Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՐԿԻՆ ԲԵՄ ԿԲԱՐՁՐԱՆԱՄ…»

Հունիս 16,2010 00:00

Խոստանում է ՀՀ ժողովրդական արտիստուհի Լեյլի Խաչատրյանը

Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստուհի Լեյլի Խաչատրյանի հոբելյանական երեկոն: Օրվա հերոսուհուն հանդիսականը դիմավորեց ջերմ ու սրտառուչ ծափահարություններով, իսկ թատրոնի երիտասարդ դերասանները՝ Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» դրամայի համար գրված վալսով, ինչը ամենեւին էլ պատահական չէր: Լ. Խաչատրյանը մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի եղբոր դուստրն է: Իր հարցազրույցներում տիկին Լեյլին հաճախ է խոսել Արամ Իլյիչի մասին: Երեկոն վարում էին թատրոնի դերասաններ Իրա Հարությունյանն ու Երվանդ Ենգիբարյանը: Հոբելյանական երեկոյի սցենարն ու մտահղացումը հենց իրենցն էր: Այն ճաշակով էր: Երեկոյին ներկա էր նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Լեյլի Խաչատրյանին շնորհավորեցին արվեստի գործիչներ, մայրաքաղաքի բոլոր թատրոնների ներկայացուցիչները:

Հաղորդավար Ե. Ենգիբարյանը հումորով ասաց, թե հավանաբար ԹԳՄ նախագահը խցանումների պատճառով ներկա չէ միջոցառմանը, այնուհետեւ մի քանի րոպե անց ներողություն խնդրեց, երբ բեմ բարձրացավ ԹԳՄ քարտուղար, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Հենց նրան էր վստահված Լ. Խաչատրյանին ԹԳՄ Ոսկե մեդալն ու պատվոգիրը հանձնելու գործը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին հատվածներ «Ուրիշի մոմերի ներքո», «Խանումա», «Խելքից պատուհաս», «Օհ, այդ ֆրանսիական կատակները», «Հնաոճ կատակերգություն», «Հիշատակման աղոթք» ներկայացումների տեսագրություններից, որտեղ Լ. Խաչատրյանը մարմնավորել է գլխավոր դերեր: Նրա անզուգական խաղը զմայլել է ոչ միայն հանդիսատեսին, այլեւ խստապահանջ թատերգետներին, որոնք իրենց հրապարակումներում արտիստուհուն տվել են ամենաբարձր գնահատականը, իսկ ճանաչված ռեժիսոր Մարկ Զախարովը, տեսնելով «Հիշատակման աղոթքը», ափսոսանքով ասել է. «Ես այդպիսի Գոլդա չունեմ…»:

Մի քանի դերերից այսօր Լ. Խաչատրյա նը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է, հնարավորություն տալով երիտասարդ կադրերին ինքնահաստատվելու ու կայանալու բեմում: Սա էլ խոսում է դերասանուհու մեծահոգության մասին: Հին ճշմարտություն է՝ արտիստները դժվարությամբ են բաժանվում դերերից: Լ. Խաչատրյանին շնորհավորեցին թատրոնին կից ստուդիայի սաները, որոնք հասցրել են անցնել արտիստուհու դպրոցը: Նրանց հետ Լ. Խաչատրյանը շփվել է վոկալի դասերին: Հոբելյարին երաժշտական համարով ողջունեց նաեւ «Սարդարապատ» պարային անսամբլը, իսկ ռեժիսոր եւ Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը նեղսրտած հեռացավ երեկոյից, քանի որ սցենարում չէին նախատեսել իր ելույթը: Երեկոյի վերջում արտիստուհուն մեծարեց եւ նույնիսկ երգեց ու պարեց՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, միշտ երիտասարդական վարակիչ ավյունով լի Ալեքսանդր Գրիգորյանը: Լ. Խաչատրյանն ասաց, որ իր մեջ ուժ կհավաքի եւ նորից բեմ կվերադառնա՝ խաղալու հին դերերը, քանի որ շատ է սիրում եւ կուլիսների հոտը, եւ բեմը, եւ հանդիսատեսին: Մշակույթի նախարարությունից Լ. Խաչատրյանի հոբելյանական երեկոյին ոչ մի ներկայացուցիչ չկար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել