ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի վերջերս կայացած ընդհանուր ժողովից հետո գիտնականները հայտարարություն են տարածել: «2009թ. դեկտեմբերի 15-ին Աբովյան եւ Տերյան փողոցներին հարակից զբոսայգում բացվեց աշխարհահռչակ գիտնական, աշխարհի բազմաթիվ ակադեմիաների ակադեմիկոս, Հայաստանի գիտությունների ակադեմիայի երկարամյա նախագահ, ՀՀ ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի արձանը։ Բացմանը ներկա էին ՀՀ նախագահը, նախարարներ, Երեւանի քաղաքապետը, պետական այլ պաշտոնյաներ, գիտնականներ եւ ուսանողներ։ Բացման արարողության ժամանակ նշվել է, որ այդ այգում է գտնվում հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից կառուցված աստղադիտարանը, որտեղ 1943 թվականին Հայաստան վերադարձած Վիկտոր Համբարձումյանը մեր երկրում սկսեց իր առաջին քայլերը։ Ելույթ ունեցողները միաժամանակ հավաստեցին, որ այգին ու արձանը քաղաքի ուսանողական թաղամասի, Ազգային գրադարանի հետ կստեղծեն մի ընդհանուր համալիր եւ կդառնան գիտության ու կրթության խորհրդանիշ։ Սակայն այսօր արձանը եւ աստղադիտարանը փողոցի կողմից հնարավոր չէ դիտել՝ նրանց անմիջական հարեւանությամբ ծավալվող շինարարության պատճառով։ Մի քանի ամիս հետո նրանք կներկայանան արդեն նոր շրջապատով՝ սրճարանների եւ այլ շինության հարեւանությամբ։ Այգու առաքելությունը խաթարող այդ շինարարությունը բազմաթիվ դժգոհությունների տեղիք է տվել հասարակության լայն շրջաններում։ Դրա դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել նաեւ բազմաթիվ գիտնականներ, հազարավոր ուսանողներ։ Նկատի ունենալով արձանի եւ աստղադիտարանի՝ որպես գիտության եւ կրթության խորհրդանիշի կարեւորությունը մայրաքաղաքի ուսումնադաստիարակչական նշանակություն ունեցող վայրերի համայնապատկերում, ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ընդհանուր ժողովը որոշում է՝ Վ. Համբարձումյանի արձանի եւ աստղադիտարանի անմիջական հարեւանությամբ սրճարանների ու այլ շինությունների կառուցումը համարել անհանդուրժելի եւ անթույլատրելի, պահանջել քաղաքապետարանից՝ անհապաղ դադարեցնել նշված շինարարական աշխատանքները եւ կարճ ժամանակամիջոցում վերականգնել զբոսայգու նախկին ծաղկազարդ ու կանաչապատ տեսքը, որպեսզի այն ծառայի ուսանողության ու մտավորականության հանդիպումների ու հանգստի վայրի իր նպատակին»,- ասված է հայտարարության մեջ։