Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ են, որ դատաքննությունը լուսաբանվի

Հունիս 16,2010 00:00

10-ի գործով ամբաստանյալների հարազատները հարձակվում են մամուլի վրա

Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող Մնացական Մարտիրոսյան) հունիսի 14-ին շարունակվեց վկաների հարցաքննությունը։ Այս նիստում եւս, ինչպես եւ նախորդում, հարցաքննված վկաները առնչվում էին «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառի տարածքում Վաղարշակ Վարդեւանյանի վարձակալած թիվ 5 վաճառասրահից ոսկեղենի հափշտակության դրվագին։

Վկա, ոսկերիչ Կարեն Մարգարյանը, ով դրվագով հիմնական տուժողի՝ Վաղարշակ Վարդեւանյանի քրոջ որդին է, հայտնեց, որ իրեն զանգել են եւ ասել՝ «քեռուն տանում են», ապա տեսել է, թե ինչպես «մեկը ձեռքից բռնած» տանում է Վաղարշակ Վարդեւանյանին դեպի վերջինիս ավտոմեքենան։ Վկայի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքների միջեւ եղած որոշ հակասությունների պատճառով դատարանում հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները, դրանցում, մասնավորապես, նշվում էր, որ «ձեռքը ոլորած տանում էին» եւ «ձեռքին ինչ-որ պայուսակ կար»։ Վկան, այդուհանդերձ, պնդեց իր նախաքննական ցուցմունքները։ Վկա Արծրուն Մխիթարյանը երկու անգամ մոտեցել էր Վ. Վարդեւանյանի վարձակալած վաճառասրահի դռանը, սակայն «ԱԱԾ աշխատակից ներկայացած» մի անձնավորություն թույլ չի տվել ներս մտնել, ասելով՝ «ներսում ստուգում է»։ Վկան, ի պատասխան դատավարության մասնակիցների հարցերի, հայտարարեց, որ չի կարող ճանաչել այդ անձին, քանի որ տարածքում «մթոտ էր»։

Վկա Արսեն Լոփոյանը, որ գործով տուժող Հասմիկ Սարգսյանի ամուսինն է, միջադեպի մասին տեղեկացել է միջնորդավորված, լսել է, որ Վ. Վարդեւանյանին տարել են ԱԱԾ։ Ընտանիքի վնասը «ԱԱԾ-ականների» այցելությունից հետո կազմել է 300 հազար դրամ։

Վկաներ, ամուսիններ Միքայել Պողոսյանը եւ Մարինե Սերոբյանը Վարդաշենում հայտնաբերել են Վաղարշակ Վարդեւանյանի լքված մեքենան, որին 3 օր ոչ ոք չէր մոտենում եւ հայտնել այդ մասին իրավապահ մարմիններին։ Ըստ գործի նյութերի, որպես ԱԱԾ աշխատակիցներ ներկայացած անձինք Վաղարշակ Վարդեւանյանին նրա իսկ մեքենայով տարել են Մուշավան թաղամաս, որտեղ հարվածել են տուժողին, պատճառել թեթեւ մարմնական վնասվածք եւ թողնելով նրան ամայի վայրում, հեռացել են նույն մեքենայով։

Կարծում ենք, որ իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում պետք է հայտնվի զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ ամբաստանյալների եւ նրանց հարազատների հայտարարած «սրբազան պատերազմի» հարցը։ Դատավարության հենց սկզբից ամբաստանյալների ճնշման դաշտում հայտնվեց «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» օրաթերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը, ով պարզապես իր գործն էր կատարում, լուսանկարում էր, իսկ ամբաստանյալներից մեկին եւ դահլիճում նստած նրա մերձավորներին դա դուր չէր գալիս, հրահրվեց միջադեպ, որից հետո ֆոտոթղթակիցն այս գործով այլեւս չի հետաքրքրվել։ Հիմա էլ դատարանի դահլիճում մնացած սակավաթիվ լրագրողներից թիրախի տակ հայտնվեց տողերիս հեղինակը. այս անգամ ճնշումը գլխավոր ամբաստանյալի՝ Արա Կարապետյանի մերձավորների կողմից էր։ Տպավորություն է ստեղծվում, որ հարցն այն չէ, թե ինչ է գրվում, այլ որ գրվում է՝ ընդհանրապես: Խումբն իրեն լրագրողների ներկայությունից հանգստավետ չի զգում եւ րոպե առաջ շտապում է ազատվել նրանցից։ Իսկ ոչ իրազեկվածներին տեղեկացնենք, որ յուրաքանչյուրն ունի տեղեկատվություն ստանալու եւ տարածելու, ինչպես նաեւ կարծիք հայտնելու իրավունք։

Դատական նիստն ավարտվելուց հետո հանցախմբի անդամների հարազատները սպառնացել են «Առավոտի» լրագրողին՝ զերծ մնալ հրապարակումներից, քանի դեռ «վատ չի եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել