Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԵՐՄՈՒԿԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հունիս 16,2010 00:00

Երկար տարիների ընկեր-խնամիները իրար դե՞մ են դուրս եկել

\"\"

Հուլիսի 4-ին ջերմուկցիները նոր քաղաքապետ են ընտրելու: Ջերմուկի քաղաքապետի այս ընտրությունը շատ ուշագրավ է՝ կարեւոր երկու ծրագրերի ֆոնին: 2008 թվականի սեպտեմբերի 18-ին թիվ 1064-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն է հայտարարել, համաձայն որի՝ Ջերմուկը պետք է առողջարանային կենտրոն լինի թե ամռանը, թե ձմռանը: Տիգրան Սարգսյանի կառավարությունը չի սխալվել, երբ մեր Ջերմուկի բնությունն ու հանքային ջրերը համեմատել է Կառլովի Վարիի ջրերի հետ: Ու հենց սրա հիման վրա է եզրակացրել, որ Ջերմուկը կարող է ամսական 10 000 զբոսաշրջիկ ընդունել, այն դեպքում, երբ խորհրդային տարիներին Ջերմուկն ընդունել է տարեկան 20 000, իսկ այսօր՝ տարեկան հազիվ 5 000 զբոսաշրջիկ: Բայց Տիգրան Սարգսյանի կառավարությունը սխալվել-մոռացել է, որ «մերն ուրիշ է», ու զբոսաշրջիկների մոտ 20 անգամ աճ ենթադրող «համաշխարհային հեղինակավոր զբոսավայրերին այլընտրանքային զբոսավայր» դառնալու հեռանկարը իրականանալի է համարել եւ խոստացել՝ այդ դեպքում Ջերմուկը կունենա լրացուցիչ 4000 աշխատատեղ (հետաքրքիր է, որ Ջերմուկի չափահաս բնակչությունը այսօր մոտ 6000 է) եւ 100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ միայն զբոսաշրջությունից: Այս ամենը պետք է իրականացվի մինչեւ 2012 թվականը: Սրա համար կառավարությունը Ջերմուկում ոչ միայն պատմամշակութային հուշարձանների պահպանություն է ենթադրում, այլ նաեւ՝ «ուղղաթիռների եւ թեթեւ ինքնաթիռների համար օդանավակայանի ապահովում՝ համապատասխան երթուղիներով»: Առայժմ, սակայն, Ջերմուկի փողոցներն ու բակերը հեռու են եվրոպական միջինից:

Հավելենք նաեւ, այս տարվա ապրիլի 28-ին կառավարության կամոք ԱԺ-ն որոշեց, որ 2013 թվականից Հայաստանում խաղատներ կարող են լինել միայն երեք վայրում՝ Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ:

Հուլիսի 4-ին Ջերմուկում ընտրվող քաղաքապետը այս ամենի հետ որոշակի առնչություն ունենալու է: Իհարկե, եթե նկատի ունենանք, որ ծնունդով ջերմուկցի Նարեկ Սարգսյանը դարձել է Հայաստանի գլխավոր ճարտարապետ, ապա կարելի է ենթադրել, որ Ջերմուկին առնչվող շինարարական ծրագրերում Ջերմուկի քաղաքապետի դերը կարող է շատ խորհրդանշական լինել, բայց որ դեր կլինի՝ անխուսափելի է: Այլ խոսքով՝ հուլիսի 4-ին կորոշվի, թե ով է ղեկավարելու մի համայնք, ուր ենթադրվում են միլիոնավոր դրամների արժողությամբ շինարարական ծրագրեր եւ այլ ներդրումներ:

Ջերմուկի քաղաքապետի աթոռին հավակնում են երկուսը՝ գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Հովհաննիսյանը, ում սատարում է հանրապետական պատգամավոր Աշոտ Արսենյանը, եւ Վայոց ձորի նախկին մարզպետ Պանդուխտ Մանուկյանի հովանավորյալ, այս պահին ոչ մի տեղ չաշխատող Զորիկ Վարդանյանը: Հետաքրքիր է, որ տարբեր անձանց սատարելու հարցում իրար դեմ դուրս եկած Աշոտ Արսենյանն ու Պանդուխտ Մանուկյանը ժամանակին շատ մտերիմ են եղել: Նաեւ ասում են, որ խնամիական կապեր ունեն: Խորհրդային տարիներին Մանուկյանը Ջերմուկում շինարարական տրեստի կառավարիչ է եղել, անկախ Հայաստանում՝ Ջերմուկի քաղաքային խորհրդի նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ Վայոց ձորի մարզպետ, Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակ՝ մի պահ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար, իսկ 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի համակարգող: Հենց Պանդուխտ Մանուկյանի մարզպետ եղած ժամանակ է Աշոտ Արսենյանը առաջին անգամ՝ 1996 թվականին դարձել Ջերմուկի քաղաքապետ: Այն տարիներին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան «Ջերմուկ» ՓԲԸ արտադրանքը կեղծելու մասին: 1998-ին, երբ քաղաքապետը Արսենյանն էր, Ջերմուկի «Արարատ» առողջարանի նկուղում կուտակված գազը պայթեց: Արդյունքում՝ 12 զոհ եւ բազմաթիվ վիրավորներ: Այս պայթյունի մասին հրապարակումներում շոշափվում էր Մանուկյանի անունը: Թե ինչու են ժամանակին ընկերները հիմա հակառակորդներ՝ հայտնի չէ:

Երեք տարի առաջ քաղաքի ղեկը ստանձնած Վարդան Հովհաննիսյանը բավականին վստահ է իր հաղթանակի մեջ: Հավատում է, որ առողջարանային քաղաքի բնակիչները հաջորդ չորս տարիների քաղաքի ղեկավարումը նույնպես իրեն են հանձնելու: Վստահությունը, թերեւս, ոչ այնքան իրեն անփոխարինելի համարելու մեջ է, որքան թիկունքի՝ ի դեմս հանրապետական կուսակցության եւ «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի: «Աշոտ Արսենյանն իմ սատարողը չի. նա իմ ընկերն է: Նման իրավիճակներում ձեր ընկերը ձեզ չէ՞ր պաշտպանի»,- ասաց քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ով վերընտրվել է ուզում, որովհետեւ կիսատ թողած գործեր ունի: Կարծում է, որ դրանք հենց իր անմիջական մասնակցությամբ պետք է ավարտին հասցվեն. «Շվեյցարացիների հետ մի ծրագիր ենք իրականացնում, ըստ որի՝ սկսել ենք քաղաքի գլխավոր հատակագծի մշակումը: Շուտով կավարտենք եւ հուլիսի վերջին կամ հոկտեմբերին շնորհանդեսը կկազմակերպենք»: Ընտրությունից հետո կազմակերպվելիք շնորհանդեսի մասին այնքան վստահ արտահայտվեց, ասես՝ արդեն հաղթել էր:

Շատ համայնքների ղեկավարների նման, Ջերմուկի քաղաքապետը եւս այն կարծիքին է, որ իրենք աշխատում են բաց եւ թափանցիկ, իսկ բյուջեն՝ մինչեւ վերջին լուման ծառայեցնում քաղաքի բարեկարգմանը, կանաչապատմանն ու աղբահանությանը: Իսկ երբ հիշեցրինք Ջերմուկի կենտրոնում՝ այգու ծառահատումների եւ կտրված ծառերի տեղում՝ ըմպելասրահի դիմաց կատարվող հյուրանոցաշինության մասին, քաղաքապետն ասաց, որ Ջերմուկն ու ջերմուկցին դրանից հաստատ չեն տուժի, որովհետեւ հոթել-սպան, որ կառուցում է մոսկվաբնակ մեծահարուստ Սամվել Սարգսյանը, միակն է լինելու իր տեսակի մեջ: «Նա Մոսկվայում բարձրակարգ հյուրանոցների ցանց ունի: Մենք ենք խնդրել նրան, որ Ջերմուկում էլ հյուրանոց կառուցի, իսկ այն, ինչ կառուցում է, նմանը չկա նույնիսկ Երեւանում»,- «Առավոտին» ասաց քաղաքապետը: Թե ով է հյուրանոցի իրական տերը, դժվար է ասել, բայց հաստատ հայտնի է, որ նախագիծը Նարեկ Սարգսյանինն է:

Ջերմուկի քաղաքապետը հերքեց թերթի ունեցած տեղեկությունն այն մասին, որ Ջերմուկի քաղաքապետարանում ստուգումների ժամանակ Վերահսկիչ պալատը 120-130 միլիոն դրամի չարաշահումներ է հայտնաբերել: «Նման բան չկա: Ոչ մի չարաշահում չի հայտնաբերվել»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը:

Քաղաքապետից հետաքրքրվեցինք նաեւ խորհրդային տարիներին իր հարկի տակ բավականին նշանավոր դեմքերի հյուրընկալած «Ջերմուկ» հյուրանոցի ճակատագրի մասին, որն անուշադրությունից օր օրի քայքայվում, շարքից դուրս է գալիս: «Քաղաքապետն ի՞նչ կարող է անել, երբ հյուրանոցը սեփականատեր ունի, որին չեմ էլ ճանաչում: Իմ իմանալով՝ նրանք երեւանցի եղբայրներ են, կարծեմ՝ Մարգարյան ազգանունով»,- հնչեց պատասխանը:

Առողջարանաշատ քաղաքի ոչ բոլոր առողջարանների սեփականատերերին է քաղաքապետը ճանաչում: Թե ում է պատկանում Ջերմուկի ձորի առողջարանը, որ հյուրանոցի նման անտերության է մատնված, Վարդան Հովհաննիսյանին հայտնի չէ: Իր ղեկավարած համայնքի կյանքի որոշ հարթություններից անտեղյակ քաղաքապետին կարող ենք տեղեկացնել, որ, ըստ լուրերի, Ջերմուկի քաղաքապետարանից հազիվ 50 մետր հեռու, ժամանակին հարգված վայր թեյարանը, որ այսօր կիսավեր է ու չի գործում, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ծնունդով ջերմուկցի Վարդան Խաչատրյանինն է: Դժվար չէ պարզել, թե ով է քաղաքային զբոսայգում գտնվող էլի կիսավեր, հանրահայտ «Կուրզալի» սեփականատերը: Հիշեցնենք, որ խորհրդային շրջանում այս շինության տանիքում գործող լողավազան կար, իսկ դահլիճում ամռանը մի համերգը վերջանում էր միայն նրա համար, որ սկսվի հաջորդը:

Եթե քաղաքապետը իսկապես վերընտրվի, ապա պետք է որոշի, թե ինչ անի քաղաքի տեսքը գցող այլ ավերակների, քաղաքային այգում տեղ-տեղ գոյացած ու արդեն ճահիճների վերածվող ջրափոսերի եւ «համաշխարհային հեղինակավոր զբոսավայրերին այլընտրանքային զբոսավայրին» անհարիր այլ իրողությունների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել