Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊԱՏԱԿ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԴԱՐՁՆԵԼ

Հունիս 16,2010 00:00

Օրենքում նախատեսվող փոփոխությունները զայրույթի ալիք են բարձրացրել Գյումրիում

\"\"

Մայրաքաղաքային քննարկումներից հետո, երեկ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը քննարկվեց Գյումրիում: Հիշեցնենք, որ այն ԱԺ քննարկմանն է դրվելու աշնանը եւ առայժմ իբրեւ թե փորձում են լսել հասարակական կազմակերպությունների (հ/կ-ների) ներկայացուցիչների կարծիքները: Գյումրիում առավել կտրուկ գնահատականներ հնչեցին այս թեմայի շուրջ: Հավաքվածները միաբերան պնդում էին, որ օրենքի փոփոխությունը միտված է քիչ թե շատ ակտիվություն ցուցաբերող կազմակերպություններին վերահսկելու, լռեցնելու, պետությունից կախման մեջ գցելու եւ, որ ամենավատն է, վերջինների ֆինանսական միջոցները հաշվելու համար: «Եթե այդքան ուզում են ճշտել հ/կ-ի շահած դրամաշնորհի չափը, ապա թող օրինակ վերցնեն Աֆղանստանից, որտեղ պետությունը այն ճշտում է դոնոր կազմակերպություններից: Ես, օրինակ, դեմ չեմ, որ հ/կ-ները թափանցիկ աշխատեն, բայց լավ կլիներ մեր պետությունն իր սեփական օրինակով մեզ ցույց տար, թե ինչքանով են թափանցիկ ծախսվում պետական բյուջեի գումարները, ինչպես են ծախսվում պետության ստացած դրամաշնորհային ծրագրերը»,- ասաց «Բիոսոֆիա» բնապահպանական հ/կ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը: Ըստ նրա, նոր օրենքը հ/կ-ներին պարտադրում է հրաժարվել իրենց բուն գործունեությունից եւ ընկնել ավելորդ թղթատարության, քաշքշուկների մեջ: Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ, այն ոչ թե հ/կ-ների թափանցիկությունը կապահովի, այլ կխստացնի բյուրոկրատիզմն այդ դաշտում:

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Գյումրու գրասենյակի պատասխանատու Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ էլ, հանրային քննարկումներն արդեն իսկ ուշացած են, քանի որ փոփոխությունները նախապես գրվել եւ բաժանվել են հ/կ-ներին: Սեյրան Մարտիրոսյանն ասաց նաեւ, որ ոչ մի հ/կ էլ թափանցիկ աշխատելուն դեմ չէ, բայց թափանցիկության թիվ մեկ օրինակը պետք է իշխանությունները ցույց տան: «Հ/կ-ն իր էությամբ պարտավոր է լինել թափանցիկ: Ինձ ավելի շատ իշխանությունների ոչ թափանցիկությունն է անհանգստացնում: Օրինակ, վերցնենք Վերահսկիչ պալատի գործունեությունը, որը հերթապահ ասուլիսներ է տալիս, թե գնացինք ստեղ, գնացինք էնտեղ: Ժամանակն անցնում է, եւ բոլոր հայտնագործած բաները մնում են անպատիժ: Կոսմետիկ բնույթի բաներ են կատարում, չեմ հասկանում ինչի՞ համար է էս ամենը: Եթե որեւէ հ/կ ազգային անվտանգությանը սպառնացող գործունեություն է ծավալում, ԱԱԾ-ն պետք է էդ ամենով զբաղվի, եթե որեւէ մեկի գործունեությունը իրավունքի ոլորտից է դուրս գալիս, դրա համար իրավապահ մարմիններ կան, այսինքն՝ պետությունն իր մարմիններին չի վստահում, ուզում է ստեղծել եւս մեկ վերահսկող ինստիտուտ: Մենք գնում ենք դեպի մեկ մարդու կողմից կառավարվող երկիր եւ էնտեղից է գալիս պատվերը», ասաց Սեյրան Մարտիրոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ նման պայմաններում կսկսվի նոր արտահոսք, ուղեղների ցամաքում:

«Աջակից» հ/կ-ի նախագահ Հեղինե Մկրտչյանի կարծիքով էլ, օրենքը հ/կ-ների դեմ է աշխատում, եւ դրա ընդունման համար ճիշտ պահ ընտրված չէ, քանի որ համաշխարհային ճգնաժամի հետ կապված՝ դոնոր կազմակերպություններն առանց այն էլ քչացրել են տրամադրվող գրանտները: Տիկնոջ կարծիքով, նպատակ ունենալով վերահսկել մեծ դրամական շարժեր ունեցող հ/կ-ներին՝ ոտնատակ են տալիս նաեւ ժողովրդի համար քիչ թե շատ գործ անողներին: «Հ/կ-ներն են, որոնք ի շահ ժողովրդի պետք է վերահսկեն պետության քայլերը, էսօր դատական համակարգը պետությունից անջատում են, բայց հ/կ-ներին հպատակ են դարձնում պետությանը»,- զարմանում է Հեղինե Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել