Որը կոչ չէր՝ ընդդեմ օտարալեզու դպրոցների
Երեկ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ «Օտար լեզուները՝ հայալեզու դպրոցում» թարգմանական հերթական ստուգատես:
Ստուգատեսի աշխատանքների կազմակերպիչ, կրթահամալիրի լրատվական կենտրոնի ղեկավար Մարգարիտ Սարգսյանի խոսքով, ստուգատեսը նպատակ ունի ցուցադրել՝ ինչպես են ուսուցանվում օտար լեզուները հայալեզու կրթօջախում: Մ. Սարգսյանը նշեց, որ ստուգատեսը օտարալեզու դպրոցների չբացելու կոչ չէ. «Ուղղակի, մենք ուզում ենք ապացուցել, որ հայալեզու դպրոցում էլ կարող են նորմալ օտար լեզու սովորել»:
Ստուգատեսն իրականացվեց 3 մասով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, վրացերեն եւ անգամ արաբերեն: Առաջին մասը ներկայացրին կրտսեր դպրոցի 1-6-րդ դասարանի աշակերտները՝ «Ուրախ օտար լեզու» խորագրի ներքո, իրենց գրած երգի բառերով, պարերով: Մինչեւ անգամ ռեփ էին կարդում անգլերենի անկանոն բայերով: Ստուգատեսի երկրորդ հատվածը շարունակվեց կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում՝ էլեկտրոնային նյութերի ցուցադրությամբ. «լրատվական գործակալությունը՝ որպես օտար լեզվի յուրացման ձեւ», «արտասահմանյան գրականության թարգմանություն» խորագրերով: Միջոցառման երրորդ բաժնում կրթահամալիրի սաները մյուզիքլի, երգերի ու էլեկտրոնային նյութերի ցուցադրությամբ ներկայացրին, թե ինչպես են պատկերացնում օտար լեզուն:
Տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով, կրթահամալիրը մշտապես իրականացնում է այլընտրանքային, հեղինակային ծրագրեր, ըստ որոնց՝ նախատեսված են սովորողների տաղանդի, հետաքրքրությունների դրսեւորման ստուգատեսներ: «Օտար լեզուն միայն այն չէ, որ այսօր սովորես եւ մոռանաս-գնա: Այլ ի՞նչ ես կարողանում անել այդ սովորածովդ՝ ֆիլմ, գիրք, թարգմանություն, երգ…»:
Միջին դպրոցի ծրագրի ղեկավար, հայոց լեզվի ուսուցչուհի Մարիետա Սիմոնյանը կարեւորեց ստուգատեսը այս օրերին օտարալեզու դպրոցների բացման աժիոտաժի համատեքստում. «Կարեւոր է թարգմանական ստուգատեսը: Սա նշանակում է՝ հայալեզու դպրոցներում այնքան ամուր է օտար լեզվի ուսուցման դրվածքը, որ կարիք չկա պարտադիր բացել օտարալեզու դպրոց: Դա կարող է եւ հայալեզու դպրոցում էլ շատ լավ ուսուցանվել»:
Կրթահամալիրի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Աղամյանը նկատեց. «Օտար լեզուների իմացությունը անհրաժեշտ է, բայց այդ ամենը պետք է լինի հայոց լեզվի իմացության հենքի վրա: Միայն սովորելը շատ քիչ է, այն դեռ պետք է կարողանալ կիրառել»:
Անգլերենի ուսուցչուհի Սրբուհի Աղաբաբյանն էլ ասաց. «Այնքանով են անհրաժեշտ ստուգատեսները, որ երեխաները այսկերպ կարողանում են ցույց տալ՝ ինչի են հասել, ինչ կարող են անել իրենց ստացած գիտելիքներով եւ հետագայում ուսումնառած օտար լեզուները ինչպես են կիրառելու»: