Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուր չեն տվել՝ փո՞ղ են ուզում

Հունիս 16,2010 00:00

«Եթե ապահովեն ջրի նորմալ ճնշում, ներկայացնեն պայմանագիր, որին ես ծանոթանամ, նոր կհամաձայնեմ ջրաչափ տեղադրել: Միգուցե այդ պայմանագրով այնպիսի պայմաններ են առաջադրվում, որի հետ ես համաձայն չեմ եւ, առհասարակ, հրաժարվում եմ այդ ջրից: Առանց պայմաններին ծանոթանալու ո՞նց ջրաչափ տեղադրեմ: Այն ժամանակ էլ ջուր չունեինք, ասում էին՝ պիտի ջրի վարձ տաս, ասում էի՝ ինչի համար, ասում էին՝ դու ջուր չե՞ս խմում, չե՞ս լողանում, լվացք չե՞ք անում, ասում էի՝ շշով ջուր եմ գնում խմում եւ սաունայում լողանում եմ, լվացքատանն էլ լվացքս է արվում: Այդ ամենի համար ես վճարում եմ, դուք որ ինձ ջուր չեք տալիս, ինչի՞ համար եք վարձ ուզում»,- «Առավոտի» հետ զրույցում զայրացած պատմեց Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Արամ Հարությունյանը: Նրա խոսքերով, վերջերս «ջրի մարդիկ» ներկայացել են եւ հայտնել, որ 167 հազար դրամ ջրի վարձի պարտք ունի, այն դեպքում, երբ, Ա. Հարությունյանի խոսքերով, 2004-ին «Հայջրմուղկոյուղի» ընկերությունն իր հետ խզել է պայմանագիրը՝ նորը կնքելու պայմանով. «Հին պայմանագիրս չեղյալ համարեցին, ջրաչափ էլ չտեղադրեցին, քանի որ ջրի ճնշումը չէր բավականացնում, հետո ասացին, որ «ջրմուղկոյուղու» նոր ղեկավարությունը կգա եւ նոր պայմանագիր կկապի: Ես վճարել եմ 1000 դրամ, որի դիմաց կտրոններ են տվել, ինձ այն ժամանակ ոչ ոք չի ասել, որ ես պարտք ունեմ կամ պարտքեր են գոյանում: Եթե ասեին, որ ոչ թե 1000, այլ 4000 կամ 5000 դրամ պետք է վճարեմ, ես կամ այդքան գումար կվճարեի, կամ էլ ընդհանրապես ջրից կհրաժարվեի: Բայց հիմա ասում են, որ ունեմ 167 հազար դրամի պարտք»:

Բնակչի խոսքերով. «Երբ հարցնում եմ, թե դա ինչ պարտք է, ասում են՝ ամբողջ գյուղին էլ եկել է, հին պարտքեր են: Կոնկրետ մեկնաբանություն չկա: Պետք է անհատական գնանք ջրմուղ, որ այնտեղ բացատրեն: Իսկ ջրմուղ միայնակ գնալը շատ վտանգավոր է, իրենց տարածքն է: Իրենք գյուղ չեն գալիս, որ գալիս են՝ գյուղից իրենց լարում ենք: Դրա համար գյուղացիներին հատ-հատ կանչում են ջրմուղ, ու 5 հոգով հարձակվում մեկի վրա: Մարդկանց, ում ներկայացրել են 200-300 հազար դրամի պարտք, ասում են՝ ակցիա է, մի 30 կամ 50 հազար վճարեք, վերջացնենք: Թե ինչ ակցիա է, պարզ չի: Հիմա էլ ասում են՝ այդ ակցիան էլ է ավարտվել»:

Ա. Հարությունյանը չի համաձայնում ջրաչափ տեղադրել, քանի որ, իր հավաստմամբ. «Ջրի ճնշումը շատ ցածր է: Կենցաղում օգտագործելու համար «նասոս» ենք տեղադրում: Իսկ այն նույնպես ծախսատար է: Ջուրը 2 օրը մեկ են տալիս, իսկ ջրի որակի մասին էլ խոսք չկա. ծորակից երբեմն որդեր են գալիս»: Նա ասում է, որ իրեն ներկայացված 167 հազար դրամի պարտքը չի վճարելու, քանի որ. «Հարցը ոչ թե ֆինանսական, այլ բարոյական կարեւորություն ունի»: Նա վստահեցնում է, որ Դարակերտում շատերն են անակնկալի եկել եւ հայտնվել իր իրավիճակում, բայց դրանից դուրս գալու ելք չեն գտնում: Նշենք, որ Դարակերտ համայնքի ջրամատակարարումն իրականացնում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Կենտրոն-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի «Մասիս» տեղամասը, որի տնօրենի մեկնաբանությունները բողոքի վերաբերյալ կներկայացնենք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել