Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՌԵԿՈՐԴՆԵՐ , ՀԵՐՈՍՆԵՐ, ՊԱՏԻԺՆԵՐ…

Հունիս 16,2010 00:00

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ֆուտբոլի աշխարհի գավաթի խմբային մրցաշարի հանդիպումներն ընդհանուր առմամբ դեռ դիտարժանությամբ այնքան էլ աչքի չեն ընկնում: Սա հաստատում են նաեւ ճանաչված մասնագետներն ու խաղերը լուսաբանող փորձառու մեկնաբանները:

Սակայն ամենատես լրագրողների ու լուսանկարիչների աչքից, այնուամենայնիվ, հետաքրքիր իրադարձությունները եւ ակնթարթները չեն վրիպում, որոնք իրենց մեկնաբանություններն ու վերլուծություններն են ստանում լրատվամիջոցների եւ գործակալությունների թողարկումներում: Մասնավորապես, աշխարհի առաջնության երրորդ օրը առանձնացել է նրանով, որ կայացած բոլոր երեք հանդիպումներում մրցավարները ստիպված ֆուտբոլիստ են հեռացրել խաղադաշտից: Սերբ Ալեքսանդր Լուկովիչը միեւնույն հանդիպումում կոպիտ խաղի համար երկու անգամ դեղին քարտի արժանանալով՝ լքել է խաղադաշտը եւ դրանից 10 րոպե անց մրցակիցը, օգտվելով թվային գերակշռությունից, 11 մետրանոց է վաստակել եւ խփել միակ եւ հաղթական դարձած գոլը:

Հեռացման ռեկորդակիրը

Ալժիր-Սլովենիա խաղի ժամանակ աֆրիկացիների խաղացող Աբդելկադեր Գազզելը, որին մրցակցի տուգանային հրապարակում երկու անգամ ձեռքով խաղալու համար մրցավարը դուրս հրավիրեց դաշտից, դարձավ յուրօրինակ ռեկորդի հեղինակ՝ գերազանցելով ուրուգվայցի Լոդեյրոյին: Վերջինս խաղադաշտում հասցրել էր անցկացնել ընդամենը 18 րոպե: Իսկ ահա ալժիրցին դիմացավ դրանից երեք րոպե պակաս:

Օրվա սխալը-2

Նույն խաղում Ալժիրի հավաքականի դարպասապահ Ֆաուզի Շաուշին գնաց անգլիացի իր գործընկերոջ՝ Ռոբերտ Գրինի հետքերով եւ դարձավ երկրորդ դարպասապահը, որի սխալը էական ազդեցություն ունեցավ հանդիպման ելքի վրա: Ռոբերտ Կորենի ցածրից կատարած հարվածն անքան թույլ էր, որ անգամ սկսնակ դարպասապահը պարտավոր էր այն որսալ: Սակայն Շաուշին այնքան անվստահ գործեց, որ, փաստորեն, գնդակին դարպասի գիծը հատել չխանգարեց:

Օրվա ամենախիստ պատիժը

ՀԱՀ-ում առավելագույն չափով՝ 11 մետրանոց հարվածով, պատժվեց Սերբիան, մասնավորապես՝ պաշտպան Զդրավկո Կուզմանովիչը, որը սեփական տուգանայինում դիտավորյալ եւ բացահայտ ձեռքով խաղաց: Ճիշտ է, նա գլխավոր մրցավար Հեկտոր Բալդասսիին երկար ժամանակ համոզում էր, թե ոչ մի վատ բան չի արել: Սակայն արգենտինացին չփոխեց վճիռը: Գանացի Ասամո Գյանի հարվածը դիպուկ էր: Սերբիան պարտվեց:

Առաջնության հերոսը

«Առաջին համարների» այսպիսի սխալները շատերը վերագրում են պաշտոնական գնդակի (դրան տրվել է «Ջամբուլանի» անունը) առանձնահատկություններին եւ, ըստ ամենայնի, այդ գնդակն աստիճանաբար դառնում է աշխարհի առաջնության հերոսներից մեկը:

Օրվա «պատը»

Սերբիայի հետ խաղում Գանայի հավաքականի դարպասապահ Ռիչարդ Քինգսոնի դարպասի մոտ, ճիշտ է, այնքան էլ շատ գոլային պահեր չեղան, սակայն հենց նրա միջամտության կարիքն էր լինում՝ դարպասապահը գործում էր հուսալի, ինչպես պատը:

Օրվա ջոկերը

Ավստրալիայի հետ խաղում փոխարինման ելած գերմանացի հարձակվող Կակաուից ընդամենը մեկ րոպե պահանջվեց մրցակցի դարպասը գրավելու համար: Խաղից հետո ծագումով բրազիլացին ասել է, թե շատ է սիրում Գերմանիան, որը դարձել է իր երկրորդ հայրենիքը:

Օրվա հյուրը

Ալժիր-Սլովենիա խաղի ժամանակ ստադիոնի օթյակներից մեկում երեւացել է Զինեդին Զիդանը: Եվ դա բնական է, քանի որ Զիդանի արմատներն Ալժիրից են ու նա պարտավոր էր գալ ու երկրպագել հարազատ երկու հավաքականներից այս մեկին:

Փողասերը

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն խիստ քննադատության է ենթարկել Արգենտինայի հավաքականի մարզիչ եւ ֆուտբոլասերների կուռք Դիեգո Մարադոնային: Ֆուտբոլի արքան ասել է. «Մարադոնան իր երկրի հավաքականը գլխավորել է միայն այն պատճառով, որ փողի կարիք ուներ: Ես տեսել եմ, թե արգենտինացիներն ինչպիսի՞ խնդիրների են բախվել ընտրական փուլում: Բայց դա Մարադոնայի մեղավորությունը չէ, այլ նրանց, ովքեր թիմի ղեկը վստահել են նրան»:

Ովքե՞ր են մրցավարները

ՀԱՀ-ում աշխարհի առաջնության խաղերը սպասարկելու համար ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրավիրել է 29 գլխավոր մրցավարի եւ նրանցից յուրաքանչյուրին մեկ հանդիպում վարելու դիմաց վճարելու է $45 հազար: Սակայն մրցավարությունը նրանց միակ մասնագիտությունը չէ, եթե չասենք՝ երկրորդը: Նիկեի սպասավորներն ունեն իրենց հացը վաստակելու ավելի կայուն աղբյուրներ:

Պաբլո Պոցո, 37 տարեկան, Չիլի, աուդիտոր:

Վոլֆգանգ Շտակ, 40 տ., Գերմանիա, բանկային ծառայող:

Հեկտոր Բալդասսի, 44 տ., Արգենտինա, բիզնեսմեն:

Ստեֆան Լուննա, 40 տ., Ֆրանսիա, տեսախաղերի դիստրիբյուտոր:

Կառլոս Սիմոն, 44 տ., Բրազիլիա, լրագրող:

Ֆրանկ դե Բլեկերե, 43 տ., Բելգիա, աստիճանների եւ դռների վաճառքի մենեջեր:

Կառլոս Բարտես, 42 տ., բնական գիտությունների բակալավր:

Մայքլ Էսթեր, 38 տ., Նոր Զելանդիա, սպա:

Մասսիմո Բուզակկա, 40 տ., Շվեյցարիա, ռեստորանատեր:

Մարտին Հանսոն, 39 տ., Շվեդիա, հրշեջ:

Հովարդ Ուեբբ, 38 տ., Անգլիա, ոստիկան:

Մարտին Վասկես, 41 տ., Ուրուգվայ, ծառայող:

Ալբերտո Ունդինո Մալյենկո, 36 տ., Իսպանիա, սոցիոլոգ:

Օլեգարիո Բենկերենսա, 40 տ., Պորտուգալիա, ապահովագրական գործակալ:

Ռաֆշան Իրմատով, 32 տ., Ուզբեկստան, մարզիչ:

Վիկտոր Կաշշաի, 34 տ., Հունգարիա, տուրիստական գործակալ:

Ռոբերտո Ռոզետտի, 42 տ., Իտալիա, ֆիզիոթերապեւտ:

Կոման Կուլիբալի, 39 տ., Մալի, ֆինանսական տեսուչ:

Ժերոմ Դամոն, 38 տ., ՀԱՀ, անգլերենի ուսուցիչ:

Պիտեր Օ՝ Լիրի, 38 տ., Նոր Զելանդիա, կենսաբանության ուսուցիչ:

Ժոել Ագիլար (34 տ., Սալվադոր), Մարկո Ռոդրիգես (36 տ., Մեքսիկա), Հալիլ Իբրահիմ ալ Համդի (39 տ., Սաուդյան Արաբիա), Սուբհիդդին Մոհդ Սալլեհ (43 տ., Մալայզիա) ֆիզկուլտուրայի ուսուցիչներ:

Օսկար Ռուիս (41 տ., Կոլումբիա), Բենիտո Արչունդիա (44 տ., Մեքսիկա), իրավաբաններ:

Յուչի Նիշիմուրա, 38 տ., Ճապոնիա, ֆուտբոլի մրցավար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել