Բժշկասոցիալական գրասենյակն էլ արդեն 2 տարի է՝ նրան զրկել է օրենքով հասանելիք հաշմանդամության թոշակից
Արցախյան ազատամարտի մասնակից 50-ամյա Աշոտ Դանիելյանը կնոջ եւ որդու հետ ապրում է ընդամենը 36 քմ ընդհանուր մակերես ունեցող բնակարանում: Նրա բնակարանը Կոտայքի մարզի Զովունի գյուղի 9-րդ փողոցի թիվ 125 շենքում է, վերջին՝ 6-րդ հարկում: Այդ շենքը նախկինում հանրակացարան է եղել, այդ է պատճառը, որ այնտեղ բնակարաններն այդքան փոքր են: Ազատամարտիկն ապրում է վթարային եւ արդեն դարն ապրած շենքում, ուժեղ քամիների ժամանակ, ինչպես բնակիչներն են վկայում, շենքը շարժվում է: Ժամանակի ընթացքում շենքի գրեթե բոլոր պատերը մեծ ճաքեր են տվել, իսկ կտուրն ամբողջությամբ մաշված է, եւ եթե անձրեւ է գալիս՝ լցվում է բնակարանները: Ավելի շատ դրանից տուժում են վերջին հարկում բնակվողները, որից մեկն էլ Ա. Դանիելյանն է: Բայց սա ազատամարտիկի եւ նրա ընտանիքի միակ խնդիրը չէ. նրան զրկել են օրինական կարգով հասանելիք հաշմանդամության թոշակից: 2002-2007 թվականների ընթացքում ազատամարտիկը ստացել է հաշմանդամության թոշակ, սակայն արդեն 2 տարի անաշխատունակ Աշոտ Դանիելյանը ստանում է միայն բազային թոշակ՝ 8000 դրամ, այնինչ՝ պետք է ստանար մոտավորապես 60 հազար դրամ: Նշենք, որ Ա. Դանիելյանը հաշմանդամությունը ձեռք է բերել արցախյան պատերազմի ժամանակ. արկի պայթյունի հետեւանքով ստացել է կոնտուզիա եւ բեկորային վիրավորվածություններ: Ամենից շատ վնասվել է ոտքը, ինչի պատճառով էլ դժվարությամբ է տեղաշարժվում: Վիրավորվածություններից տարիներ հետո նրա մոտ հայտնաբերվել է նաեւ լյարդի ցիռոզ, ուստի բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվել է 2-րդ կարգի հաշմանդամ: Սակայն նախանցած տարվանից նույն հանձնաժողովը որոշել է, որ ազատամարտիկի վիճակը բարելավվել է ու նրան զրկել է հաշմանդամության կարգից:
«Ինչպե՞ս է նրա վիճակը բարելավվել, լյա՞րդն է բուժվել, թե՝ ոտքի վնասվածքն է անցել: Աշոտը կիսանկողնային հիվանդ է, սակայն նրանք որոշեցին, որ նա աշխատունակ է: Չեմ հասկանում, թե ինչու նման որոշման եկան: Ախր, ես էլ չեմ աշխատում, ամբողջ օրը նստած եմ նրա կողքին, քանի որ բժիշկներն ասում են, որ նրա վիճակը կարող է հանկարծակի վատանալ: Միայն մեր որդին է աշխատում, այն էլ 45 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Դրանով մի կերպ ենք ծայրը ծայրին հասցնում, իսկ երբ ամուսինս թոշակ էր ստանում, գոնե նրա դեղերն ու բուժումն էինք կարողանում կազմակերպել, հիմա ինչո՞վ դա անենք, չենք կարող, իսկ նա տարին 2 անգամ պետք է անպայման հիվանդանոցային պայմաններում բուժում ստանա, որ վիճակն ավելի չվատանա: Ընտանիքս բազմաթիվ խնդիրներ ունի: Հիմա էլ ընկնում ենք այստեղ- այնտեղ, որ կարողանանք անվճար բուժում ապահովել նրա համար»,- դժգոհում է ազատամարտիկի կինը՝ Ջուլիկ Եղիազարյանը: Նա արդեն 2 տարի պայքարում է, որ ամուսնու թոշակը վերականգնի: Դիմել է նաեւ պաշտպանության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններ, սակայն պատասխան է ստացել միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչությունից, այն էլ ոչ հուսադրող՝ նրանք հաստատել են բժշկասոցիալական գրասենյակի տված արդարացումները:
Այս 2 տարիների ընթացքում Ջուլիկ Եղիազարյանը ամուսնուն մի քանի բժշկական կենտրոններ, այնուամենայնիվ, տարել է. «Օգնել են, սակայն բժիշկները գիտեին, թե ես վերջում գումար եմ տալու: Ես մի կերպ ամուսնուս դեղերն էի կարողանում հասցնել, իսկ բժիշկների գումար ես չունեմ: Հիմա էլ է նրա վիճակը կրիտիկական: Արդեն կաթիլային բուժում ստանալու ժամանակն է, սակայն ես անգամ դեղի գումար չունեմ, ո՞նց տանեմ: Ամուսինս ոչինչ չի խնայել մեր հայրենիքի համար, սակայն հայրենիքը նրան ոչինչ չի տալիս»: