Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի առողջապահական ծրագիրը

Հունիս 16,2010 00:00

«Ամբողջ աշխարհում այդպես է՝ կան հիվանդություններ, որոնք ֆինանսավորում է պետությունը եւ վերջ, համաֆինանսավորում չկա։ Կան հիվանդություններ, որտեղ պետությունը մասնակցում է, եւ սահմանվում է տոկոս՝ հիվանդության արժեքի նկատմամբ»,- ըստ tert.am-ի, երեկ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով բուժհաստատություններում համավճարի կիրառման մասին որոշմանը։ Իսկ ՀԱԿ առողջապահության հանձնախմբի ղեկավար Արարատ Մկրտչյանը նշել է, որ համավճարը նախատեսում է լրացուցիչ գումարներ, որոնք այս պահին առողջապահության համակարգ ուղղելն անարդյունավետ է. «Դա նման է ջրին, որը լցվում է ավազի մեջ եւ կորում։ Մենք համավճարի արդյունքը կտեսնենք, երբ ունենանք արդյունավետ գործող համակարգ, սա է պրոբլեմը։ Այսինքն՝ համավճարների մասին որոշումը ժամանակավրեպ է, անընդունելի եւ չդասակարգված»։

Երեկ Հրանտ Բագրատյանը, Արարատ Մկրտչյանն ու Լեւոն Զուրաբյանը ներկայացրել են ՀԱԿ-ի «Առողջության պահպանման քաղաքականությունը» ծրագիրը՝ ուղղված առողջապահության ոլորտի կարգավորմանը։ Ինչպես նրանք նշեցին՝ առողջապահության բնագավառին ուղղված իրենց ծրագիրը շարունակությունն է տնտեսական «100 քայլ» ծրագրի, որը, ըստ Լեւոն Զուրաբյանի, թեեւ մեծ հետաքրքրություն առաջացրեց, սակայն իշխանությունների ջանքերով չքննարկվեց։ Այս՝ առողջապահական ուղղվածության ծրագիրը հիմնական կետ ունի. «Եթե այս ամենը կատարվի, մենք կունենանք համակարգ, որտեղ առողջները կվճարեն հիվանդների համար։ Երկրորդ՝ հարուստները կվճարեն աղքատների համար, երրորդ՝ մենք պետք է ունենանք կանխարգելիչ առողջապահություն, չորրորդ՝ ֆինանսավորվելու է հիվանդը եւ ոչ թե բուժհիմնարկը»,- հակիրճ նշեց Լեւոն Զուրաբյանը։

Իսկ Հ. Բագրատյանը մանրամասնեց, որ պետական բյուջեից առողջապահության բնագավառին՝ բուժհիմնարկներին տրվող հատկացումները պետք է վաուչերների տեսքով տրվեն ժողովրդին, որոնք էլ կորոշեն՝ իրենց հիվանդության բուժման համար որ հիմնարկին դիմեն, եւ արդյունքում կունենանք մի վիճակ, երբ «հիվանդանոցները կսկսեն հիվանդ փնտրել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել