ԿԳՆ-ն ու Մանկավարժականը պատասխանում են
«Առավոտի» մայիսի 18-ի համարում տպագրված «Պատգամավորը շեֆ չունի» հոդվածից հետո արձագանք ստացանք ԿԳ նախարարությունից: Հիշեցնենք, որ հոդվածում ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանը վիճարկում էր՝ Մանկավարժական համալսարանի որակյալ կադրեր պատրաստելու խնդիրը եւ զարմանք հայտնում այդ բուհում «Պատժական դաստիարակագիտություն» առարկայի ուսուցմամբ: «Բարձրացված խնդիրը քննարկվել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում: Բուհը ներկայացրել է «Պատժական դաստիարակագիտություն» առարկայի ծրագիրը: Առարկայի ուսումնասիրության ոլորտը քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող բանտարկյալների վերադաստիարակության եւ ուղղման գործընթացներն են, դրանց սկզբունքները, մեթոդները, օրինաչափությունները եւ այլն: Առարկան ընդգրկված է միայն 030500 6.21 «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողների կողմից ընտրովի առարկաների ցանկում եւ քննարկման արդյունքում հաստատման է ներկայացվել «Պատժական մանկավարժություն» (Ուղղիչ աշխատանքային մանկավարժություն) անվանմամբ: Վերոնշյալի կապակցությամբ կիրառելի է նաեւ «պենիտենցիար մանկավարժություն» տերմինը: Հարկ ենք համարում նշել, որ Մանկավարժական համալսարանում գործում է ոչ թե դեֆեկտոլոգիայի, այլ նախադպրոցական, սկզբնական եւ հատուկ կրթության ֆակուլտետ: Պատգամավորի կողմից «Առավոտ» օրաթերթում բարձրացված հարցադրումների վերաբերյալ հայտնում ենք, որ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում կրթությունն իրականացվում է բարձրագույն մասնագիտական կրթության չափորոշիչների հիման վրա, որոնք մշակվում են հանձնաժողովի, հաստատվում՝ ԿԳ նախարարի կողմից եւ ուղարկվում պետական գրանցման»,- ասվում է ԿԳՆ պարզաբանման մեջ, որին կցված է նաեւ Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Տ. Այվազյանի՝ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական վարչության պետ Ռ. Սուքիասյանին ուղղված նամակը: «Հարկ է նշել, որ ծրագիրը ոչ թե մանկավարժական գործունեության՝ պատգամավորի իմացած ոլորտի մասին է, այլ մանկավարժագիտության բնագավառի, եւ որ այդ բնագավառը գիտության մեջ մի շարք դեպքերում անվանում են հաստատությունների անուններով՝ նախադպրոցական, դպրոցական, բարձրագույն դպրոցի եւ այլն, հետեւաբար նաեւ՝ պատժական»,- գրում է պրոռեկտոր Այվազյանը: Նա իր պարզաբանմանը կցել է ծրագրի նախագծի օրինակը, ՌԴ-ում գործածվող դասագրքի տիտղոսաթերթ եւ, ինչպես ինքն է ձեւակերպում՝ «նյութեր՝ բնագավառում հետաքրքրությունները սպառել ցանկացող անձանց համար»: