Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ ԵՆ ՓՈՂԵՐԸ

Հունիս 16,2010 00:00

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մանկատների շրջանավարտներին բնակարաններով ապահովելու եւ գրանցման խնդիրների մասին նամակ է ուղղել ՀՀ վարչապետին, նախագահի վերահսկողության ծառայությանն ու Վերահսկիչ պալատին։ «Tert.am»-ի հաղորդմամբ, նամակում նշվում է, որ Հայաստանի 2009թ. պետական բյուջեով նախատեսված է եղել 37 մլն 730 հազար դրամ տրամադրել մանկատների շրջանավարտներին՝ կրթական, առողջապահական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցելու համար: 2006-ից «Հայ օգնության միություն» հասարակական կազմակերպությունն է զբաղվում նրանց բնակելի տարածքով ապահովման եւ գնված բնակարանների նոտարական, կադաստրային ձեւակերպումներով, որոնց համար պետբյուջեով նախատեսված է եղել 2 մլն 273 հազար դրամ: Սակայն, պարզվում է, 54 շահառուների տրամադրվել է ընդամենը 1 մլն 651 հազար դրամ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, ի պատասխան տիկին Բախշյանի հարցման, պատասխանել են, որ այդ ծրագրով նախատեսված միջոցները 2008 եւ 2009թթ. չեն ծախսվել՝ բնակարանների տրամադրման կարգ չունենալու պատճառով, ու այժմ նախարարությունը մշակում է նոր կարգ: Այսինքն՝ առնվազն 2 տարի բնակարաններ չեն տրամադրվել մանկատների շրջանավարտներին, հետեւաբար, գնված բնակարանների նոտարական եւ կադաստրային ձեւակերպումներ էլ չեն եղել: Ուստի տիկին Բախշյանը նամակով խնդրել է տեղեկացնել, թե ի՞նչ նպատակով է ծախսվել 1 մլն 659 հազար դրամը, եթե, փաստորեն, 2008-2009թթ. բնակարաններ չեն գնվել եւ չեն տրամադրվել մանկատների շրջանավարտներին, ինչո՞ւ բնակարաններ ստացած այդ 54 շահառուների ցուցակը չի տրամադրվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել