի 21-25-ը Ստրասբուրգում կգումարվի ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Դրա ընթացքում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը երեք նիստ է գումարելու, բայց դեռեւս պարզ չէ, թե արդյոք Հայաստանի հարցն այդ նիստերից որեւէ մեկում քննարկման առարկա կդառնա՞: Այդ մասին երեկ «Առավոտին» տված հարցազրույցում ասաց ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի հարցով համազեկուցողներ պարոնայք Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը Երեւան չեն այցելել, թեեւ նման խոստում տվել էին եւ պարտավորություն էլ ունեին: Ու քանի որ նրանց այցը Հայաստան մինչ օրս էլ տեղի չի ունեցել, ուստիեւ՝ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգի հանձնաժողովում հարցադրումներ ու քննարկումներ էլ չեղան: «Ինչպես գիտեք, համազեկուցողներն արդեն մի քանի անգամ հետաձգել են իրենց այցելությունը տարածաշրջան, ինչպես նաեւ չեն ներկայացել մոնիտորինգի հանձնաժողովի մի քանի նիստերի, ինչն անհնար է դարձրել Հայաստանի հարցի հանգամանալից քննարկումը: Այցելության վերաբերյալ որեւէ կոնկրետ ժամանակացույց չկա, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում համազեկուցողներն ու մոնիտորինգի հանձնաժողովը Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի դիտարկման իմաստով որեւէ լուրջ բան չեն էլ ձեռնարկի: Բացի այդ, լրացել է Հայաստանի հարցով համազեկուցողներից մեկի՝ պարոն Կոլոմբիեի պաշտոնավարման ժամկետը, եւ նրան որեւէ մեկն այդ պաշտոնում պետք է փոխարինի: Ինձ թվում է՝ համազեկուցողների Հայաստան կատարելիք այցելության մասին կարելի կլինի խոսել միայն այդ նոր նշանակումից հետո: Ինչ վերաբերում է մոնիտորինգի հանձնաժողովի առաջիկա նիստին, ապա այնտեղ նախատեսվում է Հայաստանի հարցի, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ի պահանջից բխող որոշ բարեփոխումների ժամանակացույցի քննարկում: Հուսանք, որ այս անգամ էլ այդ քննարկումները չեն հետաձգվի»,- ասաց Արման Գրիգորյանը:
Վերջինս նաեւ ասաց, որ ինքը՝ որպես ԵԽԽՎ-ում Կոնգրեսի ներկայացուցիչ, ե՛ւ Մոնիտորինգի հանձնաժողովի ներկայացուցչին, ե՛ւ Հայաստանի հարցով համազեկուցողներին արդեն ներկայացրել է ՀԱԿ-ի դիրքորոշումը համազեկուցողների Հայաստան կատարելիք այցի ու նաեւ մոնիտորինգի հանձնաժողովում ԵԽԽՎ բանաձեւերի պահանջներից բխող բարեփոխումների իրականացման ժամանակացույցի քննարկման բազմաթիվ հետաձգումների վերաբերյալ: «ՀԱԿ-ը գտնում է, որ այդ հետաձգումները դառնում են պարզապես անընդունելի: Նրանք (ԵԽԽՎ պաշտոնյաներին նկատի ունի- Ն. Մ.) իրենք էլ շատ լավ գիտեն, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում որեւէ առաջընթաց չի եղել, եւ որ իրենց պասիվ կեցվածքը դրա հիմնական պատճառներից մեկն է: Ես հիմա էլ շարունակում եմ նրանց նույն հարցադրումներն անել. ուշադիր կարդացեք ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւը եւ ինձ ասեք՝ ի՞նչ կփոխեիք այդ բանաձեւում, եթե այն այսօր ընդունելու լինեիք: Իմ այս հարցին որեւէ հոդաբաշխ պատասխան ես դեռ չեմ ստացել»,- հայտարարեց ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը՝ հույս հայտնելով, թե հունիսյան նստաշրջանից հետո, թերեւս, որոշակի հարցեր ավելի հստակ կդառնան: Մասնավորապես հայտնի կդառնա, թե ով է փոխարինելու համազեկուցող Կոլոմբիեին, եւ ե՞րբ է համազեկուցողների նոր զույգը վերջապես Հայաստան գալու:
Հայտնի է, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի օրակարգում թեեւ Հայաստանի վերաբերյալ 2008 թ.-ից ի վեր ընդունված 4 բանաձեւերի կատարման ընթացքի մասին հարցադրումներ չեն լինի, այդուամենայնիվ, մեզ առնչվող հարցի քննարկումն ուղղակիորեն անխուսափելի է: Հիշեցնենք, որ նստաշրջանի օրակարգում է ԼՂ խնդրով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի ձեւավորման հարցը: Սա մի նախաձեռնություն է, որով փորձ է արվում կյանքի կոչել 2005թ.-ին ընդունված ԵԽԽՎ թիվ 1416 բանաձեւը, ինչին հայկական պատվիրակությունը դիմակայել չկարողացավ, իսկ փոխարենը ԵԽԽՎ 34 պատգամավորներ՝ ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովի նախաձեռնությամբ, այդ ենթահանձնաժողովի վերակենդանացումն ուղղակիորեն կողջունեն արդեն առաջիկա նստաշրջանում: Նրանց համապատասխան հայտարարությունը դեռ հունիսի 9-ին թիվ 12286 փաստաթղթի տեսքով ներկայացվել է ԵԽԽՎ-ին եւ արդեն նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերի թվում է:
Անդրադառնալով այս նախաձեռնությանն ու Հայաստանի համար դրա պարունակած վտանգներին՝ Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանն ասաց. «Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը կամ ավելի ճիշտ՝ դրա վերակենդանացումը, դատելով վերջերս 34 պատգամավորների կողմից ստորագրված հայտարարությունից, կարծես գնալով ավելի հավանական է դառնում: Դա խիստ անցանկալի ընթացք է՝ երկու պատճառով: Նախ՝ դրանով կստեղծվի ինչ-որ նոր ձեւաչափ, ինչը կարող է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին այլընտրանք դառնալու հավակնություններ ունենալ: Երկրորդ, թեեւ դա ինքնին անցանկալի է, բայց այս դեպքում հատկապես, որովհետեւ այդ ենթահանձնաժողովի գործունեության ուղեցույցը թիվ 1416 բանաձեւն է, որը հայկական կողմի համար անբարենպաստ անվանելը շատ մեղմ որակում է թվում: Եթե այդ ենթահանձնաժողովն իսկապես ձեւավորվի ու սկսի աշխատել, ապա այդ խայտառակ բանաձեւի դրույթները կարող են ավելի ու ավելի լեգիտիմ թվալ միջազգային հանրությանը: Սկզբունքորեն դրանք կարող են նույնիսկ ազդել բանակցությունների օրակարգի վրա: Օրինակ, բանաձեւում կա ադրբեջանցիների նկատմամբ էթնիկական զտում իրականացրած լինելու շատ լուրջ մեղադրանք, եւ դա հեշտությամբ կարող է օգտագործվել հայկական կողմի դեմ, եթե այդ մեղադրանքի միակ հեղինակներն այլեւս ոչ միայն ադրբեջանցիներն են, այլեւ ԵԽԽՎ-ն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել