Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՏՔ Է ՊԱՐԿԵՇՏ ԼԻՆԵԼ»

Հունիս 17,2010 00:00

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը վստահ է, որ այս դեպքում ժողովրդի վստահության քվեն ապահովված է:

\"\"

– Դուք հայտնի չեք որպես քաղաքական գործիչ, սակայն, մեր տեղեկություններով, բավականին ակտիվ օեկական եք եւ ձեզ հաջողվում է ընտրությունների ժամանակ շատ արդյունավետ աշխատել հօգուտ ՕԵԿ-ի, եւ ընտրությունների ժամանակ կարողանում եք մեծ թվով ձայներ ապահովել: Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում:
– Կարծում եմ՝ դուք պետք է հիշեք, որ ես մեծամասնական ընտրակարգով Աջափնյակ համայնքում մասնակցել եմ 2007-ի խորհրդարանական ընտրություններին: Ծնվել եւ մեծացել եմ Աջափնյակ համայնքում, եւ աջափնյակցիները ինձ լավ են ճանաչում, եւ, անհամեստ չհնչի, իմ ընտրողները ինձ հարգում են: Նրանք ծանոթ են իմ գործունեությանը ոչ միայն որպես պատգամավորության թեկնածուի, այլեւ որպես գործարարի: Ի դեպ, ասեմ, որ մարդկանց սերն ու վստահությունը վայելելու համար հարկավոր է լինել պարկեշտ մարդ, նվիրված եւ մարդկանց օգնող: Իմ կենսագրության ընթացքում համոզվել եմ՝ եթե դու հասկանում ես մարդկանց խնդիրները եւ օգնության ձեռք ես մեկնում, մարդիկ հավատում եւ վստահում են քեզ: Որպես հայ մարդ՝ միշտ էլ պայքարել եմ հանուն մեր ազգի արժանապատիվ կյանքի, օրենքի եւ արդարության հայրենիք ստեղծելու, օրինաց երկիր կառուցելու գաղափարի՝ մարդկային փոխհարաբերություններում կարեւորելով պարկեշտության սկզբունքները: Ինքս զինվորական սպա եմ, եւ մարդու պատիվն ու արժանապատվությունն ինձ համար վեր է ամեն ինչից: Կարծում եմ՝ հենց իմ այս սկզբունքներն էլ հաշվի առնելով եւ հարգելով՝ 2007-ի խորհրդարանական ընտրություններում շուրջ 7 հազար աջափնյակցիներ քվեարկեցին իմ օգտին, իսկ արդեն 2008-ի նախագահական ընտրություններում նույնքան ընտրող ձայն տվեց ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին:
– Պատգամավորական գործունեության փորձ չունեք, ինչպե՞ս եք պատկերացնում ձեր գործունեությունն օրինաստեղծ ոլորտում:
– Ինքս, լինելով ակտիվ եւ նախաձեռնող մարդ, անելու եմ ամեն ինչ, որպեսզի իրականացնեմ այն ծրագրերն ու նպատակները, որ դրել եմ իմ առաջ: Եթե նկատել եք, վերջին քառօրյա նիստերի ընթացքում ինձ հատկացված պատգամավորական աթոռը երբեք դատարկ չի մնացել, ակտիվորեն հետեւել եմ նիստերին, քննարկումներին, մասնակցել եմ 2009-ի բյուջեի կատարողականի քննարկումներին, հարցեր եմ բարձրացրել, մասնակցում եմ հանձնաժողովների աշխատանքներին: Թեպետ ընդամենը երկու տարի է մնացել մինչեւ այս գումարման խորհրդարանի աշխատանքի ավարտը, սակայն կարծում եմ՝ կհասցնեմ իրականացնել իմ առջեւ դրված խնդիրները, ինտեգրվել խորհրդարանական աշխատանքին եւ արդարացնել իմ ընտրողների վստահությունը:
– Դուք եւս գործարար եք, միաժամանակ՝ պատգամավոր, ձեզ համար ընդունելի՞ է գործարար-պատգամավոր երկվությունը:
– Եթե նայենք ճշմարտության աչքերին, ապա Հայաստանում չկա թեկուզ մեկ պաշտոնյա կամ քաղաքական գործիչ, որը ինչ-որ չափով գործարար չէ: Մյուս կողմից էլ՝ ՀՀ Սահմանադրությունն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռներեցությամբ: Ես հարգում եմ օրենքները, երկրի գլխավոր օրենքը՝ հատկապես, եւ երբ ստացա պատգամավորական մանդատս, որոշեցի, որ այս ընթացքում զբաղվելու եմ միայն այն գործունեությամբ, որը թույլ է տալիս ԱԺ պատգամավորի մանդատը:
– «Օրինաց երկիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցեց որպես ընդդիմություն, այսօր իշխանական կոալիցիայի մաս է կազմում: Որպես օեկական, ինչպե՞ս եք գնահատում ձեր կուսակցության կոալիցիոն գործունեությունը:
– «Օրինաց երկիրը» որոշելով մաս կազմել կոալիցիային՝ առաջին հերթին իր առջեւ նպատակ է դրել կյանքի կոչել կուսակցության նախընտրական ծրագրերը, համարելով, որ իշխանությունը պատասխանատվություն եւ միջոց է՝ դրանք իրականացնելու համար: Կարծում եմ՝ ՕԵԿ-ը հենց այդպես էլ իրականացնում է իր կոալիցիոն գործունեությունը: Դեռ վաղ է գնահատական տալ կոալիցիոն համագործակցության քաղաքականությանը: Վստահ եմ, որ ամենից լավ դատավորը ի վերջո ժողովուրդն է: Այդ քաղաքականության գնահատականը կտրվի 2012-ին՝ խորհրդարանական ընտրություններում:
– Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը:
– 2008-ի նախագահական ընտրություններում ես, որպես քաղաքացի, եղել եմ ընդդիմադիր թեկնածու Արթուր Բաղդասարյանի ամենաակտիվ աջակիցներից մեկը: Այսօր, երբ բավականին ժամանակ է անցել, եւ ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը կայացել է եւ որոշակի իրական ու տեսանելի քայլեր է կատարել, նրա կողմից իրականացվող արտաքին նախաձեռնողական քաղաքականությունը համարում եմ բավականին արդյունավետ: Այս քաղաքականության շնորհիվ բարձրացավ Հայաստանի միջազգային վարկանիշը: Երկրի ներսում այսօր իրականացվող բարեփոխումները բավարար համարելը դեռ վաղ է: Իմ խորին համոզմամբ, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը մեր երկրում լուրջ անկում է ապրում: Ես կողմնակից եմ հետեւյալ սկզբունքին. «Ավելի լավ է հարյուր մարդ ունենա մեկական խանութ, քան մեկ մարդ՝ հարյուր խանութ»: Մինչդեռ, հավատի եւ վստահության լուրջ դեֆիցիտ է առաջացել իշխանություն-գործարար փոխհարաբերություններում: Մասնավորապես, նկատի ունեմ այն իրավիճակը, որն առաջացել է ձկնարդյունաբերությամբ զբաղվող ձեռներեցների շրջանում: Կարծում եմ՝ կորցրած հավատի եւ վստահության վերականգնման համար անհրաժեշտ է սանձել որոշ օլիգարխների ամբիցիոզ ախորժակը եւ վերջ դնել նրանց հետեւյալ գործելակերպին՝ «Սա ինձ, սա էլ ինձ, սրան էլ ձեռք տվողի…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել