Եթե հարուստ չես՝ քաշված ես
Հարուստների թաղամաս համարվող Նորք-Մարաշ համայնքի սովորական բնակիչների համար մութ ու ցուրտ տարիները վերադարձել են. այստեղ մարդիկ ժամերով անլույս են մնում, օրերով՝ անջուր, տրանսպորտից էլ կախված են երթեւեկում: Մարաշի մի շարք փողոցներ սպասարկող թիվ 22 երթուղայինը «պիկ» ժամերին գերբեռնված է լինում՝ ամեն անգամ վտանգի տակ դնելով տասնյակ քաղաքացիների կյանքը: Այսօր քաղաքի ոչ մի ծայրում մարդիկ այդքան ստորացված չեն երթեւեկում, ինչպես Մարաշում: Թիվ 22-ից օգտվող ցանկացած մարաշեցի՝ ով սեփական մեքենա չունի, կվկայի, որ օրվա որոշ ժամերի երթեւեկում է էքստրեմալ պայմաններում: Սակայն եթե այդ վիճակին բնակիչները հարմարվել են եւ ամեն անգամ մի կերպ խցկվում են միկրոավտոբուս, որ գնան աշխատանքի եւ վերադառնան, ապա ամեն օր լույսի ու ջրի խնդիրը մարդկանց նյարդերն է քայքայում: Այն մարաշցիները, որոնք հոսանքի այլ աղբյուր չունեն, տարին կլոր մոմերը պատրաստ պահում են, քանի որ թեթեւ քամուց, անձրեւից անգամ հոսանքագծերը վնասվում են, ու բնակիչները ժամերով լույս չեն ունենում: Տարիներ ի վեր էլեկտրաէներգիայի մատակարար «Հայէլցանցեր» ընկերությունը բնակիչների բողոքներին ի պատասխան հայտնում է, որ մալուխները վնասված են եւ հերթով փոխվում են, սակայն, մարաշցիների խոսքերով, այս 7-8 տարի է՝ նույն պատմությունն է:
Ամռան գալուն պես այստեղի բնակիչները ջրից էլ են զրկվում. ոռոգման ջուր չլինելու պատճառով շատ բնակիչներ ամռանն իրենց տնամերձ այգիները խմելու ջրով են ոռոգում՝ զրկելով մնացած բնակիչներին ջրից: Եթե վերեւի փողոցների բնակիչներին երբեմն բախտը ժպտում է եւ մի կես ժամ ջուր է հասնում, ջրի ճնշումն այնքան ցածր է լինում, որ, բնակիչների խոսքերով, եկած-չեկած մի հաշիվ է. «Ճլճլալով մի քիչ գալիս է ու նույնիսկ չենք հասցնում հավաքել: Ջրատաքացուցիչ միացնելու մասին էլ խոսք չկա, ամռանը դրանց թեման փակված է, ճնշում չի լինում, որ սարքերը միանան, նույնիսկ ամենացածր ջրի ճնշումով աշխատող լվացքի մեքենան չի միանում, բայց ամեն ամիս ջրի փողը պարտաճանաչ հավաքում են»:
Այս թաղամասի ունեւոր բնակիչները հարցը սեփական ուժերով լուծել են. պոմպեր են տեղադրել ու այդ ճանապարհով նորմալ ջուր են ստանում: Մարաշցիների ներկայացմամբ, համեստ եկամուտներ ունեցող ընտանիքների համար պոմպը թանկ արժե եւ 20-25 հազար դրամ տրամադրել պոմպին՝ ոչ բոլորն են ի վիճակի, չհաշված, որ բնակիչների համար էլեկտրաէներգիայի ավելորդ ծախս է:
«Երեւան ջուր» ընկերությունը դեմ չէ, որպեսզի այգիները խմելու ջրով ոռոգվեն, ընդհակառակը՝ որքան շատ ջուր սպառվի, այնքան ընկերությունը կշահի: Հատկապես, որ սպառողը ջուրը սպառում է օրինականորեն եւ վճարում է ջրաչափի ցուցմունքով: Նշենք, որ ընկերությունը հատկապես ամռանը, հատկապես սեփական տներում պարբերաբար ստուգայցեր է կազմակերպում, ստուգելու՝ որեւէ մեկը ջուր չի՞ գողանում, սակայն այգիները խմելու ջրով ջրելու դեմ ոչ մի աշխատակից չի ընդդիմանում: