Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԳՐՔԵՐԸ՝ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՈՃՈՎ

Հունիս 16,2010 00:00

Հանրակրթական դպրոցների դասագրքերը գրված են ակադեմիական ոճով եւ պետք է մատչելի ու ընկալելի դարձվեն։ Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, երեկվա ասուլիսում ասել է «Տաթեւ» գիտակրթական համալիրի եւ «Զանգակ 98» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը։

Ըստ բանախոսի՝ դասագրքերի հեղինակների մեծ մասն այսօր գիտնականներ են, որոնք էլ նյութը մատչելի չեն ներկայացնում։ «Տաթեւ» գիտակրթական համալիրը մշակում է չափորոշիչներ, որոնցով էլ պետք է առաջնորդվեն դասագրքերի հեղինակները։ Չափորոշիչներին հետեւելը, ըստ Մկրտչյանի, պարտադիր չէ, սակայն դրանց չհետեւող հեղինակների դասագրքերը չեն հրատարակվի։ «Մինչեւ օրս ԿԳ նախարարության կողմից եղել են չափորոշիչներ, սակայն դրանք գնահատման չափորոշիչներ են։ Մենք մշակում ենք այն չափորոշիչները, որոնց հիման վրա պետք է դասագիրքը հրատարակվի։ Դա պետության խնդիրը չէ, հրատարակիչների խնդիրն է»,- ընդգծեց նա։ Ս. Մկրտչյանը վստահ է, որ իրենց չափորոշիչներով առաջնորդվելու դեպքում 2-3 տարի անց դասագրքերի որակը կբարելավվի, ակադեմիական ոճից անցում կկատարվի հանրամատչելիին։ Չափորոշիչներն ունենալու են երեք հիմնական սկզբունք՝ բովանդակային, դիզայներական եւ սանիտարահիգիենիկ։ Նոր չափորոշիչները կտարածվեն 1-11-րդ դասարանների բոլոր առարկաների դասագրքերի վրա։ Անդրադառնալով դասագրքերի որակին՝ բանախոսը նշեց. «Այսօրվա վիճակը գնահատում եմ բավարար, բայց բավարարը մեզ չի բավարարում»։ Ըստ Մկրտչյանի՝ որակի առումով վատ վիճակում են 5-6-րդ դասարանների տեխնոլոգիա, բնագիտություն առարկաների դասագրքերը։ Համեմատաբար լավ վիճակում են հայոց պատմության, քիմիայի, մայրենի լեզվի դասագրքերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել