«Մենք դրական փորձ չունենք, ունենք բացասական փորձ՝ ամեն տեղից մի կանաչ տարածք, մի պահպանվող տարածք փորձում են պոկել ու բիզնեսի համար ծառայեցնել, առավել եւս, որ Խոսրովում կան բույսեր, որ կարելի է օգտագործել բոլոր ասպարեզներում»,- երեկ անդրադառնալով Խոսրովի անտառում տեղի ունեցող ռեստորանի շինարարությանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը:
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանի ներկայացմամբ էլ, այդ վայրը հարուստ է իր կենսաբազմազանությամբ, բայց այդ տեսակետից որեւիցե արժեք չի ներկայացնում, քանի որ, ըստ պաշտոնյայի, դրանք մարդու կողմից ձեւափոխված լանդշաֆտներ են:
Տիկին Դանիելյանի խոսքերով, մենք նախադեպ ունենք Ջրվեժի անտառպուրակի հետ կապված, այդ ժամանակ բուսաբաններն ապացուցեցին, որ այնտեղ, հակառակ որոշ մարդկանց պնդումներին, էնդեմիկ բույսեր կային. «Կառավարությունը իր որոշումը փոխեց դրանից հետո»: Խոսելով Գիլանի արգելավայրի մասին՝ տիկին Դանիելյանն ասաց, որ այն ժամանակ, երբ տեղի էր ունենում ռեժիմի փոփոխությունը, եւ տարածքը արգելավայրի կարգավիճակ էր ստանում, պետք էր հանրային լսումներ անցկացնել:
Սրան ի պատասխան, Ա. Աղասյանն ասել է, որ Գիլանում, բնապահպանական ծրագրի համաձայն, զբոսաշրջիկների համար իջեւանատուն է կառուցվում։ Դա, ըստ բանախոսի, էկոտուրիզմի զարգացման բաղկացուցիչներից մեկն է։