Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՑՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիս 16,2010 00:00

\"\"Ինչո՞ւ դրանք տեղ գտան «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության մեջ

Հունիսի 9-ից, երբ ԱԺ երկրորդ ընթերցման ներկայացվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության նախագիծը՝ մինչեւ հունիսի 10-ը, երբ արտահերթ նիստում ընդունվեց այս օրինագիծը՝ 49 հոդվածում դարձյալ իրականացվեց բավական էական փոփոխություն: Եթե հունիսի 9-ի տարբերակում արտոնագրատիրոջն ընտրելու առնչությամբ նշված էր. «Ազգային հանձնաժողովն ապահովում է իր որոշման պատշաճ հիմնավորման եւ պատճառաբանվածության հրապարակայնությունը», վերջնական տարբերակում արդեն այս դրույթը շարադրված է այսպես. «Ազգային հանձնաժողովի որոշումը պետք է լինի պատշաճ հիմնավորված եւ պատճառաբանված: Ազգային հանձնաժողովը ապահովում է իր որոշման հրապարակայնությունը»: Այս կապակցությամբ չենք կարող եւս մեկ անգամ չհիշեցնել, որ օրենքի հեղինակներն առաջին ընթերցումից հետո մերժում էին ամրագրել, թե ՀՌԱՀ որոշումները պետք է պատճառաբանվեն՝ պնդելով, թե պարզապես անհնար է հստակ հիմնավորել հաղթողի ընտրությունը, սա պարադոքսալ պահանջ է: Մեր հարցին, թե ի՞նչ եղան այս բոլոր պատճառաբանությունները, եւ օրենքում ի վերջո դարձյալ ամրագրվեց «պարադոքսալ» պահանջը՝ ՀՀ-ում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ավետիս Բերբերյանն ասաց. «Քանի որ 49 հոդվածը կոչվում է «Լիցենզավորված անձի ընտրությունը»՝ պատճառաբանվելու է հաղթողի հետ կապված որոշումը: Իսկ մեր ընդդիմախոսների պահանջն էր, որ ներկայացվեն նաեւ արտոնագիր տալը մերժելու հիմքերը»: Ըստ այդմ՝ մերժման պատճառաբանություններ ու հիմնավորումներ այդպես էլ չեն ներկայացվելու՝ զրկելով մրցույթում չհաղթած հեռուստաընկերություններին այդ հիմքերը դատարանում վիճարկելու հնարավորությունից: Եվ սա էլի հիմք է տալիս պնդելու, որ հաշվի չի առնվել «Ա1+»-ի գործով ՄԻԵԴ վճիռը, որում նշված է. «Դատարանը կրկնում է, որ արտոնագրման ընթացքում արտոնագրման չափանիշների կիրառման ձեւը պետք է ընձեռի բավարար երաշխիքներ կողմնակալությունը բացառելու համար՝ ներառյալ արտոնագրող մարմնի կողմից հեռարձակման արտոնագիրը մերժելու որոշման պատշաճ պատճառաբանվածությունը»:

Հարցին, թե գոնե հաղթողի ընտրության հիմնավորումները ՀՌԱՀ-ը գրավո՞ր է ներկայացնելու՝ Ավետիս Բերբերյանը պատասխանեց. «Այո՛, եւ ՀՌԱՀ բոլոր անդամների կողմից գրված: Ոչ թե ամեն մեկն առանձին-առանձին, այլ յուրաքանչյուր կետի՝ 6 չափորոշիչների կապակցությամբ, որոնք ՀՌԱՀ-ը պարտավոր է հաշվի առնել արտոնագրատիրոջ ընտրության ժամանակ՝ պիտի ներկայացվեն գրավոր հիմնավորումներ»:

Սակայն փորձը ցույց է տալիս, թե չարժե վստահել այս օրենքի հեղինակների բանավոր արված հավաստիացումներին: Հունիսի 3-ին էկոնոմիկայի նախարարությունում օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ նախարար Ներսես Երիցյանը մի քանի անգամ հայտարարեց, թե լրագրողական կազմակերպությունների հետ ձեռք է բերվել փոխհամաձայնություն, որ օրենսդրական այս փոփոխություններով միայն կենտրոնանում են թվայնացումը սկսելու հիմք ստեղծելու վրա, իսկ դրանից հետո կարճ ժամկետում կմշակեն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ավելի ընդգրկուն փոփոխություններ: Սակայն հունիսի 10-ին ընդունված տարբերակում բազմաթիվ են փոփոխությունները, որոնք որեւէ կապ չունեն թվայնացման գործընթացի հետ:

Ասենք, գործող օրենքից դուրս է բերվել հետեւյալ պահանջը, որ Հանրային հեռուստառադիոընկերությունում «հեռարձակվող հաղորդումը չի կարող ընդհատվել առեւտրային գովազդով»: Եվ բացի այդ՝ գործող օրենքի հետեւյալ դրույթը, թե Հանրային հեռուստառադիոընկերությունում «առեւտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների 5%-ը», վերափոխվել է, եւ այժմ արդեն գովազդը չպետք է գերազանցի 7%-ը: Օրենքի հեղինակներից մեկը՝ Ավետիս Բերբերյանը, սեփականատերն է «Կայմ» հեռուստաընկերության, որը տնօրինում է Հանրայինի գովազդը: Արդյոք նման փոփոխությունների պատճառը հենց դա չէ՞, որ առիթից օգտվելով՝ փորձեցիք դյուրացնել սեփական բիզնես խնդիրների լուծումը՝ հարցին ի պատասխան, պրն Բերբերյանն ասաց. «Համաձայն եմ, որ առաջին հայացքից՝ այդպես է երեւում, թե մենք մեզ համար դյուրացրել ենք կամ ավելի լայն դաշտ բացել՝ գովազդ տեղադրելու: Բայց արդեն մի 2 տարի է՝ Հայաստանում գովազդն էլ րոպեներով կամ տարածությամբ չի վաճառվում, այլ՝ թե որքան դիտողականություն է ապահովվում որոշակի ծրագրի շրջանակներում»: Օրինակ բերեց՝ որեւէ հեռուստաալիքով 20 րոպե ցուցադրվող գովազդը կարող է հավասարազոր լինել Հայաստան-Թուրքիա խաղի ընթացքում 20 վայրկյանանոց գովազդին, որտեղ ավելի մեծ է լսարանն ու ընդգրկումը: «Հետեւաբար՝ տոկոսի մասին խոսելն արդեն անիմաստ է դառնում»,- նշեց Ավետիս Բերբերյանը: Նրա մյուս հիմնավորումը հետեւյալն էր. «Գլոբալ փոփոխությունների շրջանակում եւ տեսլականով է արվել սա»: Հիշեցրեց, որ գովազդն ընդհանրապես կարգավորվում է «Գովազդի մասին» օրենքով, բայց Հանրայինում գովազդը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով. «Որպեսզի մենք նորից հետ չգնայինք ու կրկին փոփոխություն անեինք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում՝ միանգամից առաջին քայլը եղավ դա՝ տոկոսն ավելացնենք, որ հովանավորչական գովազդը ներգրավենք ընդհանուր գովազդի ծավալի մեջ: Իսկ դա կկարգավորվի արդեն «Գովազդի մասին» օրենքով, որի փոփոխությունները կլինեն աշնանը: Մասնավոր հեռուստաընկերությունների համար էլ գովազդի ներկա սահմանափակումը՝ 1 ժամում 10 րոպեն, կդառնա 12, բայց էլի՝ հովանավորչական գովազդը կներառվի այդ 12-ի մեջ»:

Եվս մի փոփոխություն, որը կապ չունի թվայնացման հետ. գործող օրենքից հանվեց հետեւյալ դրույթը. «Օտար լեզուներով հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական եւ մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաեւ հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները) հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ ձայնային կամ լուսագրային եղանակով»: Ենթադրելով, որ Ավետիս Բերբերյանը ճանապարհորդելու բազմաթիվ առիթներ է ունեցել՝ հետաքրքրվեցինք, թե տեսե՞լ է աշխարհում որեւէ երկիր, որի ազգային հեռուստաալիքներով կարող են օտարալեզու հաղորդումներ հեռարձակվել՝ առանց համաժամանակյա թարգմանության: «Եթե նույնիսկ տեսել եմ՝ դրանք բացառություններ են եղել: Հիմնականում համընթաց թարգմանվել է»,- պատասխանեց նա: Արված փոփոխությունը պատճառաբանեց ԵԱՀԿ փորձագետի ընդունված առաջարկով: Մինչդեռ վերջինիս այդ դիտողությունը վերաբերել էր մեկ այլ պահանջի, որ Հանրայինով ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը եւ հաղորդումները, որոնց ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ շաբաթական մինչեւ 2 ժամը, «պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով»: ԵԱՀԿ փորձագետն առաջարկել էր այդ սահմանափակումը հանել, սակայն օրենքի հենց այդ պահանջը պահպանվել է հունիսի 10-ին ընդունված տարբերակում:

Առավել համոզիչ կարող է թվալ Ավետիս Բերբերյանի նշած մյուս դրդապատճառը. «Այսօր մեր հեռուստաշուկայի պատկերն այնպիսին է, որ 4-5 հեռուստաընկերություն հնարավորություն ունեն շուկայական պայմաններում գոյատեւելու՝ մյուսները հիմնադիրների կողմից դոտացիայի վրա են եւ իրենց գովազդային հոսքերով չեն ապահովում իրենց գործունակությունը: Եվ սա ավելի կծանրացներ իրենց վիճակը, քանի որ յուրաքանչյուր ֆիլմ թարգմանելը 50-80 հազար դրամ գումար է»: Հեռուստաալիքներին ահա այսպիսի ծախսի տակ չգցելու համար էլ արվել է այս փոփոխությունը, որը խիստ համահունչ է հայոց լեզվի դեմ կառավարության այլ օրենսդրական նախաձեռնությանը: Սակայն պրն Բերբերյանը չհամաձայնեց վերջին դիտարկմանը. «Առհասարա՛կ դրա հետ կապված չէ: Ուղղակի այդպես ստացվեց, որ համընկավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել