Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՈՒՄ. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ

Հունիս 16,2010 00:00

\"\"Ինչպես կարող է մի քանի միլիոնանոց ժողովուրդը պահպանել իր առանձնահատկությունները

Խորհրդային համակարգի փլուզումից հետո, երբ ինտերնացիոնալիստական երգերը իրենց տեղը զիջեցին ազգայնականին, երկար ժամանակ լեզվի, լեզվամտածողության, ազգային այլ առանձնահատկությունների պահպանման անհրաժեշտության հարցերը կասկած չէին հարուցում: Նույնիսկ փորձեր էին արվում ամեն ինչ հայերենացնել, հրաժարվել փոխառություններից ընդհանրապես:

Սակայն երբ ցուցադրական հայրենասիրության ալիքը քիչ-քիչ սկսեց մարել, եւ սոցիալական թե այլ պատճառներով կարոտախտը մեծերի մոտ գլուխ բարձրացրեց, ամերիկաներ գնալ-գալը հեշտացավ եւ որոշ «ջահելներ» սկսեցին իրենց պատկերացնել Եվրոպայի քաղաքացիներ, նորից խնդիրներ ծագեցին:

Բայց այս անգամ խոսքն արդեն ոչ թե արեւմտահայերենի եւ արեւելահայերենի մասին էր, ոչ թե լեզվի անաղարտության, ուղղագրական այս կամ այն կանոնների, այլ որոշ պետական այրերի աջակցությամբ արմատական լուրջ հարցեր էին բարձրացվել: Փաստորեն, համարյա անսքող առաջ էր քաշվում հետեւյալ գաղափարը՝ համաշխարհայնացման արդի գործընթացները հաշվի առնելով արժե՞, արդյոք, հայերեն թարգմանել արժեքավոր գրականությունն ու հոդվածները, համակարգիչներից, ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու ծրագրերն ու ուղեցույցները, իմաստ ունի՞ պահանջել, որ Հայաստան ներմուծվող հեռախոսները հայերեն տառերով հաղորդագրություններ ուղարկելու եւ ստանալու հնարավորություն ունենան, թե՞ ընդհակառակը, խոչընդոտներ հարուցելով ստիպել մարդկանց անգլերեն սովորել, սովորել մտածել եւ գործել օտար լեզվով, որ կամաց-կամաց նախապատրաստվեն առանց սահմանների աշխարհում ապրելուն:

Բանը նույնիսկ հասել է նրան, որ այդ պաշտոնյաների ջանքերով փորձ է արվում օրենքներ փոխել, որ Հայաստանում ոչ թե ազգային փոքրամասնությունների, այլ հենց հայերի համար բացվեն օտարալեզու հանրակրթական դպրոցներ:

Հարգելի ջատագովներ.

Եթե դուք ընդամենը սխալվում եք, արժե գոնե ծանոթանալ այլ տեսակետներին, միգուցե հասկանաք, թե ինչ ազգադավ գործ եք ձեռնարկել:

Ներկայացնենք մեր մոտեցումները:

Զգուշավորության մասին. աշխարհաքաղաքական արդի զարգացումները հաճախ նեղ, միակողմանի են ընկալվում: Շատերին թվում է, որ համաշխարհայնացման գործընթացներն ի վերջո բերելու են «մեկ լեզու, մեկ մշակույթ» հանգրվանին: Համոզված ենք, որ դա այդպես չէ: Լավ կլիներ, որ դուք էլ փորձեիք հասկանալ, որ ընդհանուր զարգացման համար միատարրությունը, միանմանությունը, այլընտրանքային մոտեցումների բացակայությունը խոչընդոտ է, այլ ոչ նպաստող հանգամանք:

Իրականում համամարդկային քաղաքակրթության առաջընթացի պահանջներն են որոշում պատմության ընթացքը: Այլ մոտեցումները, խանգարող հանգամանքներն ի վերջո հաղթահարվում են եւ բոլորովին էլ կարիք չկա ավելորդ զգուշավորության, կարիք չկա ուժեղներին վերագրել ավելին, քան նրանք կարող են:

Համոզված ենք, որ ժողովուրդները, եթե չեն փորձում պարտադրել միայն իրենց գոյության իրավունքը, եւ եթե ասելիք էլ ունեն, կարող են հեշտությամբ գրավել իրենց ուրույն տեղն ու դերը ընդհանուր հունի մեջ:

Բայց եթե 6.5 միլիարդի մեջ մի քանի միլիոնանոց ժողովուրդը ուզում է լուրջ դերակատարում ունենալ, էապես նպաստել համընդհանուրի զարգացմանը եւ համապատասխան իրավունքներ նվաճել, նա պետք է կարողանա պահպանել իր առանձնահատկությունները, իր լեզուն, մտածելու, ստեղծագործելու իր ինքնատիպ կարողությունները:

Լեզվամտածողության առանձնահատկությունների մասին. ցավոք, շատերը լավ չեն ըմբռնում նաեւ, թե օնտոգենեզի՝ անձի կարողությունների, ունակությունների ձեւավորման ընթացքում ինչ հսկայական դեր է խաղում տվյալ էթնիկական խմբի խոսքի ընկալման, հաղորդակցման, լեզվամտածողության կազմավորման մշակութային ձեւերն ու առանձնահատկությունները, ավանդույթները եւ սովորությունները: Դեռ վաղ մանկությունից (խոսել սովորելու ժամանակներից) մարդու հիշողության մեջ ամրագրվում են ասոցիատիվ, ինքնաակտիվացող կապեր՝ մի կողմից զգայարաններից եկող, զգացմունքային բովանդակությամբ հագեցած, գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ մանրամասներ պարունակող, այսպես կոչված, ներքին օգտագործման մտապատկերների եւ, մյուս կողմից, հաղորդակցման, ինքնավերահսկողության կազմակերպման, տրամաբանական դատողությունների ձեւավորման համար անհրաժեշտ վերբալ (խոսքային) մտապատկերների միջեւ: Այդ կապերի հաստատումը իր խոր հետքն է թողնում ողջ կյանքի ընթացքում: Դրանց միջոցով է հիմնականում ձեւավորվում տվյալ մշակույթին բնորոշ ինքնատիպ լեզվամտածողության առանձնահատկությունները, մտածելաձեւերը, հոգեկերտվածքը:

Առանց հասկանալու քար գցել այդ «բանջարանոցը»՝ խիստ վտանգավոր է, հղի՝ ծանր հետեւանքներով:

Բերենք մի օրինակ՝ այսօր, երբ մեր որոշ հայրենակիցներ դժվարանում են ձեռք բերել մայրենի լեզվով համակարգչային տեխնիկայից, ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու ծրագրեր, ուղեցույցներ եւ հաճախ ստիպված են լինում առանց խորապես հասկանալու օտարալեզու հրահանգների իմաստը, միայն մեխանիկորեն հիշելով (հաճախ էլ սխալվելով, թե որից հետո որին է պետք «click» անել, որ արդյունք ստանան), խիստ մեծանում է վտանգը, որ պրիմիտիվ, մակերեսային մտածելաձեւերը զանգվածաբար կարող են սովորություն դառնալ:

Մշակութային ժառանգության պահպանման, շարունակականության, սահուն սերնդափոխության ապահովման տեսակետից լուրջ բարդություններ կարող են ծագել, եթե միջին եւ ավագ սերնդի մեր հայրենակիցները, ովքեր, որպես կանոն, չեն տիրապետում անգլերենին, լեզվական անջրպետի պատճառով օտարվեն արդի զարգացումներից, իրենց տեղն ու դերը չգտնեն նոր ձեւավորվող հեռահաղորդակցման (էլեկտրոնային) հասարակության մեջ եւ մեծերի ու երիտասարդների միջեւ նոր խութեր առաջանան:

Կարծում ենք, որ միայն այս փաստարկների հիշատակումն էլ արդեն բավարար է մեր մոտեցման հիմնավորման համար: Նաեւ ավելացնենք, որ բազմալեզվության խնդիրը ինտերնետում վաղուց արդեն դրված է, եւ փոփոխությունները գնում են հօգուտ այդ ուղղության:

Մեր մասին. տեղեկատվության եւ հեռահաղորդակցման ոլորտներում առկա նվաճումները բացառիկ հնարավորություններ են ընձեռում մեծ Սփյուռք ունեցող ժողովուրդներին որպես ամբողջություն ինքնակազմակերպվելու, իրենց արժանի տեղն ու դերը գրավելու աշխարհաքաղաքական արդի զարգացումներում: Այժմ նրանք կարող են առանց հեռավորությունը, սահմանների առկայությունը հաշվի առնելու՝ ձեւավորել իրենց մշակութային առանձնահատկությունների պահպանմանը, ազգակիցների միջեւ փոխադարձ աջակցության, համագործակցության մթնոլորտի կազմավորմանը նպաստող կազմավորումներ, հնարավորություն ազգային պատկանելության հենքով աշխարհով մեկ ձեւավորելու համազգային հզոր կառույցներ: Բայց դրա համար, առաջին հերթին, լեզվի, լեզվամտածողության ինքնատիպության պահպանման անհրաժեշտությունը, ազգային պատկանելության բարձր գիտակցումը թիվ մեկ նախապայմանն է:

Դարեր շարունակ կարողանալով ապրել, այսպես կոչված, արեւմտյան եւ արեւելյան քաղաքակրթությունների շփման եզրի երկու կողմերում էլ, կարողանալով պահպանել մեր լեզուն, մեր մտածելակերպը, մշակութային մեր արժեքները, մենք կարողացել ենք նաեւ օգտակար լինելով ուրիշներին՝ նրանց արժեքների հետ էլ ծանոթանալ, ներառել մերի մեջ:

Այսօր, երբ հնարավորություն կա աշխարհով մեկ ձեւավորել տնտեսապես, քաղաքականապես հզոր համազգային կառույցներ, մեր լեզվով, մեր առանձնահատկություններով գործող հանրակրթական դպրոցների հարցը աճուրդի առարկա դարձնելը բացարձակապես անթույլատրելի է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել