Ղրղըզստանի ժամանակավոր իշխանությու նները երկրի հարավում տեղի ունեցող իրադարձությունների՝ զանգվածային անկարգությունների եւ ջարդերի կազմակերպման մեջ մեղադրել են երկրի պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւի շրջապատին: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, երկրի փոխվարչապետ Ալմազբեկ Ատամբաեւը հայտարարել է, թե Օշում եւ Ջալալաբադում տեղի ունեցածը մանրակրկիտ կերպով ծրագրված էր, եւ նոր իշխանությունների կողմից երկրի նոր Սահմանադրության փոփոխությունների հարցով հանրաքվեն տապալելու ուղղությամբ արված քայլ էր:
«Հատուկ ծառայությունների տվյալներով, բոլոր այդ ակցիաները ֆինանսավորվում են Բակիեւների, մասնավորապես՝ նախկին նախագահի կրտսեր որդու՝ Մաքսիմ Բակիեւի (նկարում) կողմից»,- հայտարարել է Ղրղըզստանի փոխվարչապետը՝ հավելելով, թե հանրապետության կառավարությունն ու հատուկ ծառայությունները նոր իշխանությունների դեմ երկրի հարավում սադրիչ գործունեություն ծավալելու վերաբերյալ ապացույցներ ունեն:
Ատամբաեւը նաեւ հաստատել է, որ Մաքսիմ Բակիեւը Մեծ Բրիտանիայում արդեն ձերբակալվել է, եւ որ երկրի ժամանակավոր իշխանություններն ամեն ինչ անելու են նրան ստանալու՝ Ղրղըզստան տեղափոխելու համար:
«Հույս ունենանք, որ Մեծ Բրիտանիան կհանձնի Մաքսիմ Բակիեւին, որը առնչություններ ունի միջազգային հանցագործությունների՝ բանկի միջոցով փողերի լվացման հետ: Իհարկե, նրան կարող են այնտեղ դատել, բայց մենք մեր խողովակներով կփորձենք հասնել այն բանին, որ կրտսեր Բակիեւին հանձնեն մեզ»,- հայտարարել է Ղրղըզստանի փոխվարչապետը:
Իսկ մինչ այդ, Ղրղըզստանի հարավում տեղի ուենցած դեպքերի արդյունքում զոհվածների թիվն աճում է. երեկվա դրությամբ սպանվել է 170 մարդ, 1762-ը վնասվածքներ է ստացել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է երկրի հարավում տեղի ունեցող բռնությունները եւ կոչ է արել դադարեցնել արյունահեղությունն ու ապահովել խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու անվտանգությունը:
Նախօրեին Մոսկվայում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների գլխավոր քարտուղարների արտահերթ նիստ էր հրավիրվել, որտեղ քննարկվել է կազմակերպության անդամ Ղրղըզստանում ստեղծված իրավիճակը: Կազմակերպությունը, որի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը, որոշում է ընդունել բախման գոտի ՀԱՊԿ արագ արձագանքման՝ խաղաղապահ ուժերի գործուղումը։ Եթե նման որոշում ընդունվի, եւ ՀՀ խորհրդարանն էլ հավանություն տա այդ նախաձեռնությանը, ապա հայ զինծառայողները եւս կարող են հայտնվել Ղրղըզստանի թեժ գոտում: