ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Միլենա» զարգացման հիմնադրամի տնօրենի կողմից հարկերի վճարումից խուսափելու եւ մաքսանենգության դեպքի առթիվ։
Մասնավորապես պարզվել է, որ «Միլենա» զարգացման հիմնադրամի տնօրենը 2006թ. մարտի 10-ին եւ հուլիսի 4-ին մաքսային մարմին ներկայացրած C-4490 եւ C-15080 բեռնամաքսային հայտարարագրերում հումանիտար բեռ չհամարվող ապրանքները հայտարարագրելով որպես հումանիտար բեռ՝ մաքսանենգ ճանապարհով հանրապետություն է ներմուծել 9.910,4 հազար դրամի ապրանքներ։
Այդ ապրանքների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ եւ հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր հարկային տեսչությանը չի ներկայացրել՝ այդկերպ խուսափելով 3.964,2 հազար դրամի հարկերը պետական բյուջե վճարելուց։
Քրեական գործն ուղարկվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար։