Երեքշաբթի օրը Ղազախստանում ուժի մեջ մտավ «Ազգի առաջնորդի մասին» օրենքը, որը երկրի խորհրդարանում ընդունվելուց հետո նախագահ Նազարբաեւը հրաժարվել էր վավերացրել: Երկրի օրենսդրության համաձայն, սակայն, խորհրդարանը կարողացել էր հաղթահարել օրենքի վրա նախագահի դրած վետոն եւ օրենսդիր մարմնի երկու պալատների ղեկավարներն էլ ստորագրել էին ընդունված օրենքը: Այդ մասին հաղորդել է «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ին: Հիշեցնենք, որ Ղազախստանի խորհրդարանը դեռ մայիսի կեսերին էր սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարել, որոնցով նախագահ Նազարբաեւը օժտվելու էր ազգի առաջնորդի կարգավիճակով: Այդպիսով երկրում առաջին անգամ ուժի մեջ է մտել մի օրենք, որը վավերացվել է ոչ թե երկրի նախագահի, այլ՝ խորհրդարանի երկու պալատների խոսնակների եւ կառավարության ղեկավարի կողմից:
«Ազգի առաջնորդի մասին» օրենքը նախատեսում է փոփոխություններ կատարել նաեւ երկրի մի շարք օրենսդրական ակտերում: Ընդունված օրենքի համաձայն, երկրի համար կարեւորագույն, այդ թվում՝ պետական կառուցվածքին ու անվտանգությանն առնչվող հարցերն ու նախաձեռնությունները պետք է համաձայնեցվեն «ազգի առաջնորդի» հետ:
Բացի այդ, վերջինս չի կարող ձերբակալվել, կալանավորվել, քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվել իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացրած գործունեության համար, իսկ լիազորությունների ավարտից հետո նաեւ որպես Ղազախստանի առաջին նախագահ՝ «ազգի առաջնորդի» կարգավիճակից բխող գործողությունների համար: