Լրահոս
Օրվա լրահոսը

Vivacell-MTS-ը՝ մշակույթի բարեկամ

Հունիս 16,2010 00:00

Ընկերությունը 2010թ. 1 մլրդ 86 մլն դրամ է ներդրել մշակույթի ոլորտում

«Երանի մեր ընկերությունը կարողանար անել ավելին, բայց յուրաքանչյուր ընկերության գործունեությունը սահմանափակվում է իր բյուջեով: Ինչպես ամեն տարի, 2010-ին էլ մշակույթի ոլորտում մեր նախատեսած ներդրումները նույն չափով կարողացանք իրականացնել: Եթե ասում ենք, որ հայ ենք, ուրեմն խոսում ենք մեր ինքնության մասին, իսկ ինքնությունը կանգնած է ամուր հենասյուների վրա, այդ հենասյուներից մեկը մշակույթն է»,- երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Vivacell-MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքով, շատ երկրներ ունեն այլ հարստություններ, Հայաստանն էլ մեծահարուստ է մշակույթով. «Ինչո՞ւ չպաշտպանենք, չզարգացնենք եւ ինչո՞ւ չապահովենք այն հաջորդ սերունդներին փոխանցելու երաշխիքները»: Պարոն Յիրիկյանի խոսքով, նախորդ տարիների պես այս տարի եւս մշակութային ծրագրերում ընկերությունն ընդհանուր առմամբ ներդրել է 1 մլրդ 86 մլն դրամ. «Մշակույթին աջակցելով՝ աշխարհի հետ մշակութային երկխոսության կայացման նպատակ ունենք՝ մեր պատմական արժեքները ներկայացնելու միջոցով»:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով էլ. «Իրականում վերջին տարիներին Հայաստանում մշակութային կյանքի զարգացումը մեծապես պայմանավորված է նրանով, որ մեր կողքին է Vivacell-MTS ընկերությունը, որ մեր հովանավորներից առաջատարն է»: Նրա ձեւակերպմամբ, ընկերության ֆինանսավորման շնորհիվ Մհեր Մկրտչյանի մասին պատմող հոբելյանական ֆիլմը հուլիսի 4-ին կցուցադրվի ռուսական OPT հեռուստաալիքով:

2006-ից սկսած, Vivacell-MTS-ը իր հովանավորության տակ առավ հուշարձանների պահպանության, թատրոնի, ֆիլմարտադրության ոլորտները եւ տարբեր համերգային ծրագրերի աջակցությունը: Ընկերության մշտական հովանավորության տակ են «Ոսկե ծիրան» կինոփառատոնը եւ դասական երաժշտության «Ազգային պատկերասրահ», «Վերադարձ» եւ Գյումրիի միջազգային մանկապատանեկան փառատոները:

Նախարարի խոսքով, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ եւ երիտասարդական նվագախմբերը եւս կազմակերպության մշտական հովանավորության ներքո են, ֆինանսական աջակցություն են ստացել նաեւ Կոմիտասի քառյակը եւ Հայաստանի պետական երգչախումբը: «Այս կազմակերպությունը պատասխանատվություն է ստանձնել զարկ տալ մշակութային կյանքին, մեր հոգսը նրանց հոգսն էլ է, ցանկանում ենք, որ ընկերության գործերը միշտ այնքան լավ լինեն, որ մեր կողքին կանգնեն»,- մաղթեց նախարարը:

Կորպորատիվ պատասխանատվության նկատմամբ Vivacell-MTS-ի մոտեցումը ոչ միայն ընդունելի է դարձել, այլեւ կարեւոր ռազմավարության է վերածվել հայաստանյան մի շարք կազմակերպությունների համար: Յուրաքանչյուր հասարակության պատմություն արտացոլվում է նախ եւ առաջ իր արվեստում եւ մշակույթում: Ընդունելով այս փաստը, Vivacell-MTS-ն ապացուցել է, որ մեր երկրում մշակույթի բարեկամն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել