Երեւանի Կոնյակի գործարանը 2010 թվականին նախատեսում է մթերել 29 հազար տոննա խաղող՝ նախորդ տարվա 31 հազարի փոխարեն: Ավելին, ըստ ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի՝ այդ 29 հազարն էլ է շատ, իրենք ընդամենը 14-15 հազար տոննայի պահանջ ունեին, քանի որ կոնյակի վաճառքը նվազելու արդյունքում գործարանում դեռ մնացել է հսկայական քանակությամբ չիրացված կոնյակի սպիրտ, եւ հիմա ուղղակի տեղ չկա ավելի շատ խաղող մթերելու համար, ստիպված են եղել նույնիսկ այլ երկրներից պահամաններ գնել: Դրանով հանդերձ՝ ԵԿԳ-ն իր հին գործընկերներին՝ այն խաղողագործներին, ումից տարիներ շարունակ մթերում են խաղողը, վնաս չպատճառելու նպատակով կմթերի պետք եղածից կրկնակի շատ: ԵԿԳ-ի որոշումը, որով այս տարի խաղողագործներից յուրաքանչյուրից 20-22%-ով պակաս խաղող է գնվելու, որոշակի դժգոհությունների տեղիք էր տվել գյուղացիների շրջանում: Երեւանի կոնյակի գործարանի տնօրենը երեկ կայացած ասուլիսում վստահեցրեց, որ իրենք հիմնավոր պատճառներ ունեին նման որոշում կայացնելու. «Մենք պայմանագրեր ենք կնքել նաեւ նոր խաղողագործների հետ, որոնց այգիներն այս տարի առաջին անգամ բերք են տվել։ Նրանք էլ են ուզում հանձնել իրենց խաղողի առաջին բերքը: Բացի այդ, մենք չենք կարող արտադրել Հայաստանի կոնյակի 20-25%-ը, բայց մթերել խաղողի 90%-ը։ Մենք կոմերցիոն ընկերություն ենք, մեր նպատակը բիզնեսն է»։ Սակայն լավ է գոնե, որ մթերման ծավալները պակասելու պայմաններում՝ այս տարի խաղողի մթերման գինը նախորդ տարվա համեմատ չի նվազի. նախորդ տարի Արարատյան դաշտավայրի 1 կգ խաղողը ԵԿԳ-ն գնել է 130, իսկ Տավուշի մարզինը՝ 120 դրամով։