Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակյանցի «Անահիտը»

Հունիս 16,2010 00:00

«Ռոբերտ Սահակյանց» պրոդաքշնը Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատվերով սկսել է «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի նկարահանումը՝ Ղազարոս Աղայանի համանուն ստեղծագործության մոտիվներով։

Երեկ «Արարատ» հյուրանոցում կայացավ մուլտֆիլմի ստեղծագործական խմբի ասուլիսը: Այն սկսվեց 20 րոպե ուշացումով. կազմակերպիչները սպասում էին «Հ1»-ի լրագրողին:

Նկարիչ-մուլտիպլիկատոր, «Անահիտի» բեմադրող ռեժիսոր Դավիթ Սահակյանցի բնութագրմամբ, ֆիլմը նկարահանվում է մուլտիպլիկացիայի ժամանակակից նրբությունները նկատի ունենալով. «Անահիտ» ֆիլմում հիմնական շեշտը դրվելու է համամարդկային արժեքների վրա՝ սեր, բարություն, աշխատասիրություն։ Ռոբերտ Սահակյանցի ոճը պահպանվելու է՝ համատարած շարժում կամ տոտալ մուլտիպլիկացիայի ճանապարհ»։

Սցենարի վրա աշխատել է Սահակյանցների ողջ ընտանիքը, իսկ երկխոսությունների մեծ մասը գրել են Վահրամ Սահակյանը, Վարդան Զադոյանն ու Լեւոն Գալստյանը։ Ֆիլմի հերոսներին ձայնավորելու են Խորեն Լեւոնյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը, Վարդան Զադոյանը, Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, Ռաֆայել Քոթանջյանն ու Դավիթ Բաբայանը։ Ձայնավորումից բացի, ֆիլմում հնչելու է հինգ երգ, որը եւս կատարելու են նշված դերասանները: «Այս անունները ապացուցում են, որ ե՛ւ սցենարային մասից, ե՛ւ դերասանական կազմից ոչ մի մտավախություն չկա: Մնում է պարզապես նկարել, ինչի վրա աշխատում են 20-25 նկարիչ»:

Կերպարների մասով էլ ասաց. «Բացի բուն հերոսներից, կլինեն նաեւ խոսող կենդանիներ. Անահիտի նժույգը՝ Անդոկը, ում ձայնավորել է Մկոն, եւ Վաչագանի հավատարիմ շունը՝ Զանգին, Վարդան Զադոյանի ձայնով»։

Դ. Սահակյանցը նշեց, որ ֆիլմը ֆինանսական խնդիրների պատճառով կնկարահանվի երեք տարում: Այսինքն՝ պրեմիերան կսպասվի միայն 2012 թվականին:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն էլ խոստացավ, որ ֆիլմը պետք է համապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին. «Ե՛վ ձայնը, ե՛ւ պատկերաշարը պետք է լինեն ամենաբարձր որակի: Ֆիլմում ներգրավված են հանրապետության լավագույն ուժերը: Այսինքն՝ փորձում ենք պահպանել հայկական անիմացիայի ավանդույթը եւ անունը»:

Քանի որ Ազգային կինոկենտրոնի տնօրենը մոռացավ ներկայացնել նաեւ ֆիլմի ֆոնային երգը, երգչուհի Շուշան Պետրոսյանը չկորցրեց իրեն՝ տեղեկացնելով, որ խոսքերի հեղինակն ինքն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել