Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնական առաջարկներն անտեսվել են

Հունիս 16,2010 00:00

Դարձյալ արձանագրել է ԵԱՀԿ փորձագետը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ:

ԵԱՀԿ կայքէջում երեկ ուշ երեկոյան հրապարակվեց Հայաստանում թվային համակարգին անցման օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի կողմից արված դիտողությունների լրացումը: ԵԱՀԿ փորձագետ Անդրեյ Ռիխտերն այս անգամ վերլուծել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության այն նախագիծը, որն ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ ընդունեց հունիսի 10-ին: 7 էջանոց վերլուծությունը գերազանցապես էլի քննադատական է: Ու թեեւ նշվել են արված դրական փոփոխությունները, սակայն արձանագրված են օրենքի բազմաթիվ դրույթներ, որոնք «չափազանց հեռու են ԵԱՀԿ-ի ժողովրդավարական չափորոշիչներից»:

Մեջբերենք մի քանիսը ԵԱՀԿ փորձագետի դիտողություններից. «Մենք տեղյակ չենք ժամանակակից ժողովրդավարական աշխարհում որեւէ այլ երկրի մասին, որտեղ զրպարտությունը կարող է հանգեցնել վարչական մարմնի որոշմամբ հեռարձակողի գործունեության դադարեցմանը: Նույնը վերաբերում է այլ անձանց այնպիսի իրավունքների խախտմանը, ինչպիսիք են ոտնձգությունները նրանց անձնական կյանքի գաղտնիության նկատմամբ կամ հեղինակային իրավունքի խախտումները. սրանք թույլ հիմքեր են հեռարձակման լիցենզիայի գործողության ժամկետի դադարեցման համար: Դրույթը, որը նույն կերպ պատժում է «քրեորեն պատժելի արարքների կամ օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը»՝ չափազանց լայն է եւ հեռարձակողների համար մահապատիժ նախատեսող հանցագործության հավասար է դարձնում այնպիսի իրավախախտումների կոչերը, ինչպիսին որ մեքենան անթույլատրելի տեղում կանգնեցնելն է»: Տեղ-տեղ անգամ ծաղր կա. օրինակ՝ նշված է, թե «պոռնկագրական նյութեր» ապօրինի գովազդելու ձեւակերպումից ենթադրվում է, թե կա նաեւ «օրինական պոռնկագրություն»:

Անդրադառնալով օրենքի նոր ձեւակերպմանը՝ «Ազգային հանձնաժողովի որոշումը պետք է լինի պատշաճ հիմնավորված ու պատճառաբանված», ԵԱՀԿ փորձագետը նշում է. «Կարծում ենք, որ սա նշանակում է, որ Ազգային հանձնաժողովը պետք է պատշաճորեն հիմնավորի եւ պատճառաբանի լիցենզիայի տրամադրման եւ լիցենզիայի մերժման մասին իր որոշումները: Եթե դա այդպես է, սա շատ ողջունելի փոփոխություն է եւ համապատասխանում է լիցենզավորմանը վերաբերող ընդդեմ Հայաստանի հայտնի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշմանը»: Սակայն դա այդպես չէ՝ մերժման մասին որոշումները չեն հիմնավորվելու:

ԵԱՀԿ փորձագետը նշում է, թե իրենց մի շարք հիմնական առաջարկներ հաշվի չեն առնվել, ընդհանրապես անտեսվել են ու կապվել «ապագա օրենքի» կամ «ապագա փոփոխությունների հետ»: Դրանցից են. «Հստակ տարբերակում մտցնել արբանյակային, բջջային, ինտերնետային հեռարձակման եւ ոչ գծային տեսաձայնային ծառայությունների կարգավորման մասով: Դնել թվային հեռարձակման ոչ պետական օպերատորների ստեղծման իրավական հիմքերը: Նախատեսել կոնկրետ դրույթներ հանրապետական ու մայրաքաղաքային մուլտիպլեքսերի ռադիոծրագրերի թվի եւ թեմատիկ ուղղությունների վերաբերյալ: Փոխել Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ու ՀՌԱՀ-ի՝ պետբյուջեից ֆինանսավորման համակարգը՝ ապահովելու պետությունից նրանց անկախության ավտոմատ երաշխիքը: Բարեփոխել Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անդամների ընտրության ու նշանակման կարգը՝ ապահովելու բազմակարծիք հանրային հեռարձակում»:

Անդրեյ Ռիխտերը հասկանալի է համարել, որ բարեփոխումները չեն կարող արվել մի քանի օրերի ընթացքում, եւ կառավարությունը շտապում էր ընդունել օրինագիծը՝ նախքան մրցույթների կասեցման ժամկետի ավարտը: Բայց ընդգծել է, թե իր առաջարկները համակարգային են, եւ դրանցից որոշներն առանձնացնելն իմաստ չունի. «Օրինակ՝ իմաստ չունի հանրային հեռարձակողին դնել Խորհրդի բացառիկ իրավազորության ներքո (մեր առաջարկությանը համապատասխան), եթե Խորհուրդն ինքը չբարեփոխվի ժողովրդավարական եղանակով: Հետեւաբար, մենք հորդորում ենք իշխանություններին քննության առնել այս բոլոր հարցերը միասին»: Եվ արվել է առաջարկ. «Ընդունել քաղաքականության փաստաթուղթ, որը կնախատեսի հստակ ու մոտ ապագայում հեռարձակման մասին օրենքում փոփոխություններ կատարելու ժամանակացույց: Հրավիրել աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված կլինեն լրագրողական հասարակական կազմակերպություններ, խորհրդարանականներ եւ այլ շահագրգիռ կողմեր ու աշխատել օրինագծի հիմնավոր լրամշակման վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել