Քննական ծեծկռտուքից մինչեւ «թեստերով պար»
Երեկ 9290 դիմորդ միասնական քննություն հանձնեց մաթեմատիկա առարկայից: Քննական կենտրոններին մոտ գտնվող կրպակներում հյութի եւ արեւածաղկի սերմի առեւտուրն աշխուժացել էր, հարակից փողոցները սովորականից ավելի ծնողաշատ էին: Կրքերը գերլարվեցին հատկապես այն ժամանակ, երբ մաթեմատիկայի միասնական քննությանը հետեւելու համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան այցելեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ծնողները նրան շրջափակեցին ու այնքան հարցախեղդ արեցին, որ պարոն Աշոտյանն այլեւս ծարավին չդիմացավ եւ ջուր խնդրեց: Նախարարը մի կերպ ճողոպրեց ծնողների ձեռքից ու մտավ քննասենյակ, որտեղ 220 դիմորդ փորձում էր մաթեմատիկայի թեստի հետ «լեզու գտնել»: Քննակենտրոնի ղեկավար Սեւակ Մելիքյանը հայտարարեց, որ գրանցվել է 11 «բացակա», իսկ դիմորդներից «առգրավվել» են պարզագույն բանաձեւերի աղյուսակներ, լոգարիթմներով հաշվիչներ, բջջային հեռախոսներ: Քննասենյակից դուրս լրագրողները ԿԳ նախարարի մոտ բարձրացրին վերջին օրերի «հիթը» դարձած հայոց լեզու եւ գրականություն առարկայի թեստերի թեման: Ա. Աշոտյանը կես-կատակ, կես-լուրջ պատասխանեց. «Կարծես «դեժավյու» լինի, քանի որ նախորդ տարի, երբ նախարարությունն էր պատասխանատու միասնական քննությունների համար, կրկին նույն պատկերն էր: Գուցե դա գալիս է առարկայի առանձնահատկությունից: Մյուս կողմից էլ մայրենիի նկատմամբ պահանջը ծրագրային, բովանդակային առումով, կրթական պետական չափորոշիչներով ակնկալվող արդյունքը մի քանի տասնյակ անգամ ավելի բարձր է, քան անգլերենի կամ ռուսերենի նկատմամբ: Երեկվա քննարկումը ցույց տվեց, որ մասնագետների կարծիքները խաչվում են, եւ եթե Արամ Խաչատրյանը այդտեղ լիներ, «Թեստերով պար» կգրեր»: ԿԳ նախարարը բոլոր դժգոհությունները հիմնականում փարատում էր այն փաստով, որ այս տարի դիմորդների թիվը 18 հազար է, իսկ հատկացված տեղերինը՝ 20500, ուստի եթե դիմորդը ստանա դրական գնահատական, շանս ունի ընդունվելու որեւէ պետական բուհ: «Առավոտը» նախարարից հետաքրքրվեց՝ մի՞թե հնարավոր չէր նախապես բացահայտել 39 «էքստեռնիկներին»: Նա պատասխանեց. «Եկեք չշահարկենք այն փաստը, որ նրանք մեկ քննություն հանձնել են: Այս տարվա փետրվարից ստուգվել են ՀՀ հանրակրթական դպրոցների 10-11-րդ դասարանների աշակերտների գործերը, ինչը կտեւի մինչեւ հուլիսի վերջ: Ասել, որ այսքանն է ու վերջ, սխալ կլինի, դեռ նոր բացահայտումներ էլ գուցե լինեն: Բայց երբ առաջին քննությունը մեկնարկում էր, չէինք հասցրել ի մի բերել տվյալները եւ ճշտել: Ու եթե շտապեինք, առաջին քննական օրը սխալ դիմորդի հանեինք դահլիճից, դա սթրես կլիներ՝ խախտում չարած երեխայի համար: Տվյալները մի քանի անգամ մաղել ենք… Որոշ դեպքեր այժմ գտնվում են նաեւ դատախազությունում: Կայացնելու ենք աշակերտամետ որոշում. երեխաներին կթողնենք ուսումը շարունակել 11-րդ դասարանում, այն դասարանում, որտեղ պիտի լինեին, եթե այդ թռիչքը գործած չլինեին»: Օրերս կայացած ասուլիսում ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը 39 էքստեռնիկների հետ կապված միջադեպի առնչությամբ հայտարարել էր, որ հայտագրման պրոցեսը սկսվում է փետրվարին, ավարտվում ապրիլին: Նրա խոսքով, այդ ընթացքում երեխաները արդեն դուրս են եղել աշակերտական համակազմից, եւ թե 39-ից քանիսն են գնացել քննության, միայն ԳԹԿ-ն կարող է ասել: Այս առիթով ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանն «Առավոտին» պարզաբանեց. «Երբ ԳԹԿ-ն դպրոցներից ստանում է միասնական քննության մասնակցելու դիմում-հայտերը, դրանք կնքված են լինում դպրոցի տնօրենի կնիքով, ուստի ԳԹԿ-ն չի կարող իմանալ՝ նրանք թռիչքո՞վ, թե՞ 11 տարի սովորելով են դպրոցն ավարտել»:
Դառնալով երեկվա քննությանը, հավելենք, որ ծնողները նախարարին «ընկեր Աշոտյան» դիմելով բողոքում էին, թե անհավասար պայմաններ են ստեղծվել երեխաների համար, քանի որ մի թեստը բարդ է, մյուսը՝ հեշտ, հայտարարում, թե 19, 20 ստացողներն արդեն որոշված են:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված քննական կենտրոնում երեխաների թեստերը սահմանված 3 ժամից 15 րոպե շուտ հավաքեցին, ինչի արդյունքում ծնողները աղմուկ-աղաղակ բարձրացրին: Նրանց պնդմամբ՝ քննասենյակի ժամացույցով 3 ժամը լրացել էր, մինչդեռ իրենց ժամացույցով դեռ 15 րոպե կար քննության ավարտին: Բանը հասավ նրան, որ ընդհարում առաջացավ ծնողների, ոստիկանների եւ քննակենտրոնի հերթապահների միջեւ: Ծնողներից մեկը խիստ վրդովված ասաց. «15 րոպե շուտ զոռով երեխայիս ձեռքից խլել են թեստն ու ձեւաթուղթը»: Ոմանք նույնիսկ ներխուժեցին քննասենյակ: Քննակենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանը հայտարարեց, որ, ըստ սահմանված կարգի, ժ. 12.40-ին քննությունն ավարտվել է եւ այդ ժամանակ էլ թեստերը հավաքվել են: Ծնողները, սակայն, չէին լսում նրան, մեկը գոռում էր՝ «Ի՞նչ ա կատարվում արա, հլը պատասխանեք»: «Հայոց լեզուն ձեզ հերիք չէ՞ր, պարապելու փողերն իզո՞ւր էին…»,- բղավում էր մեկ ուրիշը: Ընդհարումը շարունակվեց նաեւ դրսում, իսկ ոստիկանները գոչում էին. «Մի բուռ հայ եք, խփեք իրար սպանեք, պրծեք»: